Ավստրալիայում ստեղծվել է սիրիահայերի օժանդակության կենտրոն

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի ներկայացուցիչ Հայկ Լեփեջյանը տեղեկացրել է, որ Ավստրալիայում ստեղծվել է մի կառույց՝ Սիրիահայերի օժանդակության կենտրոն, որի կազմում են տեղի երեք` Հայ Կաթողիկե, Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցիները:

Կառույցի կազմում են նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական և Ռամկավար-ազատական կուսակցությունները:

Հայկ Լեփեջյանը, որը նաեւ կառույցի քարտուղարն է, հայտնել է, որ կառույցը երկու ամիս է ինչ գործում է: Սիրիահայերի օժանդակության համար հավաքվել է որոշ գումար, որը դեռեւս չի փոխանցվել:

«Կառույցի նպատակն է օգնել սիրահայությանը: Պատերազմի պատճառով նրանք հայտնվել են անելանելի իրավիճակում: Մենք որոշ գումար հավաքագրած արդեն ունենք, բայց դեռ չենք փոխանցել: Հեշտ չէ այնտեղ գումար փոխանցելը: Եվ բացի դժվար լինելուց, նաև անվտանգ չէ: Հիմա փնտրում ենք մի մարդ կամ մի մարմին, որը կկատարի նաև այդ փոխանցումները: Իսկ այստեղ մենք կոչ ենք արել ավստրալիահայ գաղութին իրենց աջակցությունն ունենալ հայանպաստ այս գործին: Նրանք էլ՝ ամեն մեկն իր ուժերի ներածին չափով օգնում է: Նշեմ նաև, որ նախկինում Հայ առաքելական եկեղեցին, այստեղի բարեգործներն իրենց օգնությունը ցուցաբերել են հայ համայնքին, բայց որպես կառույց սա Ավստրալիայում առաջինն է: Առաջիկայում՝ դեկտեմբերի 10-ին նախատեսում ենք կազմակերպել ճաշկերույթ, հրավիրել այստեղի հայերին, որպեսզի ներկայացնենք սիրիահայերի խնդիրները, և նրանք էլ, համոզված եմ, կցուցաբերեն իրենց աջակցությունը»- ասել է նա:

Տպել Տպել