Սիրիահայը ապրել է որպես պարկեշտ քաղաքացի

Օգտվելով Հայաստանում գտնվելու առիթից yerkir.am-ը հարցազրույց անցկացրեց Սիրիայի Բերիո թեմի ազգային իշխանության ներկայացուցիչ՝ Կարո Յուզբաշյանի հետ: Ստորեւ ներկայացվում է հարցազրույցը:

-Արդեն բավական ժամանակ ձգվում է Սիրիայի տագնապը: Ինչպիսի՞ն է համայնքի կացությունը հոգեբանական, տնտեսական, արտագաղթի եւ այլ առումներով:

-Հայ համայնքը համեմատաբար կայուն վիճակի մեջ է՝ հակառակ տնտեսական եւ այլ տագնապալի իրավիճակներին: Կան աշխատանքի դժվարություններ, որոնց պատճառով անհատական բնույթի գաղթի երեւույթներ են տեղի ունենում:

-Այս դժվարին կացության մեջ ազգային կառույցները կարողանո՞ւմ են դիմագրավել նոր մարտահրավերները, լուծել համայնքի առօրյա խնդիրները:
Ազգային կառույցները, իրավիճակից բխող որոշ նոր կազմակերպական ձեւավորումով պատնեշի վրա են եւ հաջողությամբ կատարում են իրենց ազգային պարտականությունը՝ հասնելով ժողովրդի բազմազան կարիքների բավարարմանը:

-Այս փորձության պահին սիրիահայությունը զգո՞ւմ է ողջ հայության ուշադրությունը: Ինչ ակնկալիքներ կան, աշխարհասփյուռ հայությունից եւ մասնավորապես Հայաստանի պետությունից:

-Նկատելի են ողջ հայության օրէ-օր ավելացող նախաձեռնությունները: Ի մասնավորի բարոյական եւ նյութական զորակցությունը: Այս բոլորի կողքին Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է ցուցաբերում, Հայաստանում գտնվող սիրիահայ քաղաքացիների նկատմամբ՝ ստեղծելով նրանց համար բազմապիսի դյուրություններ` կեցության, առաողջապահության, կրթության, աշխատանքի հնարավորությունների եւ այլ հարցերում:
Իսկ ինչպե՞ս է իրականացվում օգնությունների բաշխումը: Նախ, որտեղ են կուտակվում օգնությունները, ովքեր են տնօրինում եւ ինչ սկզբունքով են բաշխում: Այս գործընթացում առաջանո՞ւմ են բարդություններ ու դժգոհություններ, թե այդպիսի խնդիրներ չկան:

-Ազգային իշխանությունների նախաձեռնությամբ կազմվեց սիրիահայության շտապ օգնության կենտրոնական մարմինը՝ իր գործադիր ենթահանձնախմբերով: Հալեպի թե շրջանի մեջ իրականացվում է առաքված օգնության բաշխումը: Հաղթահարելով դժվարությունները այս գործընթացը օր օրի կատարելագործվում է: Հիշեմ, որ Հայաստանում ստեղծված <Օգնիր եղբորդ> նախաձեռնության կողմից, ինչպես եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդի ու գործարար շրջանակների օժանդակությամբ, երեք հանգրվանով, ստացել ենք ավելի քան 30տոննա բեռ՝ բաղկացած հիմնականում սննդամթերքից, եւ դեղորայքից: Այս բեռն արդեն բաժանել ենք Սիրիայի հայ եւ ոչ հայ քաղաքացիների: Երեւույթն արժանացել է համապատասխան գնահատանքի:
Խոսակցություններ կան, թե օգնությունը ժամանակին տեղ չի հասնում:

-Սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից հասնող դրամական օժանդակությունները կուտակվում են Կիլիկիո կաթողիկոսության մեկ հատուկ հաշվեհամարին: Դրանք մեր պահանջով եւ կարիքներից թելադրված, հստակ ժամանակացույցով փոխանցվում են մեզ՝ օգտագործման համար: Բնականաբար հարմար ժամանակ, Բերիո թեմի ազգային իշխանությունը, այս ամենի վերաբերյալ կներկայանա ամբողջական հաշվետվությամբ:

-Ներկայումս Սիրիան վերածվել է հակամարտող հոսանքների բախման դաշտի: Այս պայքարի մեջ հայությունը ինչպե՞ս է կարողանում խուսափել ջրապտույտի մեջ հայտնվելուց: Ինչպե՞ս է կարողանում խուսափել իր դեմ ուղղված, այս կամ այն կողմի թշնամանքից:

-Սիրիայում սիրիահայությունը ճանաչվել եւ ապրել է, որպես պարկեշտ քաղաքացի, մասնակցել է երկրի բարգավաճման աշխատանքներին եւ այսօր, որպես սիրիայի քաղաքացի դեմ է եղբայրասպան կռիվներին, երկրի պառակտմանը, կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ եւ խաղաղ միջոցներով տարակարծության լուծմանը:

Տպել Տպել