Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորում է Օբամային

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահի եւ Կոնգրեսի ընտրությունների կապակցությամբ` շնորհավորելով վերընտրված նախագահ Բարաք Օբամային։

«Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային հաղթանակի առթիվ, ողջունում նահանգապետ Ռոմնիին լավ անցկացրած ընտրարշավի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում ամերիկահայ ընտրողներին, որոնք այսօր աննախադեպ ակտիվությամբ գնացին ընտրատեղամասեր` աջակցելու դաշնային, նահանգային եւ տեղական թեկնածուներին, որոնք սատարում են մեր համայնքի համար հատուկ կարեւորություն ներկայացնող հարցերը», – հայտարարել է, մասնավորապես, Խաչիկյանը` ակնկալելով համագործակցություն Օբամայի վարչակազմի եւ նոր գումարման Կոնգրեսի հետ` հայ համայնքի համար առաջնահերթություն ներկայացնող մի շարք խնդիրներում։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տարածած հայտարարությունում Քեն Խաչիկյանը նաեւ գոհունակություն է հայտնում այն կապակցությամբ, որ Կոնգրեսի ընտրություններում հաղթել են մեծ թվով հայամետ գործիչներ, այդ թվում` սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Էրիկ Քանթորը, Պալատի անդամներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը եւ այլք։

Շաբաթներ առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում պաշտոնապես չի սատարելու ո՛չ Բարաք Օբամային, ո՛չ Միթ Ռոմնիին, քանի որ գործող նախագահը դրժել է ամերիկահայությանը հուզող խնդիրների վերաբերյալ իր բազմիցս տված խոստումները, իսկ հանրապետական թեկնածուն հայ համայնքի համար կարեւորություն ունեցող հարցերում չի արտահայտում հստակ հրապարակային դիրքորոշում։

* * *

«ԱՍՊԱՐԷԶ» – Ընդհանուր առմամբ, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին աջակցութիւնը վայելող թեկնածուներուն մօտաւորապէս 90 տոկոսը յաղթանակ արձանագրեց:

Ծերակոյտի ընտրութեանց ընթացքին, Հայ Դատի հովանաւորած 15 թեկնածուներէն 12-ը յաղթական դուրս եկան, ներառեալ՝ Մենենտես, Տայան Ֆայնսթայն, Պեն Քարտին, Տեպի Սթեպընաու եւ Քրիս Մըրֆի:

Ներկայացուցիչներու տան մէջ, Հայ Դատի աջակցութիւնը վայելող 130 թեկնածուներէն միայն 12-ը պարտուեցան: Քոնկրեսի մէջ Հայկական հարցերու համախմբումի համանախագահներ Փալոնի եւ Ռոյսի, ինչպէս նաեւ Քենթըրի, Քեփսի, ու Շիֆի կողքին, յաղթանակներ արձանագրեցին հայազգի թեկնածուներ Անա Էշուն եւ Ճեքի Սփիրը, ինչպէս նաեւ՝ Տէյվիտ Սիսելին, Ճեֆ Տենամ, Քորի Կարտնըր, Մայքըլ Կրիմ, Ճենիս Հան, Տինա Թայթըս, Տէյվիտ Վալատաու, Ֆրենք Ուոլֆ եւ Պրետ Շըրմըն:

Միւս կողմէ՝ Հայ Դատի աջակցութիւնը վայելող Տենի Թարխանեանը պարտուեցաւ Նեւատայի մէջ տեղի ունեցած Քոնկրեսի ընտրութեանց ընթացքին:

Հայ Դատի աջակցութիւնը վայելող Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի թեկնածուներ Խաչօ Աշաճեան (Հանրապետական) եւ Ատրին Նազարեան (Դեմոկրատ) յաղթանակներ արձանագրեցին՝ խլելով յաջորդաբար քուէներուն 61.4 ու 70.6 տոկոսները, մինչ Կրեկ Գրիգորեան (Դեմոկրատ) պարտուեցաւ (39.5 տոկոս): 43 ընտրատարածքին մէջ տեղի ունեցած այս վերջին ընտրապայքարը կեղծիքի շուքին տակ մնաց, որովհետեւ անոր մրցակիցին՝ Մայք Կաթոյի, ընտրապայքարին կողմէ հայերուն ուղղուած էր սուտ կոչեր, որոնց մէջ ըլլալով Գրիգորեանին ի նպաստ չքուէարկելու կոչ:

Տպել Տպել