Դեմ են ՀՅԴ-ի առաջարկին

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը համարում է արտահերթ:

ԱԺ-ում հիմնական զեկուցող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրեց ՀՅԴ օրենսդրական այդ նախաձեռնությունը:

Ա.Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկում է յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ՀՀ աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափերը սահմանել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով: Աշխատավարձի ամսական նվազագույն չափը չի կարող՝

ա. պակաս լինել 12 ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվակված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից,

բ. կենսաապահովման նվազագույն բյուջեի՝ 2013թ.-ի համար՝ 80 տոկոսից, 2014թ. եւ հետագա տարիների համար հարյուր տոկոսից,

գ. միջին ամսական աշխատավարձի՝ 2013թ.-ի համար երեսուն տոկոսից, 2014թ.-ի համար քառասուն տոկոսից, 2015թ.-ին՝ հիսուն տոկոսից:

Վարդանյանն ընդգծեց, որ պատրաստ են քննարկել, մեկ տարի հետաձգել եւ սկսել 2014թ.-ից:

Իր հերթին, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովը բացասական եզրակացության է արժանացրել օրենքի նախագիծը: Ըստ նրա` ՀՅԴ-ն ավելի վատ պայման է առաջարկում, քան կա:

Հակոբյանի ելույթից հետո Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ խիստ կասկածում է, որ կառավարությունը 2017թ.-ին կկարողանա կատարել տված խոստումը:

«Օրենքով ամրագրելը մեկ բան է, քաղաքական ծրագրում ամրագրելը՝ մեկ այլ բան: Ճիշտը քաղաքական ծրագրով ամրագրելն է»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը:

Հարակից զեկուցող` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ հայտնեց, որ օրենքի նախագիծն ընդունելը նպատակահարմար չէ եւ պետք է մերժել:

Վաչե Գաբրիելյանի ելույթից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախ ընդգծեց, որ թեեւ ինքն ավելի շատ էր առաջարկում սահմանել նվազագույն աշխատավարձի չափը, բայց համաձայն է ՀՅԴ-ի հետ, հետո էլ, ակնարկելով նախարարի խոսքերը, նշեց, որ ավելի լավ է գրագետ լինել, քան կիսագրագետ: «Ձե՞ռ եք առնում»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:

Ամփոփիչ ելույթում Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Հակոբ Հակոբյանի խոսքին, նշեց, որ վերջինս օրենքի երեք չափանիշներն առանձին-առանձին է վերցնում եւ այլ թվեր ստանում: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի առաջարկությունը իրատեսական, պրագմատիկ է, եւ եթե կառավարությունը նման կառուցողական դաշտում չի գնում համագործակցությանը՝ «մեղքը իր վիզը». ՀՅԴ-ն շարունակելու է նույն ոգով, առաջարկելու են հավասարակշռված առաջարկություններ, եւ եթե կառավարությունն ուզում է մերժել՝ թող մերժի:

Տպել Տպել