Ակնկալում ենք ավելի արդյունավետ փոփոխություններ

ԱԺ-ում քննարկվում է 2018 թվականի բյուջեի նախագիծը: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ բյուջեի նախնական տարբերակի շուրջ իրենց տեսակետը հայտնել են:

«Ասել ենք, որ դիտարկում ենք բյուջեն իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների նկատմամբ: Լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա նախատեսված տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և հնարավորություն կտան եկող տարի իսկապես այնպիսի հիմքեր ստեղծելու, որոնք կդառնան նաև սոցիալական լարվածությունը մեղմելու, սոցիալական լուրջ ծրագրեր իրականացնելու և, ընդհանրապես, երկիրը որակական նոր մակարդակի բերելու հնարավորություն»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ, գիտակցելով բյուջեի լարվածությունը, ծանրաբեռնվածությունը, առկա խնդիրները, ՀՅԴ-ն շատ սահմանափակ առաջարկություններ է ներկայացրել:

«Այս ընթացքում քննարկել ենք կառավարության հետ, ինչի մասին նախարարն իր խոսքում ասաց: Վստահ ենք` այն առաջարկությունները, որոնք հրատապ են, որոնք վերաբերում են առաջին հերթին սահմանամերձ շրջաններին, գոնե 50%-ը 2018 թվականի բյուջեով կամ բյուջեից դուրս հնարավոր է լինելու իրականացնել, այնպես որ` մեր վստահությունը շարունակվում է, և մենք ակնկալում ենք ավելի արդյունավետ փոփոխություններ»,- եզրափակեց Վարդանյանը:

yerkir.am

Տպել Տպել