ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

«Դաշնակցություն» խմբակցությունը միշտ էլ կարևորել է բյուջեի ուղղվածությունը և նրա ռազմավարական ուղղությունները:

Նախորդ տարիներին մենք հնարավորություն ենք ունեցել գործադիրի հետ միասին առավել կենտրոնանալ բյուջեի ռազմավարական ուղղությունների վրա: Այդ քննարկումների արդյունքում և երկկողմ համոզվածությամբ որդեգրվեց անվտանգության պաշարների ստեղծման ու գործնական իրականացման քաղաքականությունը, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ որդեգրված նոր քաղաքականությունը և բյուջետային հատկացումները, էներգետիկ համակարգում նոր ռազմավարությունն ու ինքնաբավության հասնելը, վերամշակման ոլորտում հաջողություններ արձանագրելը:

2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները տարբեր ձևաչափերով մեզ հնարավորություն են տվել խորապես ընկալելու և նաև որոշակիորեն ազդելու, իրատեսական բյուջե ունենալու համար:

logo

«Դաշնակցություն» խմբակցությունը և խմբակցության պատգամավորներն առանձին մի շարք առաջարկություններ են ներկայացրել կառավարությանը, հանդիպել գործադիր իշխանության ներկայացուցիչներին:

Մեր առաջարկությունները վերաբերում էին տարբեր ոլորտների՝ բնակչության անվտանգության, ռազմավարական պաշարների, քաղաքացիական պաշտպանության, տարածքային համաչափ զարգացման, դիվերսիֆիկացված տնտեսության, գյուղի և գյուղատնտեսության, ժողովրդագրական վիճակի, բնապահպանության, սոցիալական և առողջապահության, կրթության և արտաքին ոլորտի հիմնախնդիրներին:

Գնահատելի է, որ գործադիրը ներկա տնտեսական ու ֆինանսական սուղ պայմաններում տրամադիր է հեռանկարային նոր ծրագրեր կյանքի կոչելուն, որում տեղ է գտել նաև Դաշնակցության մի շարք առաջարկներ: Հատկապես շեշտելի է անվտանգության համակարգի ուժեղացմանն ուղղված հատկացումների միտումները:

Ինչպես և նախորդ տարիներին, մտահոգիչ է կապիտալ շինարարության ոլորտի ծավալների նվազ լինելը, որն իր ազդեցությունն է թողնում (թեկուզև ժամանակավոր) աշխատատեղերի ապահովման վրա: Գտնում ենք, որ գործադիրը հավելյալ ջանքեր պետք է գործադրի, օգտագործելով նաև արտաբյուջետային հնարավորությունները, և որոշակիորեն ընդլայնի կապիտալ շինարարության ոլորտը, դրանով ժամանակավորապես ապահովելով զբաղվածության նվազագույն աստիճան:

Նոր աշխատատեղերի ավելացման և տնտեսական աշխուժություն մտցնելու նպատակով անհրաժեշտ է առավել ուշադրության կենտրոնում պահել արտահանման հարցը:

Ինչ վերաբերում է բյուջեի ուղղվածությանը. Գործադիրը հաշվի առնելով իրական վիճակը, այն հերթական անգամ որակում է սոցիալական ուղղվածության բյուջե:

Ինչպես և անցյալ տարի, այս անգամ ևս բարձրաձայնենք, որ մեր պայմաններում սոցիալական ուղղվածության բյուջե ունենալը կարևոր է. Իրականությունը և մեր առջև ծառացած մարտահրավերներն ուղղակի թելադրում են մեզ ունենալու պաշտպանության և անվտանգության բաղադրիչների ուղղվածության բյուջե: ՛՛Դաշնակցություն՛՛ խմբակցությունը հուսով է, որ թե տարվա ընթացքում և թե ապագայում այս մտայնությունը կդառնա գերիշխող և այն գործնական ընթացք կունենա հաջորդ տարվա պետական բյուջեն կազմելիս:

Մեկ կարևոր հանգամանք ևս. 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ ԼՂՀ կառավարությունը ստիպված էր այն հարմարեցնել 2016 թ. ապրիլյան դեպքերից հետո ստեղծված իրավիճակին՝ ինչը բնական էր : Տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը և աշխարհաքաղաքական զարգացումները չեն բացառում իրավիճակի սրացումներ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտներում: Դրանից ելնելով ՛՛Դաշնակցություն՛՛ խմբակցությունը առաջարկում է գործադիրին առաջիկա երկու ամիսների ընթացքում մշակել և ԱԺ-ին ներկայացնել ճգնաժամային բյուջեի նախագիծ, հավանական զարգացումները առավելագույնս հեզասահ հաղթահարելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հանգուցալուծման կարևորությունը՝ «Դաշնակցություն» խմբակցությունը 2017թ. պետական բյուջեի նախագծին քվեարկելու է կողմ:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն
22 դեկտեմբերի, 2016թ.

Տպել Տպել