Ի՞նչ «հիմքով» էր մեր ԱԳՆ-ն վստահեցնում, որ Սաֆարովի արտահանձնում բացառված է

ՀՅԴ խմբկացության անդամ Աղվան Վարդանյանի հայտարարությունն ԱԺ նոյեմբերի 13-ի նիստում

Հարգելի խորհրդարան,

Սեպտեմբերի 5-ին ԱԺ-ում արտգործնախարար պրն. Նալբանդյանը բառացիորեն ասաց հետևյալը. «Բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը՝ «Սաֆարովի արտահանձնում»,- բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին՝ ներառյալ օգոստոսի 22-ին, 23-ին, 24-ին՝ Հունգարիայի արտաքին գործերի, արդարադատության նախարարություններից, նաև՝ խորհրդարանից»:

Նույն նիստում ես խնդրեցի արտգործնախարարին՝ տրամադրել այդ շփումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Սեպտեմբերի 9-ին նամակ գրեցի ԱԳՆ: Ստացա պատասխան՝ հրավիրում ենք նախարարություն ծանոթանալու: Գնացի, կարդացի Եվրոպայի վարչության սեպտեմբերի 4-ին պատրաստած ծառայողական օգտագործման տեղեկանքը: Խնդրեցի մի օրինակ տրամադրել: Ասացին՝ չենք կարող: Վերադարձա, նոր նամակ գրեցի՝ խնդրելով տեղեկանքի կրկնօրինակն՝ ԱԳՆ աշխատանքն ավելի օբյեկտիվ գնահատելու համար: Պատասխան՝ չենք կարող տալ, նորից համեցեք, նշումներ արեք: Համբերատար այսօր նորից գնացի:

Միջանկյալ ակնկալում եմ ԱԺ նախագահի, կառավարության ղեկավարի պարզաբանումը, թե ի՞նչ հիմքով պատգամավորին չեն տրամադրում մի պարզ տեղեկանք, որի մեջ պետական գաղտնիքի նշույլ անգամ չկա: Այդ ինչու՞ նախարարը, նրա տեղակալները, վարչության պետերը, բաժնի պետերը կարող են այդ տեղեկանքը ունենալ, պատգամավորը՝ ոչ:

Հիմա տեղեկանքի բովանդակությունը: Օգոստոսի 21-ին հունգարահայ Նիկողոս Հակոբյանից լուր է ստացվում. Հունգարիայի Արդարադատության նախարարությունը պատրաստել է Սաֆարովի արտահանձնման նախագիծ, որը քննարկվելու է խորհրդարանում: 22-ին Վիեննայում մեր դեսպանատնից զանգում են Հունգարիայի ԱԺ երեք պատգամավորի: Արձակուրդում են: 23-ին զանգում են Հունգարիայի ԱԳՆ մի բաժնի պետի: Մարդը տեղյակ չէ: Նույն օրը զանգում են Արդարադատության նախարարի խորհրդականին: Խոստանում է պարզել: 24-ին Արդարադատության նախարարությունից ասում են գրավոր գրեք՝ կպատասխանենք: Դեսպանատնից նամակ են գրում: 27-ին զանգում են Արդարադատության նախարարի օգնականին՝ խնդրում ենք հանդիպում նախարարի հետ: Պատասխան՝ նախարարը խիստ զբաղված է, չի կարող: 28-ին մեր դեսպանատան մի աշխատակիցը գնում է Բուդապեշտ: ԱԳՆ -ում ասում են՝ լուր չունենք, ԱԺ-ում՝ մեր օրակարգում նման հարց չկա: Կապվում են Արդարադատության նախարարի խորհրդականին: Նախարարը զբաղված է, մոտ ժամանակներս գրավոր կպատասխանենք: Գրավոր պատասխանում են սեպտեմբերի 31-ին, երբ Սաֆարովը Բաքվում էր:

Ահա սա է մեր արտաքին գերատեսչության կատարած աշխատանքը: Դուք այստեղ հավաստիացում տեսա՞ք Հունգարիայի ԱԳՆ -ից, Արդարադատության նախարարությունից, թե նման քայլը բացառված է:

Մի կողմում Վիեննայի մեր դեսպանատան աշխատողներն են, մյուս կողմում՝ ծանոթ պատգամավորներ, օգնականներ, խորհրդականներ: Ի՞նչ իմաստ ուներ օրեր ծախսել՝ պարզելու Հունգարիայի ԱԺ-ում նման հարց կա՞, թե՞ չէ: Դժվա՞ր էր հասկանալ, որ խորհրդարանը չի կարող կապ ունենալ:

Կարո՞ղ էր մեր ԱԳՆ նախազգուշացնող հայտարարություն անել: Կարո՞ղ էին մեր Արդարադատության նախարարը, մեր կառավարության ղեկավարը դիմել իրենց գործընկերներին: Կարո՞ղ էր մեր արտգործնախարարը հրապարակային դիմել Մինսկի խմբի համանախագահներին և զգուշացնել հետևանքների մասին: Չեն արել: Իրականում ոչինչ չեն արել, բայց այս ամբիոնից Էդվարդ Նալբանդյանը հակառակն էր պնդում:

Դուք դատեք՝ որքա՞ն է մեր պետության օգուտը կռվից հետո սուր ճոճողներից:

Տպել Տպել