ԵԱՏՄ-ից դուրս գալը արհեստական օրակարգ է, այդ առաջարկությունը ԱԺ-ում կձախողվի

Սեպտեմբերի 4-ին, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով ՀՅԴ-ի համաժողովի ժամանակ armtimes.com-ը ՀՅԴ-ական պատգամավոր, ՀՅԴ-ի խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե կուսակցությունում ինչ կարծիք ունեն այն մասին, որ Հայաստանը դադարեցնի ԵԱՏՄ-ին իր անդամակցությունը:

Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն կարծիք էր հայտնել, որ Հայաստանի համար շահավետ կլինի, եթե դուրս գա ԵԱՏՄ-ի կազմից:

«Նախ՝ պետք է ասեմ, որ «Ելք»-ը նման հայտարարություն չի արել: «Ելք»-ի մաս կազմող քաղաքական ուժերը նման տեսակետ հայտնել են, բայց որպես խմբակցություն նման առաջարկով դեռ հանդես չի եկել: ԵԱՏՄ-ից դուրս գալը, գոնե այս պահին, արհեստական օրակարգ է: Ներկայիս Ազգային ժողովի համայնապատկերում նույնիսկ նման առաջարկությունը կձախողվի, ուրեմն խոսել մի բանի մասին, որի հիմքերը միայն քարոզչական են ու նախապատրաստական՝ տեղին չէ: Երբ պաշտոնապես Ազգային ժողովի օրակարգում կլինի նման հարց, բնական է, որ կքննարկենք»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը եւ հրաժարվեց հիմնավորել, թե արդյո՞ք երկրի համար շահավետ է այդ կառույցի կազմում լինելը, թե՝ ոչ:

armtimes.com

Տպել Տպել