Մոսկվայում լույս է տեսել Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի ռուսերեն տարբերակը

Մոսկովյան «Րեկա վրեմյոն» հրատարակչությունում լույս է տոսել իտալացի հեղինակ, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի ռուսերեն տարբերակը: Հրատարակությունն իրականացվել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Մոսկվայում իտալական մշակույթի ինստիտուտի համատեղ ջանքերով` «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» և Bibliotheca Italica մատենաշարերի շրջանակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից (Հայ Դատ Մոսկվայի գրասենյակ):

Սա Հայոց ցեղապանության թեմայով Անտոնիա Արսլանի հերթական վեպն է: Հեղինակի առաջին գիրքը` «Արտույտների ագարակը» (2004) մեծ հաջողություն է ունեցել աշխարհի տարբեր երկրներում և 2007 թ. էկրանավորվել է ռեժիսորներ Տավիանի եղբայրների կողմից: 2009 թ. լույս է տեսել առաջին վեպի շարունակությունը` «Զմյուռնիայի ճանապարհը» գիրքը:

«Մշո գիրքը», որն այս տարվա ընթացքում արդեն երեք անգամ վերահրատարակվել է հեղինակի հայրենիքում, նվիրված է հայկական ամենամեծ ձեռագրի` «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը:

Անտոնիա Արսլանի «Մշո գրքի» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը տեղի կունենա 2012 թ. նոյեմբերի 30-ին, Ինտելեկտուալ գրականության Non fiction մոսկովյան միջազգային տոնավաճառի ժամանակ:

Տպել Տպել