Ավագ դպրոցը չպետք է դառնա հիմնական դպրոցի կրկնությունը

Ավագ դպրոցները չպետք է դառնա հիմնական դպրոցի կրկնությունը, իսկ ուսուցիչները կրկնուսույցներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպում-քննարկմանը ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։

«Մենք, ավագ դպրոցում ունենք 16 առարկա, որոնք ծանրաբեռնում են երեխաներին եւ թույլ չեն տալիս նրանց կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնք անհրաժեշտ են նրանց ապագա մասնագիտությունն ընտրելիս ։ Պետք է այնպես անել, որ ավագ դպրոցը չդառնա հիմնական դպրոցի զուտ շարունակությունը կամ կրկնությունը։ Բոլոր միջազգայնորեն ընդունված կրթական համակարգերում ավագ դպրոցի առարկաները սահմանափակվում են 6 առարկայով»,-ասաց նախարարը։

Լեւոն Մկրտչյանը նաեւ նշեց, որ ավագ դպրոցը միայն բուհ ընդունվելու համար պատրաստելը չէ, այն նախ եւ առաջ երիտասարդներին պետք է կյանք մտնելուն պատրաստի.«Մեր խնդիրը երիտասարդին դաստիարակելն է ավագ դպրոցում։ Չպետք է աշխատենք երեխային միայն բուհ ընդունելու համար, ավագ դպրոցը պետք է երիտասարդին պատրաստի կյանք մտնել»։

Նրա խոսքով ՝ լուրջ խնդիր է նաեւ դպրոցի եւ բուհերի բռնած հումանիտարացման ուղղությունը.«Մեր դպրոցը աստիճանաբար եւ վստահորեն գնում է հումանիտարացման։ Անցած տարի բակալավր ավարտածների 70 տոկոսը հումանիտար հոսքի երեխաներ են եղել։ Մենք կարիք ունենք համալիր ծրագրի, որը երեխաներին կգրավի դեպի բնագիտական ուղղվածությունը»։

Տպել Տպել