ՀՅԴ-ն հրապարակեց ցուցակը

ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակեց ցուցակի առաջին 30 անունները:

Ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան:

Վարդանյանը նշեց, որ իրենց թիմում, այսպես ասած, օդիոզ դեմքեր չկան, ցուցակում նաև 45 անկուսակցական կա:

Դաշնակցության կարգախոսն է. Նոր սկիզբ, արդար Հայաստան:

ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը նշեց՝ արդար, որովհետև իրենց համար արդարությունն ամեն ինչ հիմքն է եւ բարձրագույն արժեք: «Արդար Հայաստանը ազատ Հայաստանն է: Արդար Հայաստանը զարգացող, ուժեղ, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրավունքի, հոգեւոր մշակույթի Հայաստանն է »,- ասաց նա:

«ՀՅԴ-ն ակնկալում է մեծ քվե, լուրջ, ծանրակշիռ ներկայացվածություն ԱԺ-ում», – հայտարարեց ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:

Նա անդրադարձավ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությանը: Ըստ Վարդանյանի` իրենք երկրի ներսում թշնամի չունեն և բոլոր քաղաքական ուժերի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ են: «Բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ շփվում ենք: Ճիշտ է, երբեմն զայրանում ենք, որ պոպուլիստական հայտարարություններ են անում նախընտրական փուլում, բայց դա նորմալ է»,- ասաց նա` հավելելով որ ընտրությունների արդյունքները ցույց կտան ամեն ինչ:

Վարդանյանի խոսքով` ՀՅԴ համագործակցությունը ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ է, բայց համագործակցության շարունակությունը թե’ ՀՀԿ-ի և թե’ մնացածի հետ կապված կլինի ընտրությունների արդյունքներից: «Շատ քիչ կան ուժեր կամ անհատներ, որոնք փորձում են ՀՅԴ-ին հարվածել, որովհետև նրանք հասկանում են ՀՅԴ կշիռը թե’ երկրի ներսում, թե’ դրսում, ուստի փորձում են պահել մեզ հետ հավասարակշիռ հարաբերություններ»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը հայտնեց, որ կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված է 150 անձ:

«Որպեսզի ձեր հետագա աշխատանքն ավելի հեշտ լինի, ես ներկայացնեմ մեր տարածքային ցուցակներից անուններ` ըստ ընտրական տարածքների»,- նշեց Վարդանյանը` ներկայացնելով թեկնածուների անունները:

Թիվ մեկ ընտրատարածք` (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն) Առաքելյան Ռուզաննա, Գեղամյան Վահան, Լոքյան Սերգեյ:

Թիվ 2 ընտրատարածք` (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) Մանուկյան Միքայել, Վարդանյան Հովհաննես, Հարությունյան Անահիտ:

Թիվ 3 ընտրատարածք` (Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ) Եղիազարյան Արթուր, Սահակյան Մհեր, Սարգսյան Սամվել:

Թիվ 4 ընտրատարածք` (Կենտրոն, Էրեբունի Նուբարաշեն) Գրիգորյան Լևոն, Եսայան Բագրատ, Հարությունյան Անահիտ:

Թիվ 5 ընտրատարածք` (Արարատի մարզ) Բաբայան Հայրապետ, Չոբանյան Արտակ, Վարդանյան Արա:

Թիվ 6 ընտրատարածք` (Արմավիրի մարզ) Մինասյան Արծվիկ, Գաբրիելյան Գագիկ, Կարապետյան Անդրանիկ, Թամայան Հասան:

Թիվ 7 ընտրատարածք` (Արագածոտնի մարզ) Տոնոյան Տարոն, Շահինյան Գուրգեն, Շահազիզյան Կարեն:

Թիվ 8 ընտրատարածք` (Գեղարքունիքի մարզ) Սաղաթելյան Իշխան, Նիկոյան Արտաշես, Բարսեղյան Սարիկ:

Թիվ 8 ընտրատարածք` (Լոռու մարզ) Մարտուն Մաթևոսյան, Զոհրաբ Թորոսյան, Կյուրեղյան Արմենուհի:

Թիվ 9 ընտրատարածք` (Կոտայքի մարզ) Մանասյան Մուշեղ, Հունանյան Արտաշ, Սարգսյան Հայկ:

Թիվ 10 ընտրատարածք` (Շիրակի մարզ) Մանուկյան Ռոմիկ, Կուրղինյան Աշոտ, Մաթիլյան Հակոբ:

Թիվ 11 ընտրատարածք` (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր) Գևորգյան Գագիկ, Պետրոսյան Նունե, Սարգսյան Արտակ:

Թիվ 12 ընտրատարածք` (Տավուշի մարզ) Արտավազդ Սահակյան, Մանուկյան Սուրեն, Ալեքսանյան Վարդան:

ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները և խոսեցին, թե ինչ ծրագրով են գնալու խորհրդարանական ընտրություններին:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատմեց, թե ինչ ասելիքով են գնում խորհրդարանական ընտրություններին, որն է իրենց հիմնական նպատակն ու թիրախը:

Ըստ նրա` իրենք բացառիկ նշանակություն են տալիս այս ընտրություններին, և խորհրդարանական ընտրություններն իսկապես բացառիկ են թե’ Հայաստանի, թե’ Դաշնակցության հետապնդած ծրագրերն իրականացնելու համար: Ռուստամյանի խոսքով` այս ընտրությունները ՀՅԴ-ի սկսած գործընթացի չափազանց կարևոր փուլն է:

«Մենք արդեն քանի տարի է` երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու մի ամբողջական ծրագիր ենք իրականացնում, մի ամբողջական գործընթացի սկիզբ ենք դրել, և սա իր արդյունքները պետք է տա կարևորագույն այս հանգրվանը հաղթահարելու պայմաններում: Ընտրությունները լինելու են այն գլխավոր խթանը, որ կարողանանք մեր սկսածն իր ավարտին հասցնել»,- ընդգծեց նա:

Ռուստամյանը շեշտեց, որ երկրում կուտակված դժգոհությունը հավերժ կմնա, եթե չվերացվեն պատճառները: «Մենք այդ պատճառենրը վերացնելու ուղղությամբ է, որ քայլեր ենք նախաձեռնել և վստահ ենք եղել, որ դրա հիմքում ընկած են համակարգային արատները, որոնք մինչև հիմա մեր երկրում պահպանվել են. անձինք են փոխվել, մարդիկ են փոխվել, իշխանություններ են փոխվել` իրենց անուններով, բայց իշխանության որակ չի փոխվել, և մենք, նոր սկիզբ ասելով, առաջին հերթին հասկանում ենք, ակնկալում ենք, որ դա պետք է բերի նոր որակի իշխանություն, նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծում տալ այս բոլոր կուտակված խնդիրներին»,- նշեց նա:

Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը պրոցես է սկսել, որը պետք է ավարտին հասցնել: «Դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի ներկայություն Ազգային ժողովում, որ այս գործընթացները լինեն անխափան և նպատակային: Սա է ընդհանուր ծրագիրը, որը Դաշնակցությունը պետք է իրականացնի, և մեր թիմը, որ ձևավորել ենք, պատկառելի թիմ է: Ամեն մեկի հետ առանձին այս խնդիրները քննարկել, խոսել ենք: Բոլորը տոգորված են այս գաղափարներով և պետք է գան մեր երկիրն այս ծրագրով առաջ տանելու»,- եզրափակեց նա:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց թիմը կազմակերպված, երիտասարդ և ներկայանալի թիմ է:

«Դաշնակցության ցուցակում չկան մարդիկ, ովքեր սեփական ամբիցիաներով են առաջնորդվում, մեր բոլոր թեկնածուների միակ նպատակը առավելագույնը Դաշնակցության համար ձայն ապահովելն է»,- ընդգծեց նա:

Վարդանյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ն եղել է ընդդիմություն, եղել է իշխանության մաս, նորից է եղել ընդդիմություն, բայց հՅԴ-ն չի փոխվել: «Մենք չենք փոխվել, մեր խնդիրները, մեր նպատակները, մեր առաջնահերթությունները չեն փոխվել: Չկա մի բան որ մենք ասենք ու հետո դրանից հրաժարվենք, մեր ասածների մեջ չկա պոպուլիստական, ձայներ հավաքելու, փախցնելու համար ասված մի միտք, որը իրատեսական չի, որը ռեալ չի»,- նկատեց նա:

«Աբսուրդի ենք մենք հասնում, վերցրեք 10 տարի առաջ ընդդիմության ասածները իշխանության հասցեին, վերցրեք այսօրվա իրենց ընդդիմություն հռչակած այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչներին և նայեք իրենց ասածներն այսօրվա իշխանության հասցեին, ոչ մի բառ տարբերություն չեք գտնի, մեզ չեք կարող մեղադրել, այս երկրում նաև մեր շնորհիվ համակարգային փոփոխություններ են եղել, մեր շնորհիվ նաև ընտրական նոր համակարգ է ձևավորվել, որը ավելի վստահություն է ներշնչում, որպեսզի ընդդիմությունն ավելի ակտիվորեն մասնակցի: Մենք, լինելով իշխանության մաս, ամեն ինչ արել ենք, որպեսզի ընդդիմությունը պառլամենտում առնվազն 1/3-րդ տեղ ունենա որպեսի կարողանա իր զսպող վերասկող լիազորություններն իրականացնի»,- հայտարարեց վարդանյանը:

Ըստ Վարդանյանի, կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ Դաշնակցությունն իշխանություն է, բայց կլինեն նաև շատ ավելի գիտակից լայն շրջանակներ, որոնք կտեսնեն Դաշնակցության արածը:

«Մենք 2007 թվականին իշխանության մաս էինք հավաքել ենք 180 հազար ձայն` ունենալով ընդամնեը 6000 դաշնակցական Հայաստանում, այսօր էլ մենք ունենք 6000-6500 դաշնակցական, 2007 թվականին կային քաղաքական ուժեր, որ ասում էին 400 հազար անդամ ունեն, հավաքում էին 200 հազար ձայն, ասում էին 200 հազար անդամ ունեն, հավաքում էին 80 հազար ձայն. սա է Դաշնակցության տարբերությունը»,- ասաց Վարդանյանը, ապա հավելեց. «Մենք չենք ակնկալում ընտրակաշառքով քվեարկողի, հավերժական դժգոհողների ձայները, մնեք ակնկալում ենք մտածող, ընկալող, այս երկրում ապրելու ցանկություն ունեցող, այս երկրում բան փոխելու ցանկություն ունեցող մարդկանց ձայները, իսկ այդ մարդիկ շատ շատ են»:

Տպել Տպել