Հոշոտվող անձին, մարդուն, ազգին, ներում չկա

Մենք երբեք չենք ասել, թե ղարաբաղյան հակամարտությանը կարգավորում չպետք է լինի, հակառակը՝ մենք ասում ենք, որ ջանք է պետք գործադրել, միջազգային հանրությանը պետք է օգտագործել, որ ճանաչվի Արցախի Հանրապետությունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: Նա հորդորեց չտրվել վերջինիս «անիմաստ, ոչ ճշմարիտ վերլուծություններին», նշեց, որ Տեր-Պետրոսյանի կանխատեսումը, թե Ղարաբաղը կարող է արժանանալ Կոսովոյի ճակատագրին «բայղուշական է»:

– Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՅԴ ծրագրում ներկայացված մտքի մասին, ասել էր. «Պատկերացնենք, Արմեն Ռուստամյանը կամ Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԳ նախարար են, այս միտքը հնչում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Դրանից հետո գլխավոր ասամբլեայի նախագահողը կասի՝ երիտասարդ, խնդրում եմ անցեք բեմի հետևում իմ աշխատասենյակ, սեղանին կանոնադրությունն է դրված, ուսումնասիրեք, հետո եկեք ձեր ելույթը շարունակեք: Սա ի՞նչ է»: Ինչպե՞ս եք վերաբերում այս քննադատությանը:

– Կարծում եմ, որ առաջին նախագահը չի շեղվել իր ուղուց և փորձում է հասարակությանը ներկայացնել հիմնական մոտեցումները, ինչի պատճառով հեռացվեց իշխանությունից: Մեր ժողովուրդը, մեր հասարակությունն այս ընթացքում թափված արյունով վերահաստատել է, որ Արցախը Հայաստանի մաս է և որևէ ձևով այն դիտարկել որպես Ադրբեջանի մաս մերժելի է: Սրա պնդումն ու հակադարձումն է ներկայումս տեղի ունենում: Պնդումը կատարվում է առաջին նախագահի կողմից, որ առանց զիջելու զարգացում հնարավոր չէ, սա հակադրվում է մեր թեզի հետ, որ չզիջելով պետք է զարգանանք:

– Կարծում եք, որ Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրը զիջումների՞ մասին է:

– Ակնհայտ է, որ խաղաղության ծրագիրը գեղեցիկ քողարկում է այն խնդիրը, որը ժամանակին ձևակերպել էր ու մերժվել էր հասարակության կողմից:

– Ինչո՞ւ եք այդպես մտածում: Լևոն Տեր-Պետրոսյանի բացատրությունները, որ սա ծրագիր չէ հող հանձնելու, Ձեզ չե՞ն համոզում:

– Տեսե՛ք, եթե փաստարկներն ամբողջությամբ վերլուծեք, կտեսնեք, որ առաջին նախագահի հայեցակարգը նույնն է, ինչը 98թ.-ին մերժվեց: Մեր պատմությունը ցույց է տվել, որ ճանապարհը, որը առաջարկվում է, տարել է մեր երկրի, պատմական հայրենիք բազմաթիվ հատվածների կորստի: Ի՞նչ է ասում առաջին նախագահը, ասում է՝ հանձնվեք, քանի դեռ չենք վերացել: Սա ռազմի դաշտում գտնվող զինվորի ամենավատ խորհուրդն է, որոշումն է, իսկ այսօր մեր երկիրը դեռ ռազմի դաշտում է, պատերազմը դեռ ավարտված չէ: Մենք ամենևին չենք մերժում խաղաղությունը: Բայց խաղաղությունը չի կարելի մուրալ, չի կարելի ակնկալել խաղաղություն, երբ դիմացի կանգնածդ պատրաստ է քեզ հոշոտել: Հոշոտվող անձին, մարդուն, ազգին, ներում չկա:

– Այդ հարցին էլ Տեր-Պետրոսյանը պատասխանեց. ասաց, որ հակառակ դեպքում Կոսովոյի ճակատագրին կարժանանանք:

– Այս բառիս համար կներեք, բայց այդ բայղուշական մոտեցումները մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում անցել է: Մենք հաղթել այն ժամանակ, երբ վճռական կանգնել ենք ազգային իրական ուղեգծի վրա, երբ սկսել ենք համեմատվել այս կամ այն երկրի հետ, միշտ պարտություն ենք կրել, հույսներս երբ դրել ենք օտար ուժերի վրա, միշտ զիջել ենք: ի՞նչ է ասում առաջին նախագահը, ասում է՝ մենք Ղարաբաղը չենք հանձնում Ադրբեջանին, հանձնում ենք միջազգային հանրությանը: Ո՞վ է այդ միջազգային հանրությունը, ո՞ւմ է մինչ այժմ երաշխավորել, որտե՞ղ է այն հիմնական բանալին, որ ասում ես՝ իմ ազատագրված հայրենիքը հանձնեմ միջազգային հանրությանը, որ ստանամ ի՞նչ: Միջազգային հանրությունն ունա՞կ է երաշխավորելու մեր քաղաքացու բախտը, ճակատագիրը, ապրելու իրավունքը: Չէ՞ որ անցել ենք մեր պատմության այս ընթացքը: Չի կարող Արցախի ժողովուրդը լինել իր ճակատագրի ճարտարապետը, եթե այն շրջապատվում է օտար ուժերով: Մենք երբեք չենք ասել, թե կարգավորում չպետք է լինի, հակառակը՝ մենք միշտ ասում ենք, որ կարգավորումը հարկավոր է: Մենք ասում ենք, որ ջանք է պետք գործադրել, միջազգային հանրությանը պետք է օգտագործել, որ ճանաչվի Արցախի Հանրապետությունը, որ ներդրումներ լինեն Արցախում, որ դրանք հզորացնեն մեր տնտեսությունը, լուծում պետք է տալ կոռուպցիային, մենաշնորհին, անարդարությանը, բայց Ալիևյան վարչակազմը չէ, որ պետք է մեզ տա, մենք պետք է հասնենք ու նվաճենք դրանք:

– Առաջին նախագահը տնտեսական իրավիճակը կապում է Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու հետ: Ըստ էության, նա ասում է, որ քանի դեռ չլուծվի ԼՂ հակամարտությունը, այդ խնդիրները ևս չեն լուծվի:

– Ամեն ինչ կարելի է կապել իրար: Մարդու օրգանիզմը երբ հիվանդ է լինում, մարմնի ցանկացած մաս, որ ցավում է, կապում են հիվանդության հետ: Եթե կարող եք գլխացավը վերացնել առանց ոտքի վիրահատության, ուրեմն գլխացավը եկեք վերացնենք, բայց ոչ թե գլուխը կամ ոտքը կտրելով, այս պարզ սխեմաներով: Վստահ եմ, որ ոչ մի թիզ հողի մասը մեզ չէր վերաբերում, բայց չեմ կարող չասել, որ այն բառապաշարը, այն քաղաքական հնարքները, որը առաջին նախագահը վերջին 10 օրվա մեջ կիրառում է, վկայում է, որ այդ քաղաքական ուժի հետ հանրությունը հույս չի կապում, որովհետև այն, ինչ իրենք անում են այսօր, չի տարբերվում գործողություններից, որոնք իրականացնում են հակահայ ուժերը: Չի կարելի, պետք է կանգնել: Կոտրել հերոսական ժողովրդին, ջարդել, ճիշտ ճանապարհ չէ: Հորդորում եմ չտրվել այս անիմաստ, ոչ ճշմարիտ վերլուծություններին:

– Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն իշխանություն է, իշխանությունները բանակցում են Մադրիդյան սկզբունքների շուրջ, որտեղ, Տեր-Պետրոսյանի խոսքով, կա հողերը հանձնելու մասին դրույթ: Չկա՞ հակասություն Ձեր հայտարարություններում։

– Մադրիդյան սկզբունքները ընդունվել են որպես հիմք բանակցությունների համար, որի ելքը կարող է լինել ինչպես Տեր-Պետրոսյանի վատատեսական սցենարով՝ զիջելով, այնպես էլ մեր կողմից առաջադրված խնդրով, այն է՝ Արցախը Հայաստանի մաս դիտարկելը: Եթե ուշադիր նայեք Մադրիդյան սկզբունքները, կտեսնեք, որ այնտեղ չկա պնդում, որը պարտադրում է Հայաստանին կամ Արցախին անպայման ամեն գնով զիջել ամեն ինչ: Չկա նման բան:

Ինչո՞ւ է Ադրբեջանն այսօր փորձում հրահրել գործողություններ, որովհետև չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հետ: Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չի ուզում այս հարցը Ադրբեջանին տալ, ինչո՞ւ է պարտադրում մեզ սխալ մտայնություն, թե առաջինը մենք զիջենք, որ ստանանք։ Ո՞վ է առաջինը զիջելով ստացել ինչ-որ բան: Իր հռետորական արվեստը չպետք է սխալ ընթացք հաղորդի մեր քաղաքացիներին: Իմ խորին համոզմամբ՝ առաջին նախագահը ճիշտ կանի իր հերթական գրքերը գրի, քաղաքականության մեջ ներկայացնի այնպիսի մոտեցումներ, որոնք կօգնեն երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր ուժերով հաղթահարելու մոտեցմանը:

Տպել Տպել