Ազգային էության մասին

Նախորդ համարում մենք փորձեցինք ըմբռնել անգլիական հասարակությանը ցեմենտող Ավանդույթի իմաստը: Որոշակի գծապատկեր մեզ հաջողվեց ստանալ, բայց գլխավորը ոչ թե դա է, այլ բովանդակությունը: Ավանդույթի հիմքում կայունությունն է՝ զարգացման, առաջընթացի, գերակայության կայունությունը: Ավանդույթով զինված և առաջնորդվելով «Իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով՝ անգլիացին ամրոցի է վերածում նախ իր ամբողջ կղզին, հետո նաև՝ ամբողջ կայսրությունը:

Նա ամբողջ աշխարհն է դարձնում իր տունը, տուն, որտեղ ինքն է տերը: Բրիտանացին գնում է Նոր աշխարհ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա և այնտեղ վերստեղծում Բրիտանիան՝ իր աշխարհը: Այդ աշխարհում նա ապրում է՝ ինչպես Անգլիայում, ենթարկվում է իր օրենքներին, թեյ է խմում երեկոյան ժամը հինգին, գոլֆի դաշտում խոտը կտրատում, ձեռքօգնում կառքից իջնող կնոջը, և լորդին կամ բարոնետին երբեք գավառական «միսթըր» բառով չի դիմում: Չէ՞ որ ոչ միայն բուն Ավանդույթն է կարևոր, այլև դրա անմիջական կրողների՝ այդ նույն լորդերի ու բարոնետների առկայությունը: Իր ամրոց-աշխարհի սահմաններից դուրս անգլիացին կաշկանդված չէ Ավանդույթով՝ նա կարող է խաբել և ոչնչացնել ամբողջ ցեղեր, օտար երկրներում անտառներ հատել և գետեր թունավորել, օտար երկրների ընդերքը թալանել, ցեղերին, ազգերին ու պետություններին իրար դեմ լարել, կոռուպցիոն գործարքների մեջ մտնել (օրինակ՝ նավթային ոլորտը տնօրինող ադրբեջանցի պաշտոնյաների հետ):

Մեր հայրենակիցը նույնպես առաջնորդվում է «Իմ տունն իմ ամրոցն է» սկզբունքով, բայց անհատական կենսունակությունից բացի՝ ուրիշ ոչնչով զինված չէ. նրա ավանդույթի շրջանակները սահմանափակ են, չեն ընդգրկում հասարակական կյանքի ոլորտը, այդ պատճառով էլ հայը ներփակվում է իր ընտանիքի, իր տուն-ամրոցիկի մեջ, և թող կորչի այն ամենը, ինչն այդ տան պատերից դուրս է:

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են մեր հայրենակիցները պատշգամբից կամ ավտոմեքենայի պատուհանից աղբը դուրս նետում: Նրանք աղբը նետում են իրենց աշխարհից այն կողմ՝ ասես մի օտար, անպետք երկիր: Տուն-ամրոցը մենք բառացի ենք հասկանում՝ բնակարանի իմաստով: Հանրային այգու ծառերը կտրելը, անտառն աղտոտելը, քո աշխարհից դուրս և հանուն քո աշխարհի գողություն անելը՝ ամոթ բան չէ: Ամոթ չէ պարծենալը, որ կաշառքով «հարցերը լուծել ես» և ընդունվել ես «փողոտ» գործի, որդուդ քրեական պատասխանատվությունից ես ազատել կամ բանակից, աղջկադ՝ ինստիտուտ դասավորել: Ամոթ չէ, քանի որ այդ ամենը տեղի է ունենում ուրիշ և ոչ թե սեփական աշխարհում, որը սահմանափակվում է ընտանիքով, ընկերներով և մտերիմներով: Իսկ այդ սեփական աշխարհ-ամրոցում կարգուկանոն է տիրում: Ինչպես անգլիացիների շրջանում: Միայն թե նրանց այդ տուն-ամրոցը շատ ավելի մեծ է մեր փոքրիկ, սահմանազատված աշխարհիկներից և ընդգրկում է ամբողջ երկիրն ու բոլոր բրիտանացիներին: Մեր աշխարհն այդքան ընդարձակ չէ, մեր աշխարհը մեր ընատնիքն է և մեր հարազատները: Կասեք՝ իսկ ի՞նչ պակաս ավանդույթ է: Այո, գուցե դա էլ է յուրատեսակ ավանդույթ, միայն թե դրա հիմքում չկա ուղղվածություն դեպի զարգացում, առաջընթաց և գերակայություն: Հակառակը՝ դա գոյատևման ավանդույթ է: Խղճուկ գոյատևման: Տեսնենք, թե ինչպես, երբ և ինչու է այն ձևավորվել:

Տասը հարյուրամյակ առաջ Հայաստանում տիրող իրավիճակը որոշ չափով նման էր ներկա վիճակին: Եթե նույնիսկ այնքան էլ նման չէր՝ համենայնդեպս բավականին ուսանելի էր: Հայաստանն անկախ էր: Եվ այն էլ ոչ թե մեկ Հայաստան կար այն ժամանակ, այլ մի քանի՝ Անիի և Կարսի թագավորությունները, Վասպուրականը, Տաշիր-Ձորագետը, Սյունիքի և Արցախի մելիքությունները և այլ տիրույթներ: Ամենուրեք կառավարում էին հայ թագավորներ և իշխաններ, իշխում էր Հայոց եկեղեցին, դատում էին հայ դատավորները՝ հայկական դատաստանագրքերով և հայերենով:

Չնայած երիտասարդների համար այն ժամանակ էլ էր դժվար իրենց ուժերն ու կարողություններն իրացնելու հնարավորություն գտնելը, և արտագաղթ երևույթը նույնքան տարածված էր, որքան հիմա:Հարևանությամբ Ուղղափառ կայսրությունն էր: Ոչ թե Ռուսաստանը՝ իր Դաշնային միգրացիոն ծառայությամբ, այլ Բյուզանդիան: Բայց ինչպես ժամանակակից, իսկ մինչ այդ՝ խորհրդային կամ ցարական Ռուսաստանում, հայն իրեն այնտեղ օտարության մեջ չէր զգում: Հակառակը՝ Բյուզանդիայում հայերն իրենց շատ ավելի հարմարավետ էին զգում, քան հայրենիքում: Հայերը, ինչպես նաև հույները, պետականաստեղծ ազգեր են եղել, որոնց ներկայացուցիչների համար չկա ոչ մի խոչընդոտ՝ ամենաբարձր պաշտոնները զբաղեցնելու հարցում՝ ընդհուպ մինչև կայսերական գահ:

Իսկ մահմեդական ագրեսիվ հարևանների վտանգավոր աշխարհի սահմանին գտնվող նախնիների հողում՝ փոքր և աղքատ հայկական իշխանություններում ինքնահաստատման, տաղանդը դրսևորելու, հասարակական ճանաչում ձեռք բերելու, հարստանալու իրենց ձգտումը բավարարելու հնարավորությունները սահմանափակ էին: Բյուզանդիայում, որտեղ նաև Հայկական տոհմից սերող կայսրեր էին կառավարում, շատ ավելի մեծ հնարավորություններ կային: Կայսրություններում հնարավորությունները միշտ էլ ավելի շատ են լինում: Հայ ազնվականները, ովքեր հայրենիքում ստիպված էին ատամները սեղմած ընդունել Բագրատունիների և Արծրունիների գերիշխանությունը, Կայսրությունում անցնում էին զինվորական կամ քաղաքացիական ծառայության և անհավանական բարձունքների հասնում, հնարավորություն ստանալով վերևից նայել Անիի կամ Վանի իրենց սյուզերեններին:

Ի դեպ այս վարքագիծը ձեզ չի՞ հիշեցնում արտասահմանում (հատկապես Ռուսաստանում) բնակվող ժամանակակից որոշ հայ մեծահարուստների՝ հայրենիքի հանդեպ իրենց մեծամիտ վերաբերմունքով և հայրենիքում կայսերական շահերի քարոզիչ դառնալու քաղաքական նկրտումներով: Իսկ չէ՞ որ Բյուզանդիայի ժամանակներում՝ հազար տարի առաջ, նրանց նմաններին հաջողվեց անել դա, ինչը Հայաստանի համար կործանարար հետևանք ունեցավ: Բայց ինչո՞ւ հաջողվեց:

Պատճառը պարզ է. այն ժամանակվա, ինչպեսև հիմիկվա հայկական վերնախավը չուներ ազգային ամբողջ ներուժը համախմբելու միջոցով ուժեղ միասնական պետություն կառուցելու ամուր ուղեցույց: Նրա ներկայացուցիչներն իսկ զուրկ էին բարոյական և կամային անհրաժեշտ հատկանիշներից: Իրենք էլ զուտ գոյատևման խնդիր էին լուծում: Արդեն այն ժամանակ հայկական վերնախավն սկսեց վերածվել անփառունակ կեղծ էլիտայի: Այն մասին, թե դա ինչ է՝ մենք արդեն խոսել ենք նախորդ հոդվածաշարում: Ավելին՝ չհասկանալով իրենց իսկական կոչումը՝ հայրենիքում կառավարող հայ թագավորներից և իշխաններից շատերը նախանձով էին նայում նրանց, ովքեր հաջողել էին բարձր պաշտոնների հասնել Բյուզանդիայի կամ ուրիշ պետությունների պալատներում: Այդ պատճառով էլ նրանք էլ էին առաջին իսկ ստեղծված հնարավորությունը կամ հարմար առիթն օգտագործում, որպեսզի առանց զղջման հեռանային հայրենիքից՝ հանուն Կայսրության թևի տակ կայուն գոյության:

Հիշեք վասպուրականցի թագավոր Սենեքերիմ Արծրունուն, ով իր ժառանգական բոլոր կալվածքները, որոնք բազում հարյուրամյակներ նրա տոհմին էին պատկանում, տվեց Բյուզանդիայի կայսր Բարսեղ Բուլղարասպանին (ով ի դեպ հայ էր)՝ փոխարենն ստանալով պատրիկի տիտղոս և ինչ-որ հողեր Փոքր Ասիայի միջին մասում՝ թուրքերից հեռու: Նրա հարևանությամբ հողեր էին ստացել Գագիկ Անեցին ու Գագիկ Կարսեցին, ովքեր նույնպես իրենց թագավորությունները՝ այսինքն մեր երկիրը, զիջել էին բյուզանդացիներին, որոնց ձեռքով էլ հենց շուտով սպանվեցին:

Բայց չէ՞ որ նրանք մենակ չէին հեռանում, իրենց հետ տանում էին ընտանիքներին, հարազատներին, պալատականներին, ծառաներին և ամենակարևորը՝ զինվորական ջոկատներ, այսինքն բնակչության մարտունակ մասին: Նրանք՝ հայ ժողովրդի առաջնորդները, ժողովրդին և երկիրը թողնում էին անօգնական, առանց ղեկավարի, առանց հույսի: Դրա հետևանքով էլ Հայաստանի պատմական մարզերը դատարկվեցին, աղքատացան և թուլացան՝ թուրք սելջուկների համար վերածվելով հեշտ ավարի: Բայց դա առանձին պատմություն է: Իսկ մեզ հետաքրքրում է, թե ինչպես են այդ՝ թվում է, թե ամենևին էլ ոչ սարսափելի (առայժմ) ժամանակներն անդրադարձել մեր՝ ինչպես հիմա ընդունված է ասել՝ ազգային մտածելակերպի վրա:

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ անելանելի դրության մեջ հայտնվեցին գյուղացիները, արհեստավորները, հոգևորականները, մի խոսքով՝ հասարակ ժողովուրդը, որին նրա կառավարիչները, նրա պաշտպանները թողել էին ճակատագրի քմահաճույքին: Եթե այդ պաշտպանները, այդ վերնախավը զոհվեին մարտերում՝ կատարելով իրենց պարտքը, ինչպես նրանց նախնիներն էին զոհվել պարսիկների և արաբների դեմ ազատագրական պատերազմներում, ժողովրդի ոգին կամրանար, և կամրանար ամբողջ երկիրը: Եվ կհայտնվեին նոր պաշտպաններ, նոր վերնախավ: Ավանդույթը կշարունակվեր:

Եթե 11-13-րդ դարերի Հայաստանի կառավարիչները գոնե փորձեին դիվանագիտական խորամանկություններ կիրառել՝ ձևականորեն ընդունելով իսլամը, բայց իրենց ժողովրդին պաշտպանելով ստիպողական կրոնափոխությունից և իրենց ուսերից չգցեին պատասխանատվությունը, ինչպես հետագայում վրացի իշխաններն ու թագավորներն արեցին, ապա նույնիսկ այդ ժամանակ ժողովուրդը դեռ հույս ու հավատ կունենար իր իշխանությունների հանդեպ:Բայց նրանք պարզապես հեռացան՝ երկիրը թողնելով ճակատագրի քմահաճույքին:

Իմ կարծիքով հենց այդ ժամանակ հայ ժողովուրդը կորցրեց հավատն իր վերնախավի, իր իշխանության և որպես հետևանք՝ պետականություն ունենալու իր կարողության հանդեպ: Այդ իրադարձություններին հաջորդած և նույնիսկ որպես դրանց հետևանք դիտարկվող Կիլիկյան Հայաստանի փայլուն ժամանակները չէին կարող հին հայրենիքում պետականություն վերածնել կամ դրա հանդեպ ձգտում: Իշխանության հեղինակություն հասկացությունը տրորվեց հենց իշխանության անպատասխանատու վարքով: Եվ ժողովրդի ազատատենչ ոգու պարբերական բռնկումները հանգչում էին, քանի որ չկային անսասան հեղինակություն ունեցողներ, ովքեր ի վիճակի լինեին ղեկավարելու վերածնունդը:

Իսկ եթե նույնիսկ հայտնվում էին նման կերպարներ (օրինակ Դավիթ Բեկը)՝ նրանց ճակատագիրը կանխորոշված էր, քանի որ մեր հասարակությունում գերիշխող դիրքում էին նրանք, ում բավարարում էր նման իրադրությունը: Հայաստանը պահպանվում էր տան օջախներում և եկեղեցու պատերի ներսում, դրանց սահմաններից այն կողմ Հայաստան չկար: Դրանց սահմաններից դուրս օտար երկիր էր, որտեղ իշխում էին օտար ցեղերը, բարբարոսական օրենքները: Քաղաքական հեղինակություն հասկացությունը երկարատև քուն մտավ, իսկ միայն բարոյական հեղինակությունը, որը դարձել էր Եկեղեցու մենաշնորհը, բավարար չէր: Բավարար չէր ինչի՞ համար, կհարցնեք դուք: Այդ մասին՝ հաջորդ համարում:
Շարունակելի

Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ
ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ՚

Տպել Տպել