Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերողին` Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Միքայել Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել են Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ «անձնական երաշխավորություն» խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հանդիպման ընթացքում գլխավոր դատախազը ներկայացրել է ողջ ընթացակարգը: «Մեզ հնարավորություն տրվեց հանդիպելու Արթուր Սարգսյանի հետ, ով ամսի 10-ից հացադուլ է հայտարարել: Նա շատ ադեկվատ վիճակում էր, բոլոր հարցերին արձագանքում էր, ասաց, որ որևէ խախտում չի կատարել, և իր առողջական վիճակն էլ չի ներում որևէ նոր բան մտածելու կամ անելու համար: Նրա խոսքով՝ քննչական բոլոր գործողություններին թե’ առաջին անգամ է ներկայացել պատշաճ, թե’ երկրորդ անգամ, դուրս գալուց հետո էլ պարտավորվում է ներկայանալ պատշաճ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այժմ ստորագրահավաքին միացած պատգամավորների կողմից պետք է համապատասխան գումար (500 000-ական դրամ) փոխանցվի դատախազության դեպոզիտային հաշվին, որպեսզի լուծվի խափանման միջոցը փոխելու հարցը: «Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն»,- եզրափակեց Մանուկյանը:

06/03/2017

Տպել Տպել