Վերջին մոտ 10 տարում առաջին անգամ կենսաթոշակները չեն բարձրանալու

2013թ. բյուջեն ամբողջովին թույլ է, և չկա մի կետ, որ կարելի լիներ առանձնացնել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

«Երկրի առջև ծառացած մարտահրավերները իսկապես շատ են, խորքային և ընդգրկուն: Բյուջեն, որ պետք է կոչված լինի այդ մարտահրավերների մի զգալի մասի հաղթահարմանը, նախագծում չի երևում: Թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական զարգացման որակյալ աճի, թե՛ բնակչության կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից այս բյուջեն չեզոք, եթե չասեմ՝ նույնիսկ բացասական ազդեցություն է թողնում: Նշանակում է, որ հանրային փողերը ծախսելու քաղաքականությունը անարդյունավետ է»,- ասաց Ա. Մինասյանը՝ նշելով, որ իր հիշողությամբ` 2003-ից մինչ հիմա մենք չենք ունեցել տարի, որ աշխատանքային կենսաթոշակները չբարձրանային. չնչին, բայց բարձրացումներ եղել են: Եվ եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարի գնաճ լինելու է, նշանակում է, որ նույնիսկ կենսաթոշակառուներին մեր կառավարությունը չի խնայում:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ արտաքին պարտքի մեղքն այստեղ այնքան էլ մեծ չէ, քանի որ կենսաթոշակների բարձրացման համար դա պահանջվող գումարի մի փոքր մասն է. «Արտաքին պարտքի ծավալը չէր մտահոգի, եթե այն արդյունավետ օգտագործվեր, և ստեղծվեին նոր աշխատատեղեր: Ստացվում է, որ արտաքին պարտքը մեզ համար բեռ է դարձել»:

Պատգամավորի խոսքով՝ կենսաթոշակների բարձրացման համար գումար կարելի էր հայթայթել առաջին հերթին եկամուտների բարձրացման շնորհիվ՝ հանքարդյունաբերությունից, խաղային բիզնեսից, որի մի մասը չնայած օրենքով հարկվում է, բայց բյուջե մուտք չկա: Մասնավորապես, կազինոներում շահումները չեն հարկվում, նաև վիճակախաղերը անհասկանալիորեն չեն հարկվում եկամտահարկով:

«Ստացվում է, որ պետությունը ամենաբարձր մակարդակով խրախուսում է անաշխատ եկամուտը. աշխատավարձը հարկվում է, իսկ շահույթը՝ ոչ: Աբսուրդ է, սա արմատական վերանայման պետք է ենթարկվի: Հաջորդը պետական գույքի արդյունավետ կառավարումն է. խոսքը մասնավորեցման մասին չէ, այլ պրոֆեսիոնալ կառավարման: Մենք վախվորած եկամտի քաղաքականություն ենք վարում, որի արդյունքում չենք կարող այդ մոտեցումով հաղթահարել հիմնական մարտահրավերները»,- ասաց Ա. Մինասյանը:

«Առաջին լրատվական»

Տպել Տպել