ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շնորհավորական ուղերձը մայիս 28-ի առթիվ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տոնի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ, ուսանողներ, սրտանց ու մեծ բերկրանքով շնորհավորում ենք մայիսի 28-ի` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տոնի առթիվ:

Մեր մեծ ու պատկառելի տոնացույցում մայիս 28-ի խորհուրդն ու նշանակությունը յուրովի է նշանավորվում: Այն ոչ միայն վճռականորեն բեկեց պատմության հազարամյա անբարենպաստ ընթացքը, մեզ դասեց պետականություն ունեցող ժողովուրդների արժանապատիվ շարքին, այլև սահմանեց մի անգերազանցելի նշաձող, որով չափվում է պետության ու ժողովրդի հանդեպ քաղաքական պատասխանատվությունը, պետական իշխանավորի անմնացորդ նվիրումը ու անկարելին կարելի դարձնելու ռազմաքաղաքական կամքը:

Բացի պատմական փառավոր էջ լինելուց, մայիսի 28-ը նաև պետականակերտման շարունակական հրամայական է` ազատ, արդար, սոցիալապես համերաշխ, բարեկեցիկ ու ապահով երկիր կառուցելու: Մեր մաղթանքն է, որպեսզի հերթական մայիսի 28-երը դիմավորենք հենց այդ հաջողությունների անխախտ արձանագրմամբ:

Տոնի խնդության մեջ մեր անմնացորդ խոնարհումն ենք հայտնում դարակազմիկ իրադարձությունը կերտած հայ ժողովրդի պետականակերտ առաքյալներին, ովքեր իրենց անհուն նվիրումով մեր հազարամյա պատմության մեջ բացեցին փառավոր ու անվախճան մի էջ»:

Տպել Տպել