Հայաստանը հատուկ ճիգ պետք է գործադրի, որ առյուծի բաժինը Թուրքիան և Ադրբեջանը չունենան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք ֆրանսահայ համայնքին կոչ արեցին նախագահական ընտրություններին սատարել Էմանուել Մակրոնին, որովհետև նկատել էին՝ թեկնածուներից լավագույնը Ֆրանսիայի և նաև հայ համայնքի շահերի համար կարող է նա լինել:

«Նա երեք տարի աշխատել էր Ֆրանսուա Օլանդի հետ, մեզ ճանաչում էր: Մենք կազմակերպեցինք մեր հարաբերությունները որոշ կետերի շուրջ: Առաջինը նախ Հայոց ցեղասպանության ուրացման դեմ մեր քայլերն էին, այն ժամանակ, սակայն, դեռ չէինք որոշել, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Երկրորդը՝ Արցախի հիմնախնդիրն էր, որ պետք է համախմբվենք և առաջնահերթություն համարենք հիմնախնդիրը: Երրորդ կետը՝ Հայաստանի հետ Ֆրանսիայի կապերն ուժեղացնելու մասին էր»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան հայամետ երկիր է, կարող է հայամետ կառավարություն էլ ունենալ, բայց դրա համար պետք է աշխատի նաև Հայաստան պետությունը: «Հայաստանը հատուկ ճիգ պետք է գործադրի, որ առյուծի բաժինը Թուրքիան և Ադրբեջանը չունենան: Սա նշանակում է, որ ոչ մի բան բնական չէ, Հայաստանը պարզապես մեծ շանս ունի, քանի որ սփյուռք ունի Ֆրանսիայում, սփյուռք, որն ամենաբարձր մակարդակի վրա կապեր ունի և աշխատանք է տանում բոլոր քաղաքական կուսակցությունների, պատգամավորների, ծերակուտականների, կառավարության և նախագահի հետ»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը, խոսելով ֆրանսահայ համայնքի համար գոյություն ունեցող առաջնահերթություններից, նշեց, որ իրենք կարևոր են համարում Արցախի ճանաչման գործընթացի առաջմղումը: «Կան քաղաքներ և վերջինը Արֆորվիլ քաղաքն է, որը բարեկամական պայմանագիր է ստորագրել Արցախի Բերձոր քաղաքի հետ: Սա նշանակում է, որ Ֆրանսիայի քաղաքը ճանաչում է Արցախի քաղաքը որպես հայկական քաղաք: Եթե այդպես տասը, քսան, հիսուն, վաթսուն, հարյուր քաղաք աշխարհում ճանաչի Արցախի քաղաքներն իբրև հայկական քաղաք, դե ֆակտո ճանաչում կդառնա և ցույց կտա, որ հանրային կարծիքը պրո-հայկական հանրային կարծիք է: Սա պայքարի միայն մեկ երեսն է, միակը չէ, անշուշտ, բայց կարող ենք հաջողել, և մեզ համար հաջողություն կլինի դա, և, հավանաբար, Արցախի համար էլ նոր շունչ»,- ասաց նա:

Դիտարկումների հետ, թե Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, պասիվություն է դրսևորում ԼՂ կարգավորման գործընթացում, Մուրադ Փափազյանը չհամաձայնեց: Նա հիշատակեց, որ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր հակամարտության կողմերին հստակ ծրագիր․ «Արցախը պետք է ճանաչվեր որպես անկախ հանրապետություն, առաջարկել էր, որ Արցախում հանրաքվե կազմակերպվի 1988 թվականի տվյալներով՝ 75 տոկոս հայ և 25 տոկոս ադրբեջանցի մասնակցեն: Արցախի ժողովուրդը պետք է որոշեր՝ ինքը ցանկանո՞ւմ է անկախ լինել, հետո դա պետք է ճանաչվեր միջազգային հանրության կողմից, միևնույն ժամանակ, նա առաջարկում էր, որ հայերը Ադրբեջանին տան հինգ շրջանները և ոչ թե յոթը, ոչ թե Լաչինն ու Քելբաջարը: Սա Օլանդի առաջարկն էր, կարող էինք համաձայնվել կամ՝ ոչ»,- ասաց նա՝ նշելով, որ սա հաշվի առնելով՝ պետք է նկատենք, որ Օլանդի ղեկավարած Ֆրանսիան պասիվ չի եղել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում:

Թե ինչպես կվարվի և ինչ դիրքորոշում ունի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, Մուրադ Փափազյանի խոսքով, դեռ պարզ չէ: «Մենք գիտենք, որ Ֆրանսիայի մեջ պրո-հայկական մթնոլորտ կա, որովհետև աշխատեցինք այդ ուղղությամբ, բայց պետք է դեռ աշխատենք: Մեր դիմաց երկու հզոր երկրներ են, որ միասին են աշխատում՝ Ադրբեջանը և Թուրքիան»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։

tert.am

Տպել Տպել