ՀՅԴ-ն դեմ է գիտության ֆինանսավորման ավելացման ՀԱԿ-ի առաջարկին

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե իրենց խմբակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ եւ արդյոք կո՞ղմ են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ բյուջեի 1%-ը գիտությանը տրամադրելու:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Նախ, օպտիմալացմանը ես դեմ եմ արտահայտվել, որովհետեւ այդ բառը աղավաղվել եւ այլանդակվել է: Այդ բառը կիրառողները ավելի շատ հասկանում են հաստիքների կրճատում եւ շենքերի վաճառք. ուրիշ ոչ մի որակական փոփոխություն: Ինչպես կյանքն է ցույց տալիս, տարբեր ոլորտներում իրականացված օպտիմալացումը այդպես էլ իր դրական արդյունքները չի արձանագրել: Փոխարենն ունեցել ենք բավականին զորեղ, բավականին ուժեղ բացասական ազդեցություն:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ կոնկրետ թիվ արձանագրելուն, սա լուծում է, որը կարող է տրվել քիչ թե շատ զարգացած հարաբերություններով հասարակությանը: Մեր տիպի հասարակություններում սա կարող է չարդարացնել: Որքան էլ մենք փորձենք երաշխիք տալ՝ տոկոս արձանագրելով, միեւնույն է, մենք նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ օրենքով ամրագված պարտավորությունները պետությունը պարզապես չի կատարում: Չկատարելու հիմնավորումն էլ նշված է սոցիալ-տնտեսական վատ վիճակը կամ փողի բացակայությունը: Արդյունքում՝ մենք մի կողմից կունենանք չկատարված օրենք, մյուս կողմից՝ հիասթափված գիտաշխատողներ, մյուս կողմից պետություն, որը հասարակության մոտ ձեւավորում է իր պարտավորությունները չկատարողի կարգավիճակ: Չնայած ֆինանսավորման ծավալի տեսակետից միանշանակ այդ ծավալը գիտությանը պետք է»:

ՀՅԴ-ն գիտության ֆինանսավորման առնվազն երկու սխեմայի առաջարկ ունի: Մեկն այն է, որ դրան մասնակցի թե՛ գործատուն, թե՛ պետությունը, թե՛ գիտական կազմակերպությունը: Էությունը հետեւյալն է՝ հարկատուները, որոնք գումար են վճարում բյուջե, բայց բողոքում են, որ իրենք վճարում են, բայց դրան համարժեք ծառայություն չեն ստանում, այս մեխանիզմը հնարավորություն կտա շատ եկամուտներ բյուջե մուտք անողներին ավելի շատ եւ էժան վարկային ռեսուրսներ ներգրավելու՝ տեղական արտադրությունը խթանելու համատեքստում: Ըստ Արծվիկ Մինասյանի, եթե այս առաջարկն ընդունվի, գիտության համար իրական ֆինանսավորում է բացվում, եւ գիտությունը այլեւս ձեռքը չի պարզի պետությանը, որ ասի՝ խնդրում ենք, մեզ մի երկու կոպեկ գումար տվեք: Արդեն տնտեսությունն ինքը պահանջարկ կներկայացնի գիտական հետազոտությունների, իսկ պետությունը, բնականաբար, կկարողանա որակյալ գիտական հետազոտությունների իր քաղաքականությունը տանել: Արդյունքում մենք կունենանք եռակողմ օգուտ, եւ կշահի մեր պետությունն ու հասարակությունը:

ՀՅԴ-ի երկրորդ առաջարկը վերաբերում է 2013-ի բյուջեում 1.3 մլրդ դրամ ավելացնելուն: Սա քննարկվել է նաեւ գիտնականների հետ: Արծվկ Մինասյանն իր շնորհակալությունը հայտնեց այն գիտնականներին, որոնք ներկայացրել են այդ առաջարկը. «Ես հուսով եմ, որ այլ խմբակցություններ էլ կմիանան այդ առաջարկին եւ կառավարությունը որոշակի քայլեր կանի»:

Խոսքն այն մասին է, որ թեմատիկ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում այսօր 200 թեմա է ֆինանսավորվելու, իսկ ՀՅԴ-ն առաջարկում է եւս 100 թեմա ընդգրկել, այդ թվում նաեւ բնագիտության ուղղությամբ. «Ամենակարեւորը՝ որ միջին աշխատավարձը ոչ թե 70 հազար դրամով հաշվարկվի, այլ՝ 120 հազար դրամով, այսինքն՝ գոնե երկրում միջին աշխատավարձի կանխատեսվող մեծությանը համապատասխան: Սա հնարավորություն կտա գիտնականին ներգրավվելու այս աշխատանքի մեջ: Ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 1500 գիտնականներ՝ մեր առաջարկի ընդունման դեպքում: Սա նշանակում է, որ 4200 գիտական կադրերից 1500-ը կներգրավվեն այս աշխատանքների մեջ, 1500-ն էլ բուհական աշխատանքների մեջ են ներգրավված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»

Տպել Տպել