Բոլոր հիմքերն ունենք լավատեսության համար

Մոտ տասը ծրագիր է ներկայացվել անցյալ տարվանից և տարվա սկզբից՝ 1,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ծրագրերը դեռևս քննարկման փուլում են. այս մասին ասել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Tert.am-ի հետ՝ Գյումրիում ներդրումային ծրագրերի ու այլ հարցերի շուրջ զրույցում։

-Պարո՛ն Խաչատրյան, վարչապետի նախորդ այցի ժամանակ քննարկվեցին Գյումրիում ներդրումային ծրագրերը և մի շարք ոլորտային հարցեր: Ի՞նչ ծրագրեր կան, կա՞ն ծրագրեր, որոնք արդեն իրականացվում են:

-Վարչապետն առաջիկա օրերին կայցելի Գյումրի, կխոսենք ոլորտային խնդիրների, գյուղատնտեսության, կրթության, քաղաքաշինության, սոցիալական հարցերի, առողջապահության և այլ հարցերի մասին: Առանցքային կլինեն մարզում իրականացվող և իրականացվելիք քննարկման փուլում գտնվող ներդրումային ծրագրերը:

Մոտ տասը ծրագիր է ներկայացվել անցյալ տարվանից և տարվա սկզբից՝ 1,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ծրագրերը դեռևս քննարկման փուլում են, փաստացի ֆինանսավորում որևէ ծրագիր չի ստացել, բայց հույս ունենք, որ ամռան դադարից հետո ծրագրերից մեկն արդեն ֆինանսավորում կստանա: Գոնե բոլոր հիմքերն ունենք նման լավատեսության համար: Դրանից բացի, քննարկվել է համայնքային զարգացման շուրջ 30 ծրագիր՝ կապված բոլոր տարածաշրջանների հետ: Դրանք մի քանի միլիարդ ծավալ ունեն՝ գյուղատնտեսությունից սկսած մինչև ոռոգում, հակակարկտային կայաններ, տուրիզմի զարգացում և այլն:

-10 ներդումային ծրագիր կա, ո՞ւմ կողմից են լինելու ներդրումները:

-Մեր ձեռներեցների կողմից, ձեռնարկությունների ընդլայնման վերաբերյալ ծրագրեր են, որոնք կառավարությունում քննարկվել են և վարկային կազմակերպությունն ուսումնասիրում է այդ հայտերի վարկունակությունը:

-Գյումրի այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր 500 000 դոլարի ներդրում անել և իրականացնել Կումայրի ծրագիրը: Աշխատանքներ կատարվո՞ւմ են:

-Կումայրի ծրագիրն իրականացման փուլում է, այժմ էլ ամբողջ թափով Ռուսթավելի փողոցի շինարարությունը շարունակվում է: Ես կարծում եմ, որ այդ ծրագիրը համակարգային նշանակություն է ունենալու թե՛ քաղաքի, թե՛ մարզի զարգացման համար, մասնավորապես՝ տուրիստական գրավչությունը բարձրացնելով: Ծրագիրն ընթացքի մեջ է:

-Ասացիք, որ 30-ից ավելի համայնքային ծրագրեր կան, հիմնական շեշտը ո՞ր ոլորտի վրա է դրված:

-Հաշվի առնելով մարզի գյուղատնտեսական ուղղվածությունը՝ իհարկե գյուղատնտեսությանն է վերաբերում՝ հակակարկտային կայաններ, ոռոգման ցանցեր, սերմերի զտիչ կայաններ են լինելու, ունենք նաև սառնարանային տնտեսության ծրագիր, որպեսզի բանջարեղենը պահվի և վաճառվի սեզոնից դուրս ու ավելի թանկ գնով:

– Ի՞նչ հետաքրքիր վայրեր են լինելու, որ զբոսաշրջիկը կանգ առնի Շիրակի մարզում:

– Կառավարության և մարզի զարգացման գերակա ոլորտ է տուրիզմի զարգացումը: Կարող ենք պրոդուկտներ առաջարկել տուրիստների տարբեր շերտերին. մենք ունենք Մարմաշենի վանական համալիրը, Հառիճի վանքը և Անիի ավերակները և այլ պատմական արժեքներ: Քաղաքային տուրիզմի սիրահարներին մենք կարող ենք առաջարկել զբոսաշրջություն Գյումրիում, մանավանդ Կումայրի ծրագրի ավարտից հետո, երբ կվերականգնվի հին Գյումրիի մի փոքրիկ հատված: Հյուսիսում գյուղատնտեսական և էքստրեմալ տուրիզմի վերաբերյալ. խոսքը վերաբերում է Արփի ազգային պարկի շրջակայքի զարգացմանը, որտեղ կարող ենք ունենալ էքստրեմալ տուրիզմի բոլոր դրսևորումները թե՛ ցուրտ, թե՛ տաք ամիսներին՝ թռչունների դիտարկում, ձկնորսություն, ձիարշավ, դահուկային սպորտ, սառցի վրա ձկնորսություն, գյուղատնտեսական տուրիզմ, երբ տուրիստները կարող են մնալ գյուղացիների տանը, և ապրել այդ կենսակերպով: Ընդհանուր ծրագրի զարգացումը մշակված է, ներկայացրել ենք Շվեդիայում մեր դեսպանությանը, որը քննարկել է: Մենք հույս ունենք, որ սեպտեմբերի կեսերին այնտեղից փորձագիտական խումբ կգա, որպեսզի կարողանանք ավելի համապարփակ և ճիշտ ծրագիր մշակել Արփի լճի հետ կապված:

-Գյումրիում անօթևանների խնդրի լուծումն օրակարգո՞ւմ է:

– Անօթևաններին բնակարաններով ապահովելու պետական ծրագիրը կա: 1500 ընտանիքի մասին է խոսքը: Պլաններում իհարկե կա, ուղղակի պետք է կարողանանք ճիշտ թիրախավորել, որ նրանք, ովքեր բնակարան են կորցրել, իրե՛նք ստանան բնակարաններ:

tert.am

Տպել Տպել