ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Բարձրագույն կրության մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 13-ին ուսանողների հետ քննարկման ժամանակ կոչեց այն՝ հեղափոխական, որն ամբողջ Հայաստանը կվերածի մեծ համալսարանի։
«Այսինքն էն, ինչ-որ մենք անվանում ենք ուսանողության մոբիլություն, Էրազմուսներով և այլն, երբ ուսանողները կարողանում են դուրս գալ և շրջագայել երկրիից դուրս, ըստ էության ներսում ենք փորձելու իրականացնել»,- նշեց նախարարը։
Ըստ նախարարի, այս օրենքը, թե ուսանողներին, թե բուհերին ավելի լայն ազատություններ կընձեռի, իսկ պետպատվերը կփոխարինվի կրթաթոշակով։
«Ուսանողների համար դրվելու է պարտադիր կամ ընտրական և սիրողական առարկաներ։ Սա հնարավորություն է տալիս, եթե ուսանողը ցանկանում է ավելացնել որևէ ծավալ իր աշխատանքի հաշվին, ինքը կստանա նաև երկրորդ մասնագիտություն։ Օրինակ՝ մեկը Պոլիտեխնիկական համալսարանը ավարտում է, կոնկրետ մասնագետ է, և ուզում է նաև մանկավարժ լինել, մանկավարժի կրեդիտը 80 միավոր է, ինքը կկարողանա իր սովորելու հետ միասին մանկավարժական համալսարանում ստանալ լրացուցիչ 80 միավորը և ստանալ միանգամից նաև մանկավարժի որակավորում»,- նշեց Լևոն Մկրտչյանը։
Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի շուրջ Կրթության և գիտության նախարարությունը նոյեմբեր ամսից նախաձեռնել էր հանրային լսումների շարք։ Այսօր քննարկումը սակայն, նման էր հանդիպման ուսխորհրդի ներկայացուցիչների հետ և մի քանի ուսանողների հետ։ Ուսանողների առաջարկությունները հիմնականում վերաբերում էին ուսանողնական խորհուրդներին և ուսանողական ներգրավվածությանը՝ բուհերի կառավարման մեջ։
Ուսխորհուրդների ներգրավվածությունը բուհի կառավարման հարցում նախկին 25% -ի փոխարեն հիմա 10% է։ Լևոն Մկրտչյանը այդ տոկոսային փոփոխությունը համարում է սիմվոլիկ և այդքան էլ չի կարևորում։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք այս նոր օրենքով կպահպանվի ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը։
«Անընդհատության սկզբունքը վերաբերում է ոչ կրթական աստիճանների անընդհատության, այսինքն չի կարող բակալավրից ինքը գնա միանգամից թռիչք կատարի ասպիրանտուրա, երեք աստիճանի համակարգն է մտցված և դա պահպանվում է, խոսքը ոչ թե ժամանակային անընդհատության մասին է»,- ավելացրեց նախարարը։
Ուսանողների մնացածն բողոքներն ու առաջարկությունները նախարարը պահանջեց գրավոր և հիմնավորված ուղարկել հետագա քննարկումների՝ մինչև Ազգային ժողով մտնելը։
a1plus.am
Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում` ուսանողների մասնակցությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի շրջանակում դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների, Ուսանողական ազգային ասոցիացիայի, Հանուն գիտության զարգացման շարժման ներկայացուցիչների հետ: Նախարարը նշել է, որ արդեն իսկ քննարկումներ են եղել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորների հետ. նախատեսվում է նախագծի քննարկում նաև հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Լևոն Մկրտչյանի խոսքով` «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ: Այս իմաստով կարևոր են նաև ձեր նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Օրենքի փիլիսոփայությունը հետևյալն է՝ Հայաստանը դիտարկել որպես մեկ միասնական կրթագիտական տարածք, որի կենտրոնում ուսանողն է: Վերջինիս պետք է տալ շարժունության հնարավորություն այդ տարածքում, որպեսզի նա զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները և իր ուսումնառության ընթացքում ձևավորի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար կոնկրետ կրեդիտներ: Դրանց մի մասը նա կարող է հավաքել ուսումնական հաստատությունում, մյուս մասը՝ գիտական և այլն: Այսինքն՝ օրենքը տալիս է այդ հնարավորությունը՝ մասնակի և ամբողջական կրթության, ինչպես նաև նախաբակալավրիատի: Մյուս կարևոր փոփոխությունը պետպատվերի ձևավորման կարգն է, երբ անցում է կատարվելու կրթաթոշակային համակարգի` երեք բաղադրիչով՝ սոցիալական, առաջադիմության և նպատակային տեղերի: Սա բավականին լուրջ սոցիալական խնդիրներ կլուծի: Բացի այդ, օրինագծով ձևավորվում է բաց հարթակ՝ ակադեմիական ազատությունների և կրթական պլատֆորմների ուղղությամբ՝ կրկնակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, ցանցային համալսարաններ, գիտություն-կրթություն-աշխատաշուկա ճկուն մեխանիզմների ձևավորում և այլն»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսված նաև բուհերի հաշվետվողականության բարձրացման և կառավարման համակարգի բարեփոխման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության ավելացման, վարձավճարների, նախաբակալավրիատի, անընդհատության սկզբունքի ապահովման, շարժունության և այլ հարցեր:
edu.am









