Արթուր Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ օգոստոսի 31-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
«Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել Արթուր Աղաբեկյանին։

Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, Արցախի, Հայաստանի եւ արտերկրի մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ, բարերարներ, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Արվեստի եւ լրագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ բարձր է գնահատում մարդկանց, ովքեր նշանակալի արդյունքների են հասել իրենց ծառայության մեջ եւ աշխատանքում՝ ի նպաստ մեր հայրենիքի:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Արցախի հերոս» կոչմանն արժանանալը մեծ ուրախություն ու հպարտություն է: Ես իմ բոլոր ձեռքբերումների համար առաջին հերթին երախտապարտ եմ իմ ծնողներին: Իմ կրծքին հպարտությամբ կրելու եմ «Ոսկե արծիվ» շքանշանը որպես 11 000 հադրութցիների գնահատում, համարելով, որ այն պետական երախտիքն է 306 նահատակ հերոսներին, որոնք վայրկյան անգամ չերկմտեցին իրենց կյանքը այսօրվա Արցախին եւ վաղվա միացյալ պետականությանը նվիրելու համար: Շնորհակալություն նախագահ Բակո Սահակյանին, իմ մարտական եւ կուսակցական ընկերներին անկախության 26 տարիներին Արցախին եւ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար»,- իր ելույթում նշել է Արթուր Աղաբեկյանը:

Տպել Տպել