ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

ԱՀ 2018թ. պեական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Մեծարգո նախագահ ԱՀ,

Հարգելի գործընկերներ, կառավարության հարգարժան անդամներ,

2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ընթացքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հնարավորություն է ունեցել գործադիրի հետ միասին առավել կենտրոնանալ բյուջեի ռազմավարական ուղղությունների վրա: Այդ քննարկումների արդյունքում և փոխադարձ հասկացողության պայմաններում ամրագրվեց երկրի անվտանգությանը առընչվող մի շարք հարցերի, գյուղատնտեսության զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման, բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, էներգետիկ համակարգում նոր ռազմավարության որդեգրմանն ուղղված քաղաքականություն:

2018 թ. պետական բյուջեի նախագծի տարբեր ձևաչափերով քննարկումները հնարավորություն են տվել իրատեսական բյուջե ունենալու: Գնահատելի է նախորդ տարիների համեմատությամբ 2018 թվականի բյուջեի նախագծի՝ ավելի շուտ ներկայացնելը ԱԺ, որը հնարավորություն է տվել ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրելու և քննարկելու այն:

Քննարկումների արդյունքում ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը մի շարք առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը և հանդիպումներ ունեցել գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Մեր առաջարկությունները վերաբերվում էին տարբեր ոլորտների՝ անվտանգության, տարածքային համաչափ զարգացման, դիվերսիֆիկացված տնտեսության,կրթության և արտաքին ոլորտի, գյուղի և գյուղատնտեսության, հայրենադարձության և ժողովրդագրական վիճակի, զբոսաշրջության, բնապահպանության, սոցիալական և առողջապահության հիմնախնդիրներին:

Ողջունելի է, որ գործադիրը տնտեսական ու ֆինանսական սուղ պայմաններում տրամադիր է հեռանկարային նոր ծրագրեր կյանքի կոչելուն, որոնցում տեղ են գտել նաև «Դաշնակցություն» խմբակցության մի շարք առաջարկներ:

Ինչպես և նախորդ տարիներին, խորհելու տեղիք է տալիս կապիտալ շինարարության ծավալների նվազ լինելը, որն իր ազդեցությունն է թողնում բնակչության բնակարանային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ու աշխատատեղերի ապահովման վրա: Մեր կարծիքով, գործադիրը հավելյալ ջանքեր պետք է գործադրի, օգտագործելով նաև արտաբյուջետային հնարավորությունները, և որոշակիորեն ընդլայնի կապիտալ շինարարության ծավալները, դրանով իսկ ժամանակավորապես ապահովելով զբաղվածության նվազագույն մակարդակ: Մյուս կողմից էլ, այս ասպարեզում ցնցումներից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել նախորդ տարիներից մնացած պարտքերի կուտակման պրակտիկայից:

Ինչ վերաբերում է բյուջեի ուղղվածությանը. գործադիրը հաշվի առնելով իրական վիճակը, այն հերթական անգամ որակում է որպես սոցիալական ուղղվածության բյուջե:

Ինչպես նախորդ տարիներին,այս անգամ ևս պետք է փաստենք, որ ստեղծված պայմաններում սոցիալական ուղղվածության բյուջե ունենալը կարևոր է: 2017 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ «Դաշնակցություն» խմբակցությունը գործադիրին առաջարկել էր սոցիալական և այլ ծրագրերից զատ առավել կենտրոնանալ անվտանգության ու պաշտպանության համակարգերի ու ծրագրերի ֆինանսավորումներին: Գնահատելի է, որ գործադիրը, օգտագործելով բյուջետային և արտաբյուջետային հնարավորությունները, լուրջ աշխատանքներ է իրականացրել ինչպես առաջնագծի կահավորման, այնպես էլ բնակչության անվտանգության ապահովման նպատակով նոր կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Որդեգրած այդ գիծը պետք է լինի շարունակական, մեր ժողովրդի համար ստեղծելով բարոյահոգեբանական նպաստավոր մթնոլորտ:

Կարևորելով մանր և միջին հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացքը, գտնում ենք նաև, որ հետագայում բնապահպանական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հանրապետության ջրային ռեսուրսներին տալ ճիշտ գնահատական, նախապես կազմակերպելով բազմակողմանի փորձագիտական զննություն:

Նոր աշխատատեղերի ավելացման և տնտեսական աշխուժություն մտցնելու նպատակով անհրաժեշտ է առավել ուշադրության կենտրոնում պահել հանրապետության տարածքում նոր ձեռնարկությունների ստեղծման ու արտադրանքի արտահանման հարցերը, որը պետք է ընդգրկի ամբողջ հանրապետության տարածքը:

Ողջունելի է կառավարության քայլերը գյուղատնտեսության բնագավառի զարգացման և այդ ոլորտում նոր քաղաքականություն որդեգրելու ուղղությամբ: «Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է նաև համայնքների համաչափ զարգացումն ու ֆինանսական համահարթեցմանն ուղղված քայլերը և գտնում է, որ առաջիկայում պետք է պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների բաշխման նոր մեխանիզմ կիրառվի:

Հարգելի գործընկերներ,

Մեկ տարի առաջ, 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ մեր խմբակցության առաջարկություններում տեղ էր գտել նաև հետմահու առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետներին ամենամսյա դրամական օգնություն ցուցաբերելու հանգամանքը: Ողջունելի է, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծում այն արդեն արտացոլված է:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հանգուցալուծմանն ուղղված կառավարության ջանքերը՝ «Դաշնակցություն» խմբակցությունը 2018թ. պետական բյուջեի նախագծին քվեարկելու է կողմ:

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն

Տպել Տպել