Այսօր ունենք անկախ հայրենի պետութիւն, ունենք ազատագրւած Արցախ եւ ունենք քաղաքականապէս կազմակերպւած ու առաւել եւս կազմակերպւող Սփիւռք

Այս բոլորը, բոլոր վտանգներով հանդերձ, մեզ տալիս են հիմք, որ ճի՛շտ ուղղութեամբ ճի՛շտ քայլերի պարագայում՝ մենք կը լինենք ճիշտ ուղու վրայ, ճիշտ ճանապարհ՝ դէպի ամբողջական հայութեամբ՝ ազատ, անկախ, ամբողջական հայրենիքի կերտում:

Չորեքշաբթի, հոկտ. 31-ի երեկոյեան, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, ժողովրդական հանդիսութեամբ նշւեց Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 122-ամեակը:

Ծրագրի սկզբում մի խումբ երիտասարդների միջոցով բեմի վրայ փակցւեց «Դէպի ազատ, արդար, հաւասար վաղը» կարգախօսը, որից յետոյ հնչեց Հ.Յ.Դ. «Մշակ բանւոր» քայլերգը, ապա ցուցադրւեց Հայ Դատի յանձնախմբի պատրաստած «Դէպի ազատ, արդար, հաւասար վաղը» խորագիրը կրող տեսաժապաւէնը, որը ներկայացնում էր հայ ժողովրդի ծոցից ելած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան 122-ամեայ գործունէութեան տարբեր հանգրւանները՝ կազմաւորումից սկսեալ ցայսօր:

Կազմակերպիչ յանձնախմբի կողմից ծրագրի բացման խօսքով հանդէս եկաւ Անահիտ Աւետեանը՝ խօսքի աւարտին բեմ հրաւիրելով օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանին:

Օրւայ առթիւ իր պատգամը փոխանցեց նաեւ Թեհրանում հիւրաբար գտնւող ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Լեռնիկ Յովհաննիսեանը:

Եղիշէ Չարենցի «Մահւան տեսիլ» պոէմայից հատւածների ասմունքով ելոյթ ունեցան «Արարատ» գրական խմբակի անդամները՝ Սեդրակ Գոջամանեանի ղեկավարութեամբ:

Սրբազան Հայրը բեմ հրաւիրւելով՝ շնորհաւորեց ՀՅԴ-ի հիմնադրութեան 122-ամեակը եւ նշեց, որ այդ ամեակը մղում է՝ խոկալու մի կուսակցութեան մասին, որը սոսկ կուսակցութիւն չի եղել, այլ՝ առաքելութիւն, որն աւելի քան մէկ դար գաղափարական կուռ ոգով տոգորւած՝ հայ ժողովրդի համար առաջացած ծանր ու դժխեմ պայմաններում ապահովել է նրա արժանապատւութիւնը:
Ծրագրի վերջին բաժնում Նոր Ջուղայի «Անի» նւագախմբի միջոցով ազգային-յեղափոխական երգերի կատարումները եկան առաւել եւս շեշտաւորելու հանդիսութեան խանդավառութիւնը:

Ստորեւ ներկայացնում ենք օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի խօսքը:

Լուսանկար՝ Ռաֆֆի Արզումանեանի

Գերաշնորհ Սրբազան Հայր,
Մեծարգոյ պրն. դեսպան,
Սիրելի ժողովուրդ եւ սիրելի գաղափարակից ընկերուհիներ եւ ընկերներ,

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը տարեկան հաշւետւութեան օր է. հաշւետւութիւն կատարածի, չկատարածի եւ կատարելիքի շուրջ: Հաշւետւութիւն՝ սեփական ժողովրդին, որ Դաշնակցութեան նպատակների եւ միջոցների միակ աղբիւրն է:

Դաշնակցութեան օրւայ համար իմ դասական հաստատումներից յետոյ՝ այս տարի չեմ անդրադառնալու Դաշնակցութեան 122-ամեայ պատմութեանը: Չեմ անդրադառնալու, որովհետեւ արդէն այդ մասին այսօր խօսւեց եւ դեռ կը խօսւի եւ երկրորդ՝ որովհետեւ ուզում եմ արագ անդրադառնալ ժամանակակից հարցերի:

Անցած մէկ տարւայ ընթացքում Դաշնակցութեան հետ առնչւած կարեւոր իրադարձութիւններից մէկը անառարկելիօրէն Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ընտրութիւններն էին, այս տարուայ մայիս ամսին: Թէեւ շատ է խօսւել այդ ընտրութիւնների մասին, չեմ կարող չանդրադառնալ նրանց: Պէտք է անդրադառնալ այդ ընտրութիւններին, որովհետեւ ոմանք սխալւում են երբ այդ ընտրութիւնների արդիւնքները համարում են ինչ-որ քաղաքական իրականութեան, իբր հայրենի ժողովրդի քաղաքական նախասիրութիւնների արտայայտութիւն: Այդ ընտրութիւնները, իրականում, ընտրութիւններ չէին. դրանք շատ լաւ սարքւած ընտրութիւնների նմանակում՝ իմիտացիա էին: Առանց մխրճւելու մանրամասնութիւնների մէջ, թէ ինչպէս ճշտւեց Դաշնակցութեան ստացած քւէների թիւը, այդուհանդերձ՝ պիտի հաստատել, որ ՀՅԴ-ի ժողովրդականութիւնը նւազել է նախորդ՝ 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրութիւնների հետ համեմատած: Սա անառարկելի փաստ է, որի համար բոլոր դաշնակցականներս պատասխանատու ենք՝ անկախ մեր բնակած երկրից եւ վարած կուսակցական պաշտօնից: Սա ներկուսակցական հարց է, որի քննարկումը պէտք է կատարենք ամենայն անկեղծութեամբ եւ դաշնակցականի արիութեամբ: Ես այս պահին Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններին այլեւս չեմ անդրադառնայ, բայց կասեմ, որ նրանք չեն կարող լինել ամբողջ Դաշնակցութեան իրական ուժի եւ ժողովրդականութեան չափանիշ: Չեն կարող, որովհետեւ ի տարբերութիւն այդ ընտրութիւններին մասնակից բոլոր կուսակցութիւնների՝ Դաշնակցութեան Հայաստանի կառոյցը նախ ցոյց տւեց,որ ինքն իսկապէս կայացած քաղաքական կուսակցութիւն է, որ ունի ժողովրդի դատին ներկայացնելու քաղաքական ծրագիր եւ այդ ծրագիրը իրականացնելու ատակ մարդուժ: Երկրորդ՝ որովհետեւ միայն ՀՅԴ-ն է, որ գործում է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնից դուրս:

Դաշնակցութեան այդ համահայկական հասանելիութեանը եւ հեղինակութեանը հարւածելու ճիգ էր այս տարւայ յուլիսին կայացած Արցախի նախագահական ընտրութիւններում ՀՅԴ-ին վարկաբեկելու ձախողած փորձը: Այդ փորձի իրական հեղինակների հակադաշնակցական արշաւը ինքնին վկայում է Դաշնակցութեան վայելած համահայկական, այս դէպքում՝ նաե՛ւ Արցախում ժողովրդական հեղինակութեան մասին: Թոյլերի, քաղաքականօրէն պարտւածների դէմ չէ, որ նման արշաւներ են ձեռնարկւում: Այստեղ եւս ՀՅԴ Արցախի կառոյցը իր կեցւածքով ու գործով ցոյց տւեց, որ ինքը համահայկական նպատակներ եւ կառոյց ունեցող, տարբեր պայմաններում համապատասխան միջոցներով գործող յեղափոխական 122-ամեայ կուսակցութեան մէկ ամուր մասնիկն է:

Իրականութեան մէջ, եւ ինչպէս այստեղ արդէն իրաւամբ ասւեց, Դաշնակցութիւնը աւելին է սոսկ կուսակցութիւն լինելուց, եւ սա է այն հիմնական տարբերութիւնը, որ առկայ է ՀՅԴ-ի եւ հայ իրականութեան մէջ գործող մնացած բոլոր քաղաքական կուսակցութիւնների միջեւ:
Դաշնակցութիւնը նախեւառաջ գաղափարական շարժում է. այդպէս է եղել ամբողջ 122 տարի շարունակ: Դա է պատճառը, որ «Վէրքերով լի ջան ֆեդա»-ն նախեւառաջ եղել է «զինւոր գաղափարի»:

Այսօր, ընդունեն թէ՝ ոչ, Դաշնակցութիւնը շարունակում է հայ ժողովրդի եւ Հայաստանի համար ազատութեան եւ արդարութեան պայքարում իր գաղափարական առաջամարտիկի դերը: Եւ դա՝ բոլոր բնագաւառներում: Թւարկեմ վերջին 10-12 տարիներում ՀՅԴ-ի նախաձեռնութիւնները, որոնց առաջնահերթ նպատակը այդ պայքարի ճանապարհին նոր գաղափարների սերմեր ցանելն է.

* Հայաստանի Հանրապետութեան ներքին՝ հասարակական-տնտեսական հարցերի լուծման համար ընկերվարական ուղղութիւնների որոնում: Նշւած ժամանակահատւածում այս ուղղութեամբ առաջին խորհրդաժողովը կազմակերպեց 2002 թւականի յուլիսին, Երեւանում, հիմնականում դաշնակցական զեկուցաբերների մասնակցութեամբ: Այնուհետեւ այդ ուղղութեամբ աշխատանքներ շարունակւեցին նաեւ Սփիւռքում եւ հասան մինչեւ 2010 թ. մարտ ամսին դարձեալ Երեւանում կայացած միջազգային խորհրդաժողովին՝ «Հայաստանի մարտահրաւէրներին սոցիալիստական մօտեցումներ. գլոբալ հայեացքներ եւ տեղական իրականութիւններ» ընդհանուր բնաբանով, որին մասնակցեցին արդէն ոչ միայն դաշնակցական փորձագէտներ եւ գիտնականներ, այլեւ քաղաքական յառաջադիմական հոսանքների ներկայացուցիչներ՝ եւրոպական մի քանի երկրներից, Ռուսաստանից, Հիւսիսային եւ Լատինական Ամերիկաներից, Իրանից եւ անշուշտ՝ Հայաստանից: Այդ օրերում արդէն իր առաջին քայլերն էր առնում ՀՅԴ-ի հիմնադրած «Հրայր Մարուխեան» հիմնադրամը, որն արդէն հասցրեց միջազգային գործակցութեամբ եւ հայկական մտաւոր ուժով հրապարակել «Սոցիալական բարեփոխումները՝ Հայաստանում» ընդհանուր վերնագրով ուսումնասիրութիւններ եւ քաղաքականութեան այլընտրանքներ՝ առողջապահութեան, սոցիալական բնակարանների, զբաղւածութեան, գիւղատնտեսութեան, հանք-արդիւնաբերութեան եւ կրթութեան ոլորտների համար: Այս ուսումնասիրութիւններում եւ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններում Դաշնակցութեան ներկայացրած գաղափարները միշտ չէ, որ մեծ խանդավառութեամբ են ընդունւում քաղաքական տարբեր ուժերի եւ յատկապէս՝ իշխանութեան կողմից: Այդուհանդերձ՝ տեղեակ ենք, որ յատկապէս իշխանութիւնները այդ գաղափարներից փորձում են օգտւել, թէեւ յաճախ աղճատելով ներկայացւած լուծումները՝ սխալ եզրակացութեան են հասնում:

* Ջաւախքի հայութեան խնդիրների գլխաւոր արծարծողը եւս եղաւ Դաշնակցութիւնը: 10-12 տարի առաջ, երբ Սփիւռքում այդքան էլ տեղեակ չէին Ջաւախքի մասին, Դաշնակցութիւնը նախ գիրք ու քարտէզ տպեց մեր պատմական հայրենիքի այդ հատւածի եւ այնտեղ ապրող հայութեան տարատեսակ խնդիր-ների մասին: ՀՅԴ-ն էր, որ աջակցեց, որ այդ խնդիրները հասցնեն նաեւ Վրաստանի բարօրութեամբ շահագրգռւած պետութիւնների ուշադրութեան, դառնան նրանց օրակարգի մաս, իսկ այսօր՝ արդէն նաեւ գործնական աշխատանքի: Ուրիշներն էլ սկսեցին իւրացնել Դաշնակցութեան որոշ մօտեցումները, իրենք էլ զբաղւում են այդ հարցերի մի մասով: Թէեւ միշտ չէ, որ այլոց մօտեցումները օգտակար են լինում Ջաւախքին, պիտի ընդունել, սակայն, որ Ջաւախքի հայութեան խնդիրները այսօր համահայկական օրակարգի մաս են կազմում: Այսօր Վրաստանում տեղի ունեցող զարգացումները յոյս են ներշնչում, որ այս խնդիրները մեծաւ մասամբ կը կարգաւորւեն եւ հայ-վրացական յարաբերութիւնների այս ամենաթոյլ օղակը կը դառնայ այդ շղթայի ամենաուժեղ օղակը:

* ՀՅԴ-ի միւս նախաձեռնութիւնը, որը եւս վարակիչ դարձաւ շատերի համար եւ այսօր մաս է կազմում համահայկական օրակարգի, դա Արեւմտահայաստանում, Կիլիկիայում եւ ընդհանրապէս Թուրքիայում ապրող թաքուն, գաղտնի հայերի, յաճախ նաեւ հայկականութեան ինչ-որ շառաւիղ ունեցողների նկատմամբ հայ ժողովրդի մօտ հետաքրքրութեան ստեղծումն է: Մէկ կողմից դաւանափոխ հայերի շրջանակներում առաջացած ինքնութեան փնտրտուքը, միւս կողմից՝ այդ շրջանակների նկատմամբ հայութեան արդէն աճած հետաքրքրութիւնը ստեղծել են պարարտ հող, բոլորի համար, վերադառնալու իրենց ակունքներին. ոմանք՝ դէպի հայութիւն, ուրիշներ՝ դէպի Արեւմտահայաստան:

* Արցախեան ազատամարտում Դաշնակցութեան եւ դաշնակցականների հիմնական դերակատարութիւնը անառարկելի է: Ներկայում Դաշնակցութիւնը արդէն քայլեր է ձեռնարկել՝ ազատագրւած Արցախը, ամբո՛ղջ Արցախը, համահայկական ճիգերով նաեւ զարգացնելու ուղղութեամբ: Արցախեան մեր փաստացի յաղթանակները քաղաքական-իրաւական ցանկալի կարգաւորումը կարող են ունենալ միայն այն դէպքում, երբ Արցախի հողը իր վրայ կունենայ հայի համատարած ներկայութիւնը: Այդ ներկայութիւնը ապահովելու համար՝ ահա Դաշնակցութիւնը գործօն կերպով խրախուսում է համահայկական ներդրումային ծրագրեր, ներառեալ՝ Արցախի քաղաքականապէս ռիսկային տարածքներում:

* Միաժամանակ, Արցախի հիմնահարցի կարգաւորման բանակցութիւնները Ադրբեջանի կողմից պատանդ պահելու քաղաքականութեան դէմն առնելու համար՝ Դաշնակցութիւնը ձեռնարկել է Արցախի Հանրապետութեանը միջազգայնօրէն ճանաչում ապահովելու գործին՝ հնարաւոր բոլոր չափերով եւ բոլոր մակարդակների վրայ: Այս քաղաքականութեան արդիւնքներից է Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը եւ կոչը՝ Աւստրալիայի կենտրոնական իշխանութեանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը:

* Այս բոլորից անկախ՝ դեռ չեմ խօսում Դաշնակցութեան արդէն «սովորական» դարձած աշխատանքների մասին. Մամուլ ու լրատւամիջոցներից, մինչեւ Հայ Դատի յանձնախմբեր եւ գրասենեակներ, այլ պետութիւնների քաղաքական կուսակցութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ յարաբերութիւններ եւ երբեմն նաեւ՝ համագործակցութիւն:

Այս ամբողջը իսկապէս Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը վերածում են աւելիին՝ քան սոսկ քաղաքական կուսակցութիւնն է:

Դաշնակցութեան գործի այս տարողութիւնը նաեւ ունի իր իւրայատկութիւնները. համահայկական նշանակութիւն ունեցող այս գաղափարների իրականացման համար ո՛չ միշտ, բայց երբեմն Դաշնակցութիւնը անհրաժեշտութիւն է զգում գործակցել Հայաստանի եւ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների իշխանութիւնների հետ, անկախ՝ այլապէս նրանց նկատմամբ իր ունեցած դիրքորոշումից: Սա աւելի շուտ Դաշնակցութեան գործելակերպի նկարագրային գծերից մէկն է՝ յանուն Հայրենիքի եւ ազգի՝ զոհել նաեւ կուսակցական շահը: Վստահաբար, մենք նաեւ այս գինն ենք վճարում, երբ ժողովրդի մօտ շփոթ է առաջանում՝ ի տես մեր որոշ քայլերի:

Մեծ Եղեռնի 100-ամեակի սեմին եւ նկատի առնելով նաեւ այս օրերում Թեհրանում տեղի ունեցող «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովի բնաբանը, անհրաժեշտ է յատուկ կերպով անդրադառնալ հայ-թուրքական յարաբերութիւնների խնդրին:

Հայ-թուրքական յարաբերութիւնների վերջին տարիների զարգացումների առաջին իսկ օրերից ՀՅԴ-ն բազմաթիւ յայտարարութիւններով ձեւաւորեց եւ հրապարակեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ թուրքական յայտնի նախապայմաններին: Այդ դիրքորոշումը կամփոփւի հետեւեալ հաստատումներով.

– Որպէս հարեւան պետութիւններ՝ Հայաստանը եւ Թուրքիան, ի վերջոյ, պէտք է քայլեր ձեռնարկեն յարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ: Սակայն, երկու երկիրների միջեւ բարիդրացիական յարաբերրութիւններ կարող են հաստատւել միայն Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնումով: Առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը եւ շրջափակման վերացումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերն են:

– Հայաստանի Հանրապետութեան կողմից առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատման առաջարկը արդէն իսկ մեծագոյն զիջում է:

– Անընդունելի է Թուրքիայի հետ յարաբերութիւնների բնականոնացումը մեր պետութեան ինքնիշխան եւ կենսունակ լինելութեան ու սերունդների‘ ազգային-պետական իրաւունքների հաշւին:

– Հայաստան-Թուրքիա 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման ընթացքը կասեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը դրական նկատելով հանդերձ՝ մեր մտահոգութիւնները չեն փարատւում, որովհետեւ հարցը կարող է անակնկալ եւ յանկարծակի կերպով կրկին սեղանի վրայ գալ: Առ այդ՝ մենք շարունակում ենք դէմ արտայայտւել Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններ ստորագրւած տարբերակի վաւերացմանը եւ պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնը իր ստորագրութիւնը յետ վերցնի:

– Հայկական Սփիւռքի հետ խօսակցութիւն ունենալու գծով Թուրքիայի պաշտօնական յայտարարութիւնները թակարդ են եւ միտում են Սփիւռքը պառակտել: Թուրքական այն խմբակցութիւնները կամ կազմակերպութիւնները, ովքեր կուզենան հայկական Սփիւռքի հետ երկխօսութիւն ունենալ, նախ պէտք է որ ճանաչած լինեն Հայոց Ցեղասպանութիւնը: Իսկ Թուրքիայի պետական ներկայացուցիչների հետ խօսակցութեան համար պայման է Թուրքիայի կողմից իր պատասխանատւութեան ստանձնումը:

– Անհատական վնասուց հատուցման նպատակով անհատ հայերի կողմից յարուցւած դատերը չպէտք է խոչընդոտեն մեր ազգային պահանջատիրութեանը, որպէսզի ազատագրական պայքարը հետզհետէ չպարպւի իր քաղաքական բովանդակութիւնից եւ չվերածւի միայն նիւթական դատի: Չպէտք է ազգի ողբերգութիւնը որոշ անհատների կողմից նիւթական շահ ապահովելու միջոցի վերածել եւ այդպիսով հաւաքական ու ազգային իրաւունքների հետապնդման խոչընդոտ հանդիսանալ:

Հայաստան-Թուրքիա իրաւական սահմանին հիմք ընդունելով ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրաւարար վճիռը՝ Դաշնակցութիւնը արդէն նախաձեռնել է Թուրքիայից մեր հաւաքական իրաւունքների ձեռքբերման հնարաւորութիւնների մասին ուսումնասիրութիւնների: Ոմանց կողմից վերջին մէկ-մէկուկէս տարում տեղի են ունեցել հաւաքներ, որոնք իրենց գաղափարական սխալ հիմնաւորումների պատճառով՝ այդ Իրաւարար վճիռը արժեզրկելուն կարող են ծառայել: Մէկ անգամ եւս յայտարարում ենք, որ Դաշնակցութեան համար՝ նախագահ Վիլսոնի Իրաւարար վճիռը ճշտորոշում է Հայաստան-Թուրքիա սահմանը, հետեւաբար՝ Թուրքիայի կողմից ցարդ գրաււած այդ տարածքների իրաւաժառանգորդը համայն հայութեան հայրենիք Հայաստանի Հանրապետութիւնն է:

Սիրելի ներկաներ, այսօր չի կարելի չանդրադառնալ Սիրիայում ընթացող ռազմական իրադարձութիւններում յայտնւած մեր սիրիահայ համայնքին: Շատերը փորձում են մեղադրել ոմանց, յատկապէս Դաշնակցութեանը, որ միջոցներ չի ձեռնարկել եւ կամ չի ձեռնարկում՝ հայ համայնքին Սիրիայից դուրս բերելու: Առհասարակ, իրականութեան հետ մի քիչ շփւած որեւէ մարդու համար պարզ է, որ նման նպատակ եթէ լինի անգամ, այն իրագործելի չէր երէկ, իրագործելի չէ նաեւ այսօր: Այսօրւայ համար մէկ խնդիրը Սիրիայի հայութեան անվտանգութիւնն ու գոյութիւնն ապահովելն է: Սա չի նշանակել եւ չի նշանակում, որ չպէտք է աջակցել այն բոլոր սիրիահայերին, ովքեր ցանկանում են եւ կամ արդէն կարողացել են հասնել Հայաստան եւ ուզում են այնտեղ մշտական կամ ժամանակաւոր ապրել: Ընդհակառակը: Սակայն, միաժամանակ, երբեք չի կարելի ուշադրութիւնը շեղել Սիրիայում այսօր հայութեան անվտանգութեան խնդիրներից, ինչի համար Դաշնակցութիւնը անում է հնարաւոր ամէն ինչ:

Սիրելինե՛ր,

Այսօր իսկապէս որ շատ են մեր դիմագրաւած վտանգներն ու մարտահրաւէրները: Նրանք բազմատեսակ են: Երբեմն նոյնիսկ՝ անյաղթահարելի թւացող: Բայց, մեր պատմութիւնը վկայ՝ մեր ժողովուրդը շատ աւելի ծանր ու դժւարին օրեր կարողացել է յաղթահարել, շատ աւելի նւազ հնարաւորութիւններով:
Այսօր ունենք անկախ հայրենի պետութիւն, ունենք՝ ազատագրւած Արցախ եւ ունենք քաղաքականապէս կազմակերպւած ու առաւել եւս կազմակերպւող Սփիւռք:

Այս բոլորը, բոլոր վտանգներով հանդերձ, մեզ տալիս են հիմք, որ ճի՛շտ ուղղութեամբ ճի՛շտ քայլերի պարագայում՝ մենք կը լինենք ճիշտ ուղու վրայ, ճիշտ ճանապարհ՝ դէպի ամբողջական հայութեամբ՝ ազատ, անկախ, ամբողջական հայրենիքի կերտում:

Շնորհակալութիւն:

«ԱԼԻՔ»
8 Նոյեմբեր 2012

Տպել Տպել