Հեռացող՝ չի նշանակում վերացող

Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի մասին


«Հեռացող՝ չի նշանակում վերացող», «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է մոտ հինգ ամսից նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի լիազարությունները վայր դնող Սերժ Սարգսյանը կարգադրում երկու ամսում բանակի արդիականացման յոթամյա ծրագիր մշակել:

Հիշեցնենք՝ այդ մասին երկրի ղեկավարը հայտարարեց երեկ՝ շեշտելով, որ այդ ծրագիրը պետության ամենագլխավոր խնդիրներից մեկն է լինելու: «Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը։ Հանձնարարում եմ նախարարին երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին։ Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը մենք կհաստատենք 2018 թվականի հունվարի 28-ին՝ մեր Բանակի ծննդյան օրը», – ասել է նախագահը։

– Պարոն Ռուստամյան, սա տարօրինակ չէ՞ այն առումով, որ, ի վերջո, Սերժ Սարգսյանը հեռացող գերագույն գլխավոր հրամանատար է։

– Հեռացող՝ չի նշանակում վերացող։ Մարդը հեռանում է, բայց պահպանելու է, բնականաբար, իր ակտիվ գործունեությունը, և ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ինչ կարգավիճակ էլ ունենա, անվտանգության, պաշտպանության հարցերը պետք է մնան առաջին՝ թիվ մեկ հարցն իր կյանքի համար։

– Պարոն Ռուստամյան, հինգ-վեց ամսից նոր կառավարություն պետք է ձևավորվի, նոր վարչապետ, որը լինելու է, ըստ Սահմանադրության և «Պաշտպանության մասին» օրենքի, գերագույն հրամանատարը, և նա կարող է հակասություններ է տեսնում ու չի ընդունում արդեն իսկ յոթ տարվա հայեցակարգը ու նա չեղյալ է հայտարարում, ի վերջո նոր գերագույն գլխավոր հրամանատարը ունի դրա իրավունքը։

– Դրա համար համապատասխան ընթացակարգեր կան, մեկը մյուսին բացարձակ չի խանգարում, մենք մինչև հիմա էլ ունենք դոկտրիններ մշակած, որը կարելի է այսօր վերանայել և ավելի թարմացնել, լրացնել։

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանի այս հանձնարարականն, ընդ որում կարճ ժամկետում՝ երկու ամսվա ընթացքում, այդ հայեցակարգը մշակել և արդեն Բանակի օրը՝ հունվարին, հաստատել այդ ծրագիրը։ Սրանք որոշակի նախապատրաստական աշխատանքներ են՝ Սերժ Սարգսյանի հետագա կառավարման մեջ, իշխանության մեջ մնալու ծրագրերը ապահովելու տեսանկյունից։

– Չէ, ես երբեք չեմ լսել Սերժ Սարգսյանից, որ ինքը պատրաստվում է հեռանալ ասպարեզից։ Այդպիսի բան երբեք չի էլ ասել, իսկ ինչո՞ւ պետք է ասի։

– Իսկ ինչպե՞ս է մնալու, որ կարողանա պաշտպանական ոլորտի վրա իր անմիջական վերահսկողությունը շարունակել։

– Եթե նախագահ չես, Ազգային ժողովի նախագահ չես, պաշտոն չունես, ուրեմն չե՞ս կարող լինել ասպարեզում։

– Բանակը քեզ չի ենթարկվի, եթե դու վարչապետ չես, Ազգային ժողովի նախագահ չես։

– Ենթարկվելու մասին չի խոսքը գնում, մասնակցության մասին է խոսքը գնում, քո լուման բերելու մասին է խոսքը գնում։

– Հեռահար նպատակներ չե՞ք տեսնում այստեղ։

– Հեռահար… Ձեր պատկերացրած հեռուները չեմ տեսնում, բայց նպատակներ տեսնում եմ։

Տպել Տպել