ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հետեւողական է լինելու Օբամայի տված խոստումների իրականացման հարցում

Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շարունակելու է աշխատանքները թե նորընտիր նախագահի, թե Կոնգրեսի հետ:

Ըստ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի լրատվության պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանի, աշխատանքներն իրականացվելու են ի նպաստ հայկական հարցերի` լինի դա ԱՄՆ-Հայաստան կապերի հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հարցի արդար լուծումը, թե Հայոց ցեղասպանության հարց:

Չուլջյանի խոսքով` իրենք հետեւողական են լինելու նախագահ Բարաք Օբամայի` դեռեւս 2008-ին տված խոստումների իրականացման հարցում, աշխատելու են թե նախագահական վարչակազմի, թե կոնգրեսական կազմերի հետ:

Չուլջյանը նշել է նաեւ, որ կոնգրեսական տարին վերջանում է: Հունվարին արդեն նոր նախագծեր պիտի ներկայացվեն հաջորդ Կոնգրեսին: Արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

«Անշուշտ, պիտի շարունակենք կոչ ուղղել նախագահին եւ, ընդհանրապես, ամերիկյան կառավարությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելին, պիտի շարունակենք պնդել, որ Թուրքիայի կառավարության կողմից գողացված հայկական, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյա եկեղեցիները` լինեն դրանք ասորական, հունական, թե այլ, վերադարձվեն իրենց տերերին»,- ասել է նա:

Դեռեւս 2011-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել այդ հարցով, սակայն մինչ օրս չնչին թվով եկեղեցիներ են վերադարձված, թեեւ վերանորոգումներ կատարվել են: Չուլջյանի խոսքով` անհրաժեշտ է պնդել, որպեսզի ԱՄՆ-ի պետքարտուղարությունը լսի եկեղեցիները վերադարձնելու Ներկայացուցիչների պալատի կոչը:

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԼՂ հարցի առնչությամբ շարունակելու է լուծումներ փնտրել, ընդլայնել ամերիկյան օժանդակությունը դեպի Արցախ: Մինչ օրս այդ օժանդակությունը կազմել է երկու միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարի Ներկայացուցիչների պալատի Արտաքին օժանդակության ենթահանձնախումբը կոչ է արել, որ հինգ միլիոնի հասնի, թեեւ բյուջեի կազմավորման գործընթացն ավարտված չէ:

«Հայ դատի հանձնախումբը պիտի շարունակի պնդել, որ այդ հինգ միլիոնը հաստատվի վերջնականորեն, ինչպես նաեւ բարձր գումարներ ուղղվեն դեպի Հայաստան` առնվազն քառասուն միլիոնի չափով»,- ասել է նա:

Չուլջյանը նշել է, որ իրենք պահանջելու են կրճատել Ամերիկայի ռազմական ցանկացած օժանդակություն Ադրբեջանին` նկատի ունենալով վերջինիս ռազմական մտադրությունները Հայաստանի եւ Արցախի հանդեպ:

Օրակարգային է լինելու նաեւ սիրիահայության օժանդակության հարցը: Նախորդ տարի Կոնգրեսը կոչ է արել պետդեպին` գումարներ հայթայթել գաղութին օժանդակելու համար` լինի դա մարդասիրական օգնություն Սիրիայում, թե Սիրիայից հեռացածներին, որոնք հիմնականում հաստատվել են Հայաստանում: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները պետքարտուղարության հետ` վստահեցնելով, որ Սիրիայի համար հայթայթված գումարները կհասնեն Սիրիայի բախումների հետեւանքով մեծապես տուժած ազգային փոքրամասնություններին:

Անդրադառնալով ամերիկահայ գաղութի տեղային խնդիրներին` Չուլջյանը նշել է, որ դրանք նույնն են, ինչ բոլոր ամերիկացիների համար. տնտեսական իրավիճակի հզորացում, որ հայ գաղթականներն են փնտրում, լավ դպրոցներ իրենց շրջաններում, աշխատանք եւ այլն: Սակայն ամերիկահայ գաղութն առավելապես հակված է բարձրացնելու համահայկական խնդիրները:

Տպել Տպել