Դաշնակցությունն «ավելին էր ակնկալում»

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ նախագահ Աղվան Վարդանյանի հետ

– Դաշնակցության գոհացնո՞ւմ են ընտրությունների արդյունքները:

– Կա որոշակի առաջընթաց՝ մանավանդ, երբ որ հարյուր մեկ պատգամավորի մասին ենք խոսում, բայց բնականաբար ավելին էինք ակնկալում:

«Ազատություն»․ – Ընտրությունների օրը խախտումների մասին էիք ահազանգում․ դրանք ազդեցություն ունեցե՞լ են ընտրությունների վրա:

– Ես խոսել եմ երեք կոնկրետ տարածքների մասին, համապատասխան դիմումներ ուղարկել եմ, սպասում եմ արձագանքներին: Եվ ասեմ, որ որոշ պարագաներում դեռ ասելիք կունենամ․ խոսքը վերաբերում է հատկապես Ոստիկանության տված պարզաբանմանը: Բայց գոնե այս առումով, վստահ եմ, որ էական ազդեցություն չեն ունեցել:
– Ձեր այսօրվա հայտարարության մեջ այսպիսի նկառառում կա, որ «հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը, ինչը, մի կողմից, քաղաքացիական ակտիվության գնահատելի դրսևորում է, մյուս կողմից՝ ֆինանսական և վարչական ռեսուրսի օգտագործման արատավոր երևույթի հետևանք»: Եթե ավելի պարզ ասենք՝ ընտրակաշառքի՞ց եք խոսում:

– Բնականաբար: Ե՛վ ընտրակաշառքից, և՛ վարչական ռեսուրսի օգտագործումից, և՛ ընտրողներին ուղղորդելուց, և՛ այդ ուղղորդումը վերահսկելուց․․․ և՛ վարկանիշային թեկնածուների մեծ քանակությունը, և ակտիվ աշխատանքը յուրաքանչյուր բնակչի հետ բերեց շատ մեծ մասնակցություն: Դժվար է ասել այս մասնակցությունը ամբողջովին իրակա՞ն էր, թե՞ որոշ փոքր շեղումներ հեռավոր տեղերում եղել են: Բայց որ սա նաև ակտիվություն դրսևորում էր մարդկանց՝ իրենց ձայնը կարևորելու դիրքորոշման, սա ևս ակնհայտ է:

– Դուք էլ եք իշխանություն: Երբ ասում եք՝ վարչական ռեսուրսը օգտագործվեց, նկատի ունեք, որ Հանրապետակա՞նը օգտագործեց իրեն ձայն ապահովելու համար:

– Այո: Նկատի ունեմ, որովհետև առնվազն մեր նախարարությունները, որոնք տիրապետում ենք, չենք փորձել արհեստականորեն, զուտ վարչական ռեսուրսի օգտագործման, գոնե ես որևէ ցուցում, նման օրինակ չգիտեմ: Բայց այդ ավանդույթը այսօր էլ շարունակվում է:

– Դաշնակցությունը և Հանրապետականը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ ինչպիսի պայմանավորվածություն ունեն:
– Կարծում եմ, մեր համագործակցության համաձայնագիրը, մեկ տարի առաջ կնքված, անժամկետ էր, և կարևորը այստեղ խնդիրներն են․ թե ինչ խնդիրների շուրջ ենք համագործակցելու: Մեր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս առաջիկա օրերին նման քննարկումներ կատարել: Առայժմ այդ քննարկումները չեն սկսվել:

– Այսինքն հնարավոր է, որ այդ համագործակցությունը չշարունակվի՞:

– Ես նման բան ասացի արդյո՞ք: Ես ասացի, որ քննարկումներ կլինեն առաջիկա օրերին:

Աստղիկ Բեդեւյան

azatutyun.am

Տպել Տպել