Ավերվել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրը

Սիրիական ընդդիմադիր խմբավորումներից մեկը համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչ վիճակի մեջ է ներկայումս հայտնվել Դեր Զորում կառուցված հայկական Սրբոց Նահատակաց մատուռը։ youtub-ում հայտնված տեսաերիզն անգամ մեկնաբանության կարիք չունի։

Հեղինակները հայտնում են, որ այն ավերվել է օդուժի ռմբակոծության հետեւանքով, սակայն լուրը վերջնականապես ճշտել չի հաջողվել։

Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Ս. Հռիփսիմե եկեղեցու եւ Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 12 Մայիս 1985-ին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդ ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության եւ Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաեւ Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։

Տարիներ շարունակ այն դարձել էր ուխտատեղի, ուր այցեր են կազմակերպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Հայ Օգնության միությունը»։ 2010 թվականի մարտին այս վայրն է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ուր ակնկալվում էր, որ նա պետք է հայտարարեր ֆուտբոլային դիվանագիտության դադարեցման մասին, սակայն մի շարք պատճառներով դա տեղի չունեցավ։

Դեր Զորում, մինչ ռազմական գործողությունները բնակվում էր հայ շուրջ 20 ընտանիք։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում հրկիզվել էր նաեւ Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին։ Այն եւս հայտնվել էր բախումների կիզակետում, ապա հրկիզվել եւ ավերվել էր։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաեւ եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Սուրբ Գեւորգը կառուցվել էր Ցեղասպանությունը վերապրած եւ Հալեպում հաստատված հայրերի նախաձեռնությամբ եւ ուժերով։

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ»

Տպել Տպել