Մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ամփոփեց 2016 թվականի աշխատանքները: Նա նշեց, որ ծանրության հիմնական ծավալն ու հասարակության հետաքրքրությունը հանրակրթության ոլորտում է, որտեղ իրականացրել են 2 հիմնարար փոփոխություններ:

«Հնարավորինս փորձել ենք ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցնել լուծմանը` բեռնաթափելով 12-րդ դասարանը: Ավագ դպրոցում երիտասարդը պետք է ընտրի իր հետագա կյանքի համար անհրաժեշտ 4-5 առարկաները: Սակայն, մյուս կողմից, 10-րդ դասարանը մի քիչ ծանրաբեռնված է, քանի որ հիմնական դպրոցի որոշակի ծրագրեր շարունակվում են, բայց մենք պետք է փորձենք հասնել նրան, որ աշակերտը 11-րդ դասարանով կուրս ավարտի և ամբողջ 12-րդում սովորի միայն իր ընտրած առարկաները: Երկրորդ փոփոխությունը մեր կրթակարգի հիմնախնդիրն էր. աշխատեցինք «Արարատյան բակալավրիատի» վրա` փորձելով այն դիտել ոչ թե որպես այլընտրանքային ծրագիր, այլ դիտել այն մեր կրթակարգի մեջ»,- ասաց նախարարը:

levon

Նա նշեց նաև, որ անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգում կարևորագույն ձեռքբերումն այն է, որ մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի, այսինքն` մենք այն տարածքներից ենք, որտեղ կրթական համակարգի ցանկացած փոքրիկ մեխանիզմ աշխատում է: «Այսինքն` մենք ունենք գործող համակարգ` մանկապարտեզից մինչև բուհ: Այս համակարգում, հատկապես` հանրակրթության մեջ, ունենք միջին համակարգ, որտեղ ունենք պիկեր, բարձունքներ, որոնք կրթակարգը պետք է բերի մի տրամաբանության մեջ, որպեսզի դրանք ոչ թե էլիտարացնեն կրթությունը, այլ իրենք դառնան շոգեքարշ և իրենց հետևից տանեն»,- ասաց Մկրտչյանը:

Yerkitr.am-ի հարցին, թե ինչ քայլեր են իրականացվում «Փոքր Մհեր« կրթահամալիրում, քանի որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի սաները բողոքում են տնօրենից` ասելով, որ վերջինս վիրավորում է իրենց, արժանապատվությունը տրորում: Ի դեպ, խնդրի հետ կապված` ծառայողական քննություն էր սկսվել կրթահամալիրում:

ԿԳ նախարարը պատասխանեց, որ իրականում խնդիրն ավելի բարդացավ, քան զուտ տնօրենի` պաշտոնին մնալ-չմնալն էր: «Փոքր Մհերում», որը, ըստ Մկրտչյանի, բավականին լավ գաղափար է և որի սաները բավականին լավ արդյունքներ են տվել, տեսանք, որ այնտեղ կա պրոբլեմների թնջուկ: «Կան իրավական, տնտեսական և մանկավարժական խնդիրներ: Մեզ մտահոգեց, որ հետագայում ինչ քրեական միջադեպ կա, «Փոքր Մհերի» շրջանավարտները մեջն են: Մենք բավականին լուրջ ուսումնասիրություն ենք անցկացրել, քանի որ այնտեղ կա նաև լուրջ որակ և մանկավարժական կոլեկտիվ: Լուծումը տվել ենք արդեն` պաշտպանության նախարարության հետ միասին, ուղղակի պետք է ձևաչափ ունենանք, որ կրթահամալիրի հիմնական դպրոցի կրթական ծրագիրն առանձնացնենք ու ավելի բացենք, որ աղջիկներ էլ գան սովորելու: Բացի այդ, փակության մեջ է խնդիրը, ինֆորմացիոն փակ շրջան է ստեղծվել, որը բերել է բացասական հետևանքների, իսկ ավագ դպրոցը պետք է միացնենք ՊՆ-ի ենթակայության ներքո լինի»,-ասաց Մկրտչյանը:

Պետք է գործեն դպրոցի տնօրենի` նույն դպրոցում որպես տնօրեն աշխատելու հավանականության հստակ ժամկետներ,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ըստ նախարարի` դպրոցներից պետք է այդ քարացվածության մեխանիզմը հանել, քանի որ, այո, ունենք տնօրեններ, որոնք շատ բազմավաստակ են, բայց կարող են իրենց գիտելիքը մեկ այլ դպրոցում սպառել: «Քանի՞ անգամ կարող է նույն մարդն ընտրվել տնօրեն: Պետք է համակարգը փոխենք, որ անընդհատ նույն մարդը չղեկավարի դպրոցը: Բացի այդ` տնօրենը պետք է արժանի մարդ լինի»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտում առկա խնդիրներին, ապա, ըստ Մկրտչյանի, իրենց չի հաջողվում դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել: «Հանրակրթության ոլորտում ունենք դասագրքերի և վերապատրաստման խնդիր: Դասագրքերի հետ կապված խնդիրն այն է, որ մենք գրում ենք դասագրքեր լավ սովորող աշակերտների համար, բայց լավ սովորողն այսպես, թե այնպես սովորում է, և մեր դասագրքերը պետք է ուղղված լինեն միջին սովորողին»,- նշեց նա:

Նախարարը ասաց նաև, որ հարուստ երկրներում կրթության նախարարությունը միայն մեկ խնդիր ունի` որակի, իսկ իրենց վրա սոցիալական լուրջ պատասխանատվություն է դրված:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ առաջարկությունների փաթեթ են ներկայացրել կառավարությանը:

yerkir.am

Տպել Տպել