Ամենակարևոր խնդիրներից մեկը միջին մասնագիտական հաստատություններին իրենց առաքելությանը բերելն է

Ազգային ժողովում մեկնարկել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները, որը վարում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը, ողջունելով խորհրդարանական լսումներին ներկա անձանց, շեշտեց, որ այսօր խնդիր կա բացահայտելու ՀՀ կրթական համակարգի տված հնարավորությունները:

«Խնդիր ունենք բացահայտել այն հնարավորությունները, որոնք ստեղծված են այս ոլորտում գործունեության համար: Բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի անհրաժեշտ կադրերի պատրաստմանը»,- ասաց Բոստանջյանը:

Իսկ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ երբ 1998թ. ընդունեցին կրթական քաղաքականության փաթեթը, ծրագիրն այն էր, որ պետք էր ունենալ մայր օրենք կրթության մասին, կրթակարգ, որը կդիտարկեր կրթության համակարգն ամբողջության մեջ՝ իր բոլոր աստիճաններով:

«Այնուհետ քաղաքականությունը փոխվեց. 2000-ականների սկզբին կրթակարգի հետ միաժամանակ փորձ էր արվում յուրաքանչյուր ոլորտը սեգմենտավորել: Այստեղ ամենակարևորն անցումների ու կամուրջների անկատար լինելն էր: Սա որոշակի հակասություն առաջացրեց օրենսդրության մեջ: Հիմա նորից կրթակարգի գաղափարախոսությանն ենք վերադարձել»,- նշեց Լևոն Մկրտչյանը:

Նախարարը կարծում է, որ աստիճանաբար սկսում է ջնջվել միջին մասնագիտության և բակալավրիատի միջև եղած տարբերությունը:

«Շատ կարևոր է անցումը դպրոցից միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության շրջանին: Մենք ընտրել ենք անհատի ազատականությունը մինչև վերջ՝ մինչև 12-րդ դասարան պահպանվելը: Այստեղ արդեն գալիս է նյութական լուրջ ռեսուրսների խնդիրը: Մեկ այլ խնդիր է այն, որ միջին մասնագիտականներն ու ուսումնարանները միասին մոտ 100 հաստատություն են, այստեղ գալիս է նրանց մասնագիտությունների ցանկը: Ցավոք սրտի, ճգնաժամի պատճառն այդ ոլորտում աշխատաշուկայի փլուզումն էր, քաոսային շարժումը»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը:

Նախարարը շեշտեց, որ այս պահին ամենակարևոր խնդիրներից մեկը միջին մասնագիտական հաստատություններին բերելն է իրենց առաքելությանը։ «90-ականների քաոսային վիճակ էր, երբ մարդիկ սկսեցին ընտրել միայն մի քանի մասնագիտություններ, օրինակ՝ ատամնատեխնիկ: Երկիրն սկսեց կորցնել իր համար շատ կարևոր մասնագիտությունների որակ, որոնք երկրի առաջընթացի համար շատ կարևոր են: Մեր բարեփոխումների ամենակարևոր խնդիրներից մեկը միջին մասնագիտական հաստատություններին բերելն է իրենց առաքելությանը»,-եզրափակեց Լևոն Մկրտչյանը:

tert.am

Տպել Տպել