Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, բայց ՀՀԿ-ն խորհրդակցելու է ՀՅԴ-ի հետ՝ թեկնածուի առաջադրման հարցում

Կոալիցիա ձևավորելուց դեռևս առաջ ՀՀԿ ու ՀՅԴ միջև ձևավորված քաղաքական խորհուրդը շարունակում է հանդիպումներ անցկացնել ու հարցեր քննարկել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե վերջին անգամ երբ է հանդիպել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն խորհուրդը և ի՞նչ հարցեր կան օրակարգում՝ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց. «Որոշակի պարբերականությամբ խորհուրդը նիստեր է գումարում, քննարկվում են առկա հարցերը: Եթե լինում են Ազգային ժողովում քննարկվելիք կարևորագույն նախագծեր, համատեղ նիստեր ենք անցկացնում ու միասին փորձում ենք որոշումներ կայացնել ու համախոհություն ձևավորել: Սովորական աշխատանքային գործընթաց է»:

Վարդանյանն ասաց, որ երկու-երեք օր առաջ ՀՀԿ-ՀՅԴ ֆրակցիաները նիստ են գումարել, իսկ խորհուրդը վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ է հանդիպել:

Հարցին՝ խորհուրդը քննարկելո՞ւ է 2018թ.-ի վարչապետի թեկնածուի հարցը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ կոալիցիոն համաձայնագրով նախատեսված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, բայց ՀՀԿ-ն խորհրդակցելու է ՀՅԴ-ի հետ՝ թեկնածուի առաջադրման հարցում:

Տպել Տպել