Բնական է, որ ցանկացած խոշորածավալ բարեփոխում հարթ չի անցնում

Դավիթ Լոքյանը՝ համայնքների խոշորացման մասին

Բնական է, որ ցանկացած խոշորածավալ բարեփոխում հարթ չի անցնում և կան համայնքապետեր, որոնք ընտրվելուց հետո չեն ուզում զրկվել համայնքապետ լինելու վաստակած իրավունքից:Tert.am –ի հետ զրույցում` մեկնաբանելով այն, որ համայնքների խոշորացման ծրագիրը ոչ միայն ոչ միանշանակ, այլև՝ սվիններով է ընդունվում գյուղապետերի ու խոշորացվող համայնքների բնակիչների կողմից, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նա հավելեց, սակայն, որ սա ընդհանուր բարեփոխում է, որի արդյունքում պետք է ձևավորեն կլաստերներ, որոնք զարգացման խնդիրներ պետք է ունենան:

Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կﬕավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք:

Իսկ, մասնավորապես, շատ դժգոհ են միավորվող Շիրակի և Գեղարքունիքի մի շարք համայնքների բնակիչները:

Նախարարն այս առնչությամբ հավելեց. «Երեկ չէ առաջին օրն այցելել եմ Շիրակի մարզ և եղել 7 ամիս առաջ խոշորացված համայնքներում: Բոլոր վարչական ներկայացուցիչները, որոնք նախկինում համայնքապետ են եղել, միաբերան ասում էին, որ ճիշտ կլիներ, եթե մենք սա շուտ անեինք: Միացած՝ այդ մարդիկ այսօր ճանապարհ են սարքում, ջրագիծ, որի մասին իրենք ընդհանրապես չէին կարողանում երազել, երբ առանձին էին, քանի որ իրենց բյուջեները 6-7, առավելագույնը՝ 7 միլիոն են»:

Մերկապարանոց հայտարարություններ անելու մեջ չմեղադրվելու համար, Դավիթ Լոքյանն առաջարկեց զանգահարել Տեղ, Ամասիա, Սարապատ, Նոյեմբերյան և այլ խոշորացված համայնքներ և այդ մասին հավաստիանալ անձամբ:

«Եվ հավաստիացնում եմ, որ Դուք, բացի լավից որևէ վատ բան չեք լսի»,- ավելացրեց նախարարը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք խոշորացման դեմ բողոքողների ակցիաները ինչ-որ մեկի կողմից սադրա՞նք էին, Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ դա եղել է Վարդենիսի տարածաշրջանում, փախստական բնակիչներով բնակեցված գյուղերի ներկայացուցիչների կողմից: Հիմնականում՝ աշխատակազմերի ղեկավարների, հաշվապահությունների ներկայացուցիչների կողմից:

«Կազմակերպել են այդ միջոցառումը, բայց երբ նույն համայնքապետերի հետ խոսում էի, ասում էի՝ ինձ բացատրեք՝ ինչու եք 6 միլիոն դրամ ծախսելով ուզում մնալ համայնքապետ, մանավանդ որ այդ գումարի 98 տոկոսը տրվում է աշխատավարձ… Այնպես որ, սա նրանց պարզագույն խնդիրն է՝ պահել իրենց իրավունքները համայնքների նկատմամբ: Բայց եթե նույն համայնքապետը բարեխիղճ է եղել, պահպանում է վարչական ղեկավարի իր կարգավիճակը՝ իր կնիքով, իր իրավունքներով, կարող է մասնակցել ավագանու նիստերին, արտահերթ հարցեր մտցնել, և իր գյուղի բոլոր հոգսերի պատասխանատուն ինքն է: Իսկ գյուղացին ունենալու է իր գյուղապետարանը, կամ՝ անվանենք, որ վարչական ղեկավարի գրասենյակն ունի օպերատոր, որն ավտոմատ բոլոր տեղի բնակիչների խնդիրները լուծում է»,- մանրամասնեց Դավիթ Լոքյանը:

Անդրադառնալով հարցին, թե խոշորացվող սահմանամերձ գյուղերը պահպանելո՞ւ են իրենց կարգավիճակը սահմանամերձ լինելու մասով, թե ոչ, Լոքյանը նշեց, որ պահպանելու են և ունենալու են բոլոր նախկին արտոնությունները, որոնք վերաբերում են գազի, հոսանքի, ջրի վարձավճարներին, ինչպես նաև հողի և գույքի վարձավճարներին:

«Նույնիսկ հնարավոր է՝ ապագայում առավելություններն ավելանան: Մարդկանց կյանքում որևէ բան չի փոխվելու»,- հավաստիացրեց նախարարը:

Նրա ամփոփմամբ՝ խոշորացման արդյունքում ձևավորվում են լուրջ բյուջեներ, որոնք կարող են օգտագործվել կառուցապատման, ճանապարհաշինության և այլ համայնքային կարևոր ծրագրերի համար:

Անի Գևորգյան

tert.am

Տպել Տպել