Եթե պատմությունն արձանագրի ….


Վիճակագրությունը սեթևեթել չգիտի, այն կարող է անողոք լինել, հաճելի կամ տհաճ, օգտակար կամ՝ ոչ։ Բայց, այդուհանդերձ, նրա հետ հաշվի չնստել չի կարելի, եթե իհարկե բավարար խոհեմ ես, ունակ թվային պատկերի բեռը հետևություններ դարձնել, ծրագրեր ու խնդիրներ ձևակերպել։ Ավաղ, վերջին տարիներին մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վիճակագրությունն առանձնապես ուրախանալու առիթներ չի տալիս, այս անգամ ևս։ Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2011թ. մարդահամարի նախնական տվյալները. 2001 թ. մարդահամարի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում առկա բնակչության թվաքանակը նվազել է 130 823-ով, իսկ մշտական բնակչությանը ՝ 194 197-ով:

Այն, որ Հայաստանի մշտական բնակչությունը նվազման կայուն միտում ունի, առանձնապես անակնկալ չէր։ Դեռ երեք տարի առաջ, ԱՊՀ երկրների միգրացիոն միտումների ուսումնասիրության արդյունքները պարզել էին, որ խորհրդային հանրապետությունների շարքում երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն՝ բնակչության մոտ կեսը` 44-%-ը։ Իսկ սա սոսկ արտագաղթ չէ, այլ նաև ազգային ներուժի, որակյալ աշխատուժի արտահանում, որովհետև արտագաղթողների ճնշող մեծամասնությունը 18-55 տարական ակտիվ աշխատուժ հանդիսացող տղամարդիկ են՝ մասնագիտական կամ բարձրագույն կրթությյամբ, վերարտադրվելու պոտենցիալով։

Ըստ մեկ այլ ուսումնասիրության՝ ՄԱկ-ի մարդկայն զարգացման տարեկան զեկույցի, 1990թ. համեմատությամբ Հայաստանում բնակչության վերարտադրողականությունը 82.4%-ից հասել է 54%-ի, երևույթ, որն ինքնին ազդում է ազգաբնակչության թվաքանակի ցուցանիշի վրա։

Ահագնացող արտագաղթը վերջին շրջանի Հայաստանյան իրականության թերևս ամենաանհանգստացնող իրողությունն է, ազգային անվտանգությանը ուղիղ սպառնալիք։ Արտագաղթի սոցիալական, տնտեսական ու հոգեբարոյական պատճառները հստակ են ու տեսանելի, լուծումները քաղաքական կամք, քաղաքական գիտակցում ու նվիրում պահանջող։
Ու մինչ մենք հեշտորեն զրկվում ենք մեր ամենաթանկ՝ մարդկային կապիտալից, մեր հոգևոր ու մտավոր սեփականությունից, այս պահին նույնքան և շատ ավելի ցավալի ու անդառնալի ազգային կորուստներ ենք արձանագրում Սիրիահայ համայնքում։

Տագնապի ու ցավի խառը զգացումով աշխարհի բոլոր անկյուններից ազգովի հետևում ենք սիրիական դեպքերին ու անճարակ դառնությամբ վկան դառնում, թե ինչպես է պատերազմի ամենակուլ երախը խեղում մարդկային ճակատագրեր, քայքայում տասնյակ տարիների նվիրումով ու զոհողությամբ ստեղծված մեր ամենակենսունակ համայնքներից մեկը՝ Սիրիահայ համայնքը։

Սեփական ցավի ու ողբերգության հետ Սիրիական համայնքին մենակ չթողնելու մեր հավաքական պարտքը նաև գործողություն է դարձել՝ համահայկական հանգանակություններ, նյութական ու բարոյական աջակցության ծրագրեր։ Այս ծրագրերը դուրս են աշխարհագրական ու կուսակցական սահմաններից, ներառում են նաև Հայաստանի Հանրապետության ճիգը։

Իսկ պատերազմը շարունակվում է՝ յուրաքանչուր ժամ նոր անորոշություն, նոր վերքեր ու կորուստներ թողնելով իր ճանապարհին։

Ըստ շրջանառվող պաշտոնական լուրերի հակամարտությունից հետո շուրջ 9000 սիրիահայեր են եկել Հայաստան, իսկ Հայաստանում շարունակում են մնալ 5000-ը։ Սիրիահայ մեր հայրենակիցները, բնականորեն, բախվում են սոցիալական, տնտեսական, կրթական, հոգեբարոյական ու մշակութային նոր իրողությունների, որոնց լուծումը թեև հեշտ չի, բայց փորձում են գտնել պետություն-հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ գործակցությամբ։

Իսկ Սիրիկան խորացող ճգնաժամն ու համայնքի նկատմամբ համազգային հանձնառության գիտակցումն ու պարտքը իրապես արտակարգ լուծումներ ու ներդրումներ են պահանջում։

Լուծումներ, ուր մեր ողջ ներուժը (Հայաստան և Սփյուռք) և հատկապես Հայաստանի Հանրապետության քաղաքական պատասխանատվությունն ու հանձնառությունն էական են, վճռորոշ։

Մենք սխալվելու իրավունք չունենք. Աստված չանի, որ այդ 5000 սիրիահայերի և հետո եկողների համար հայրենիքը ժամանակավոր հանգրվան դառնա՝ աշխարհի այլ ծագերում ապաստան ու խաղաղություն փնտրելու ճանապարհին ժամանակավոր կացարան։

Սիրիահայերի ճնշող մեծամասնությունը մասնագիտությունների ու արհեստների տիրապետող միջին խավն է՝ աշխատող ու պարկեշտ, արարող, սեփական արմատ ու ազգային նկարագիր պահող։ Չթողնենք, որ փոշիանա այս հարստությունը։

Քաղաքացիության, Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման և կրթական վճարների զեղչման կողքին, մտածենք նաև նրանց համար գրավիչ գործարար միջավայր, արտոնյալ պայմաններ ստեղծելու և ամենակարևորը՝ սոցիալական բնակարանաշինություն նախաձեռնելու մասին։

Կարծում եմ, որ սրանք խնդիրներ են, որ անվերապահորեն տեղ պիտի գտնեն մեր ազգային քաղաքական օրակարգում՝ միավորելով մեր ողջ ներուժը։ Իսկ այս բարոյական սնունդի ու համազգային համերաշխության կարիքը նախ մենք՝ հայաստանցիներս ունենք։

Ձախողվելու իրավունք չունենք։

Իբրև պետությու՜ն ու հայրենի՜ք, չթողնենք, որ փոշիանա մեր ամենաթանկ կարողությանը՝ հայ մարդը։ Այլապես, հետո մեզ չենք ների, եթե պատմությունը՝ վիճակագրի անողոքությամբ արձանագրի, որ մենք բավարար խոհեմ չգտնվեցինք ու չկարողացանք…:

Լիլիթ Գալստյան
«Առավոտ»

Տպել Տպել