Փրկել Արամ Մանուկյանի կիսավեր, պատմական տունը

Ակցիա՝ Արամի 9 հասցեում

Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի՝ Արամի 9 հասցեում գտնվող կիսավեր տան մոտ այսօր մի խումբ երիտասարդներ կազմակերպեցին ակցիա. երգեցին, պարեցին, ներկայացրեցին Արամ Մանուկյանի գործունեությունը եւ այն կարեւոր փաստերն ու դրվագները, որոնք կապված են նրա տան հետ: Պահպանվող հուշարձանների ցանկում ներառված այս տանն Արամ Մանուկյանը բնակվել է 1917-1919թթ.:

Միջոցառումը նկարահանվեց, որպեսզի տեսանյութը տարածվի եւ հանրության ուշադրությունը սեւեռի Երեւանի պատմամշակութային հուշարձանների եւ շինությունների պահպանության խնդրի վրա: Թեեւ հայտնի քաղաքական գործչի տան դիմաց մարդաշատ չէր, բայց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ նմանօրինակ ակցիաները նպաստեն գաղափարի կայացմանը: «Շենքը ներառված է «Հին Երեւան» նախագծում, որի իրագործումից հետո, կարծում եմ, այս շենքը կդառնա այնպիսին, ինչպիսին եղել է:

Կարծիքներ են հնչել, որ որոշ սենյակներ կարելի է թանգարան դարձնել, բայց կարծում եմ՝ կենդանի շենքն ավելի մեծ թանգարան է, քան թանգարան-շենքը…Կարեւորը վերակառուցելն է եւ շենքին վերադարձնելն այն մթնոլորտը, որն ունեցել է Առաջին հանրապետության տարիներին»,-նկատեց Արմեն Ամիրյանը: Նա վստահեցրեց, որ շենքը չի քանդվելու եւ չի կարող քանդվել, քանի որ պահպանվում է օրենքով:

Տպել Տպել