ԱՄՆ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը դեսպան Մորնինգսթարին կոչ է արել անպայման այցելել Ջուղայի հայկական ավերված գերեզմանատուն


Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կոչ է արել այցելել Նախիջևանում Ջուղայի հայկական գերեզմանատուն, որտեղ, ըստ հրապարակված տեսանյութի, ավերվել էին հազարավոր խաչքարեր։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ երբ ինքը եղել է Նախիջևանում, Ջուղա այցելելու ցանկություն է հայտնել, սակայն ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Դեսպան Մորնինգսթարը կարող է կամ Ալիևի դուռը բախել այնքան, մինչև անհիմն արգելքը վերանա, կամ ինքնուրույն այցելել Ջուղայի գերեզմանատուն։ Ամեն դեպքում պարզ է, որ որպես ամերիկացիներ՝ մենք այլև չպետք է Ադրբեջանին զինամթերք վաճառենք՝ գերեզմաններն ավերելու համար, կամ Բաքվի կառավարությանն օգնություն ուղարկենք, այն դեպքում, երբ նա արգելափակում է դեսպանի այցը խաղաղ պայմաններում տեղի ունեցած մշակութային սրբապղծության վայր»,- ասվում է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախքան դեսպանի պաշտոնում նշանակվելը, պատասխանելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Բարբարա Բոքսերի հարցին, Մորնինգսթարը նշել էր, որ ջանքեր չի խնայելու հայկական գերեզմանատուն այցելելու համար և նման սրբապղծությունն անընդունելի է համարում։

«Ջուղային առնչվող իր վերջին հայտարարության մեջ դեսպան Մորնինգսթարը խոսել է Ադրբեջանի «բազմազան մշակութային ժառանգության» մասին, փոխանակ Ալիևի հակահայկական քաղաքականության մասին բարձրաձայնելու, ներառյալ՝ սահմանին իրականացվող հարձակումներն ու Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ով Հունգարիայում ՆԱՏՕ-ի ծրագրի ընթացքում կացնահարել էր հայ սպային»,-ասված է Հայ Դատի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Թերթ»

Տպել Տպել