Հայաստանի Հանրապետության անկախության ուղին

Արարատ Հակոբյան

(հատված համանուն գրքից)

Առաջին աշխարհամարտը և 1917 թ. ռուսական հեղափոխություններն արմատական տեղաշարժեր ու փոփոխություններ առաջացրին ինչպես ամբողջ կայսրության, այնպես էլ Անդրկովկասի ու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Երբեմնի հզոր Ռուսական կայսրության հիմքերը թուլացան: Տեղի ունեցավ ազգային ինքնագիտակցության աճ: Բուռն վերելք ապրեց նաև հայ ազգային կյանքը: Այս առնչությամբ սոցիալ-դեմոկրատ (մենշևիկ) Գ. Ղարաջյանը գրում էր, որ երկրամասում ազգային գործոնն ավելի ուժեղ թափով արտահայտվեց, քան սոցիալականը: Կարելի է ասել, որ Փետրվարյան հեղափոխության հաղթանակով, հայ ժողովրդի ու նրա քաղաքական ուժերի կամքից ու մտայնությունից անկախ, սկսվեց Հայաստանի անկախության անտեսանելի գործընթացը: Հայտնի է, որ մի քանի տասնամյակ շարունակ (Հայկական հարցի միջազգայնացումից ի վեր) հայ ժողովրդի և նրա քաղաքական շրջանների հիմնական ձգտումը Տաճկահայաստանի ազատագրումն էր սուլթանական բիրտ լծից, սակայն աշխարհավեր պատերազմն իր չարաղետ հետևանքներով հանգեցրեց նրան, որ Ռուսահայաստանը կանգնեց ազատության և անկախության փաստի առաջ: «Անկասկած,– գրում է Հ. Իրազեկն իր հուշերում, համաշխարհային առաջին պատերազմն և Ռուսական հեղափոխությունը եղան Հայաստանի ազատության ծնող մայրը»:

Հետփետրվարյան շրջանում դասակարգային իշխանության մարմինների կողքին առաջացան նաև ազգային իշխանության ձևեր: Հայ հասարակական-քաղաքական կյանքում նշանակալի իրադարձություն եղավ 1917 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին բազմակուսակցական հիմունքներով արևելահայերի համագումարի (համախորհրդակցության) հրավիրումը:

Քննելով օրախնդիր բազում հարցեր` համագումարը միաժամանակ առաջ քաշեց ազգային պետականության
գաղափարը և անհրաժեշտության դեպքում դրան պատրաստ լինելու հրամայականը: Այդ կապակցությամբ համագումարն ընդունեց հետևյալ բանաձևը. «Ընդունելով ազգերի ինքնորոշման իրավունքը հայ ժողովուրդը պիտի ձգտի իրականացնել իր այդ իրավունքը պետականության հիմունքներով ու սկզբունքներով (ընդգծումը մերն է – . Հ.), անդրկովկասյան ժողովուրդների դեմոկրատիա յի փոխադարձ համաձայնությամբ»: Ստեղծվեց Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդ, որը, որպես արևելահայ կյանքի գերագույն գործադիր մարմին, իր առաջին քայլերն սկսեց անել ազգային պետականության գաղափարի նյութականացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ մինչ այդ հայերն իրենց կուսակցությունների հետ արտահայտվում էին ռուսական համապետականության օգտին` աշխատելով «իրենց ազգային ձգտումները հաշտեցնել համառուսական պետական շահերի հետ»:

Հետփետրվարյան շրջանում հայությանը մտահոգում էր երկու խնդիր` Ռուսաստանի օգնությամբ լուծել մեծապես հայաթափ եղած Թուրքահայաստանի հարցը և Անդրկովկասում անցկացնել վարչական վերաբաժանում ազգագրական սկզբունքով: Միաժամանակ հայ ազգային կուսակցությունները արտահայտվում էին Անդրկովկասի ու Հայաստանի լայն ինքնավարության օգտին` Ռուսաստանի դաշնային դեմոկրատական հանրապետության կազմում: Հայ հասարակական-քաղաքական գրեթե բոլոր ուժերը ցուցաբերում էին ընդգծված ռուսական քաղաքական կողմնորոշում: Արևելահայությունը մեծ ձգտում ուներ բռնելու «ռուսական փեշից», «բայց այդ փեշը, Դ. Անանունի պատկերավոր բնորոշմամբ, հակառակ հայության բուռն փափագին` ինքը դուրս սողաց նրա ձեռքից»:

1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո դրությունն ավելի բարդացավ: Կայսրության առանձին երկրամասեր, այդ թվում Անդրկովկասը, դուրս մնացին նորաստեղծ խորհրդային կառավարության (կենտրոնի) հսկողությունից: Կազմալուծված և անգործության մատնված ՕԶաԿոմ-ին փոխարինեց 1917 թ. նոյեմբերի 15-ին ստեղծված Անդրկովկասյան կոմիսարիատը` իբրև երկրամասի գործադիր իշխանություն, իսկ 1918 թ. փետրվարի 10-ին բացվեց նաև Անդրկովկասի խորհրդարանը (Սեյմը)` իբրև օրենսդիր մարմին: Իրադարձությունների բերումով սկսվեց Անդրկովկասի աստիճանական մեկուսացումը Ռուսաստանից: Միաժամանակ Անդրկովկասի կոմիսարիատի և Սեյմի գոյության առաջին իսկ
օրերից երևան եկան երկրամասի երեք գլխավոր ազգային հատվածների (վրացի, հայ, կովկասյան թուրք` ադրբեջանցի) ձգտումների ու շահերի ներհակությունները: Այն ավելի բացահայտ դրսևորվեց 1918 թ. սկզբներից թուրքական զորքերի հարձակման պայմաններում:

Ռուսական հեղափոխությունների հետևանքով քայքայվեց ռուսական բանակը, կազմալուծվեցին ռազմաճակատները, այդ թվում` Կովկասյանը: Օգտվելով նպաստավոր հանգամանքից և խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված թուրք-անդրկովկասյան զինադադարը` 1918 թ. հունվարի վերջին թուրքական զորքերն անցան լայնամասշտաբ հարձակման Կովկասյան ամբողջ ռազմաճակատում: Մեկ-երկու ամսում թուրքերը վերագրավեցին ողջ Արևմտյան Հայաստանը, իսկ գարնանը սկսեցին ներխուժել Անդրկովկաս ու Արևելյան Հայաստան: Օսմանյան զորքերին դիմակայող միակ իրական ուժը նոր ձևավորված Հայկական կորպուսն էր, որը, սակայն, միայնակ ի զորու չէր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:

Անդրկովկասյան կոմիսարիատում և Սեյմում մեծամասնություն կազմող ազգային երկու (վրացի և կովկասյան թուրք) միավորների ներկայացուցիչները Թուրքիայի պարտադրանքով բռնեցին Անդրկովկասը Ռուսաստանից մեկուսացնելու, անջատելու և, ի վերջո, անկախացնելու ուղի: Ինչ վերաբերում է Անդրկովկասյան կառավարությունում և Սեյմում իր քաղաքական կշռով երրորդը համարվող Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության դիրքորոշմանը, ապա պետք է ասել, որ եթե 1917 թ. աշնանը համառուսական Սահմանադիր ժողովի ընտրությունների և Անդրկովկասյան կոմիսարիատի ձևավորման փուլում կուսակցությունը խոսում էր «ազգերի ինքնորոշման» պահանջի մասին, ապա արդեն 1918 թ. հունվարի վերջից թուրք-անդրկովկասյան հրադադարի խախտման և թուրքական զորքերի կովկասյան ռազմաճակատի երկայնքով հարձակման պայմաններում Դաշնակցությունն այլևս աննպատակահարմար, անգամ վտանգավոր էր համարում ինքնորոշման սկզբունքով Անդրկովկասի ու Հայաստանի անջատումը Ռուսաստանից: Այս կապակցությամբ «Հորիզոն» պաշտոնաթերթն իր փետրվարյան խմբագրականներից մեկում զգուշացնում էր, որ «Անդրկովկասի անկախությունն առնվազն թեթևամտություն է և աններելի` քաղաքական պատասխանատու գործիչների համար»: Անդրկովկասյան կառավարության հայ անդամները և Սեյմի հայ խմբակցության ներկայացուցիչները կտրուկ դեմ էին Անդրկովկասի, առավել ևս Հայաստանի անկախությանը: Այսպես, Հ. Քաջազնունին Դաշնակցության խմբակցության անունից հանդես գալով Սեյմի նիստում (փետրվարի 15-ին) պնդում էր, որ Անդրկովկասը պետք է մնա Ռուսաստանյան դաշնակցային մեծ հանրապետության անբաժան մասը: Հայոց ազգային խորհուրդը, Սեյմի ՀՅԴ խմբակցությունը, մյուս քաղաքական ուժերը հետևողականորեն պաշտպանում էին Ռուսաստանի հետ դաշնային (ֆեդերատիվ) կապի գաղափարն այնքան ժամանակ, քանի դեռ դրսից Թուրքիան, իսկ ներսից վրաց և ադրբեջանական անջատողական ուժերը չէին դրել Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու և անկախանալու խնդիրը: Արդյունք չտվեցին Տրապիզոնում ընթացող թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները:

1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի կողոպտիչ պայմանագիրը հիասթափեցրեց Անդրկովկասյան իշխանություններին: Զ. Ավալովի վկայությամբ Անդրկովկասի անջատմանը թափ հաղորդեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Բաթումի և Կարսի հանձնումը թուրքերին:

1918 թ. ապրիլի 9 (22)-ին Թուրքիայի պահանջով Անդրկովկասյան Սեյմը
հռչակեց Անդրկովկասյան դաշնային դեմոկրատական Հանրապետության անկախությունը: Թեև սկզբում հայերը բողոքեցին այդ ակտի դեմ (որովհետև նրանք ամենևին մտադիր չէին մեկուսանալու և կտրվելու Ռուսաստանից` ամենից առաջ հաշվի առնելով թուրքական ներխուժման վտանգը), սակայն հարևան (վրացի, ադրբեջանցի և այլն) ազգային միավորներից չմեկուսանալու նպատակով, ի վերջո, հավանություն տվեցին Անդրկովկասի անկախության փաստին:

Այդպես վարվեցին Սեյմի ՀՅԴ խմբակցությունը, Հայոց Ազգային Ժողովի արտակարգ նիստը, ՀՅԴ Թիֆլիսի ներկայացուցչական ժողովը, սոցիալ-դեմոկրատ հայ մենշևիկները և այլք: Սեյմի հայ պատգամավորները` ի մասնավորի ՀՅԴ խըմբակցությունը, փորձելով խուսափել մեկուսացումից, «դառնությամբ հավանություն տվեցին Անդրկովկասի անկախությանը», հակառակ պարագայում նոր կոտորածների ուրվականն ավելի առարկայական էր դառնալու:

Անդրկովկասյան իշխանությունները հույս ունեին, որ երկրամասի անկախության հռչակումն իրավական հիմք կտա թուրքերի հետ խաղաղ բանակցություններ վերսկսելու և շուտափույթ հաշտություն կնքելու: Սակայն 1918 թ. մայիսի 11-ին Բաթումում սկսված թուրք-անդրկովկասյան հաշտության բանակցությունները դարձյալ արդյունք չտվեցին, քանի որ թուրքերը Բրեստ-Լիտովսկի պայմանագրից շատ ավելի կողոպտիչ պահանջներ ներկայացրին և թուրք-անդրկովկասյան բանակցությունները դարձյալ մտան փակուղի: Դրան զուգահեռ թուրքական զորքերը, թույլ դիմադրության հանդիպելով, շարժվում էին Անդրկովկասի խորքերը: Բանակցությունների ձախողումը մի կողմից, թուրքերի շարունակական հարձակումը մյուս կողմից և դրան ի պատասխան` երկրամասը պաշտպանելու անկարողությունը Անդրկովկասյան դաշնային հանրապետությանը կանգնեցրին քաղաքական ճգնաժամի առաջ: Հիրավի, 1918 թ. գարնանը սուր հակասություններ էին առաջացել իրեն անկախ հռչակած Անդրկովկասյան դաշնային դեմոկրատական հանրապետության թե՛ կառավարության և թե՛ խորհրդարանի (Սեյմի) ներսում: Հիմնականում վրացի, հայ և կովկասյան թուրք ազգերի ներկայացուցիչներից բաղկացած Անդրկովկասյան դաշնային իշխանության մարմիններում առկա էին ազգային-տարածքային սուր վեճեր, քաղաքական իրարամերժ կողմնորոշումներ, միջկուսակցական հակամարտություններ և այլն:

Նրանց միջև չկար միասնություն պատերազմի և խաղաղության հարցում: Եթե հայերը, մասամբ նաև վրացիները թուրքական զորքերին դիմադրելու, ինքնապաշտպանվելու փորձեր էին անում, ապա ադրբեջանցիները «աներկիմաստ, ուղղակի բացահայտ հայտարարում էին, որ իրենք չեն պատերազմի Թուրքիայի հետ»: Քաղաքական կողմնորոշման առումով, եթե հայերը կողմնորոշված էին դեպի Ռուսաստանը, Կովկասի մահմեդականությունը` միանշանակ դեպի Թուրքիա, ապա վրացիներն իրենց շահերի թելադրանքով հակվեցին դեպի Գերմանիա:

Պատկերավոր ասած` 1918 թ. գարնանը երկրամասում ստեղծվել էր կռիլովյան հայտնի առակի այն պատկերը, երբ անդրկովկասյան դաշնային հանրապետության երեք ազգային միավորներից յուրաքանչյուրը «անդրկովկասյան սայլը» միաժամանակ քաշում էր իր ուղղությամբ: Այդ անհամաձայնությունների ու ազգային շահերի հակասությունների հետևանքով էր, որ Անդրկովկասն ի վիճակի չեղավ քիչ թե շատ դիմադրություն ցույց տալու թուրքական ներխուժմանը: Ալ. Խատիսյանի խոսքերով` թուրք-անդրկովկասյան պատերազմը, ոչ թե պատերազմ էր, «Անդրկովկասի և Թուրքիո, այլ հայերու և թուրքերու միջև»:

Սրված տարաձայնությունների պատճառով Անդրկովկասյան դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի: «Օր օրի վրա,– գրում է Ս. Վրացյանը,– սաստկանում էին հակամարտությունները կովկասյան ժողովուրդների միջև, որոնցից վրացիները գաղտնի, բայց տենդագին որոնում էին գերմանացիների հովանավորությունը, ադրբեջանցիները բռնել էին թուրքերի փեշից և քաշում էին դեպի Բաքու, որը այդ օրերին բոլշևիկների ձեռքն էր. հայերը մնացել էին մենակ և օրհասական կռիվ էին մղում մահ ու ավեր սփռելով առաջ շարժվող թուրքական զորքերի դեմ»:

Ստեղծված պայմաններում առաջինը վրացիները սկսեցին ուղիներ փնտրել դուրս գալու ծանր կացությունից: Նրանք ո՛չ տրամադիր էին պատերազմել թուրքերի դեմ և ո՛չ էլ ի վիճակի էին: Դա ակներև դարձավ 1918 թ. ապրիլի 1-ին Բաթումի անկումից հետո: Դեռևս մարտի վերջերին Անդրկովկասի կառավարության վրաց հատվածը և քաղաքական շրջանները գաղտնի թե բացահայտ ուղիներ էին փնտրում գտնելու մի հովանավոր պետություն և նրա օգնությամբ դուրս գալու պատերազմական վիճակից: Եվ այդպիսի ամենահավանական պետությունը դարձավ Օսմանյան Թուրքիայի դաշնակից Կայզերական Գերմանիան:

Վրաց–գերմանական հարաբերություններն ավելի իրական հողի վրա դրվեցին արդեն մայիսի կեսերից, երբ Վրաստանի ու Անդրկովկասի ռազմաքաղաքական վիճակն ավելի էր բարդացել: Դա համընկնում էր նաև վերջինիս շահերին, քանի որ տնտեսական, հաղորդակցության միջոցների տեսակետից Վրաստանն ուներ գրավչություն, մի բան, որ պակասում էր Հայաստանում: Բաթումի խորհրդաժողովի մասնակից, խորհրդական Զ. Ավալովը հավաստում է, որ մայիսի 21-ին սկսեցին գաղտնի բանակցություններ, հանդիպումներ Գերմանիայի պատվիրակության և Թիֆլիսից Բաթում ժամանած Վրաստանի Ազգային խորհրդի նախագահ, Անդրկովկասի սոցիալ-դեմոկրատ (մենշևիկների) առաջնորդ Ն. Ժորդանիայի, Բաթումում գտնվող Ա. Չխենկելու և վրացի այլ պաշտոնատար անձանց միջև:

Վրաց-գերմանական անդրկուլիսային բանակցությունները, տվեցին իրենց պտուղները: Գեներալ ֆոն
Լոսովը, փաստորեն, բանակցելով վրացիների հետ, Վրաստանի անկախությունը պաշտպանելու երաշխիքով, մայիսի 25-ի երեկոյան Բաթումից նավով մեկնեց Փոթի, այնտեղից էլ` հայրենիք: Արդեն ծրագրվել էր, որ մայիսի 26-ին հռչակվելու էր Վրաստանի անկախությունը: Նախագծվեց մի ժամանակավոր համաձայնագիր, որը, պայմանավորվածության համաձայն, ստորագրվեց մայիսի 28-ին,
Փոթիում, արդեն նորանկախ Վրաստանի վարչապետ Ն. Ռամիշվիլու և գեներալ ֆոն Լոսովի միջև: Միաժամանակ կնքվեցին տնտեսական բնույթի մի շարք փաստաթղթեր: Վրաստանը ստանում էր անկախության և անվտանգության երաշխիք` Գերմանիայի հովանու ներքո, բացի այդ` Վրաստանը ճանաչում էր Բրեստի պայմանագրի պայմանները, իսկ դրա դիմաց Գերմանիան իրավունք էր ստանում օգտվելու վրացական երկաթուղիներից, նավահանգիստներից, այլ ենթակառուցվածքներից, հանքահումքային ռեսուրսներից:

Հավաստի տվյալներ կան, որ դեռ Վրաստանի անկախության հռչակման նախօրյակին` մայիսի 25-ին, Սեյմի սոցիալ-դեմոկրատական խմբակցության խոսնակ Ի. Ծերեթելին մահմեդական (ադրբեջանական) խմբակցության ղեկավարներին տեղեկացրել էր Վրաստանի անկախանալու մասին: Դրանից հետո մահմեդականները ևս ձեռնամուխ են լինում Ադրբեջանի անկախացման գործընթացին, բնականաբար, ստանալով Թուրքիայի հովանավորությունը: Անել վիճակում են հայտնվում Բաթումի հայ պատվիրակները:

Հայոց Ազգային խորհրդի գիտությամբ որոշում են վրացիների օրինակով ապավինել գերմանացիների հովանավորությանը: Սակայն ֆոն Լոսովը հայտնում է, որ թուրքերն իրենց չեն լսում և հայերին խորհուրդ է տալիս պատվիրակություն ուղարկել Գերմանիա: Այսպիսով, մայիսի 26-ի առավոտյան և՛ քաղաքական, և՛ գործնական-փաստաթղթային առումներով նախապատրաստվել էր Վրաստանի անկախության հռչակումը: Ինքնին հասկանալի է, որ Վրաստանի անկախությունը նշանակում էր Անդրկովկասյան դաշնային հանրապետության քայքայում:

1918 թ. մայիսի 26-ի կեսօրին (ժամը 3-ին) գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը: Սոցիալ-դեմոկրատ խմբակցությունը (ղեկ. Ի. Ծերեթելի) առաջարկ մտցրեց Սեյմի արձակման և Անդրկովկասյան դաշնային հանրապետության կազմալուծման մասին: Սեյմը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց հետևյալ բանաձևը. «Պատերազմի ու խաղաղության հարցում Անդրկովկասյան դաշնային հանրապետություն կազմող ժողովուրդների միջև ծագած արմատական տարաձայնությունների պատճառով Սեյմը հայտարարում է Անդրկովկասի Հանրապետությունը լուծարված և վայր է դնում իր լիազորությունները»:

Նույն օրը` ժամը 5-ին, նույն դահլիճում վրաց Ազգային խուրհուրդը` Ն. Ժորդանիայի նախագահությամբ, նախապես ստանալով Գերմանիայի հովանավորությունը, մեծ հանդիսավորությամբ Վրաստանը հռչակեց անկախ: Վրաստանի անկախության հռչակումից անակնկալի գալով, պատմական այդ նույն օրը` մայիսի 26-ի երեկոյան գումարվեց նաև Հայոց Ազգային խորհրդի նիստ, որում, չնայած վրաց մենշևիկների դեմ ուղղված բողոքներին ու դժգոհություններին, այնուամենայնիվ, վերաբերմունք ցույց տալով Վրաստանի անկախությանը, այն ընդունվեց որպես կատարված փաստ: Միաժամանակ Ազգային խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության ֆունկցիաներ:

Հաջորդ օրը` մայիսի 27-ին (ըստ Ս. Վրացյանի` մայիսի 26-ին), ՀՅԴ Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի և թաղային կոմիտեների անդամների համատեղ-արտակարգ նիստում, լսելով ներկա պահի, Սեյմի արձակման և Վրաստանի անկախության հայտարարության մասին հարցերը, ընդունվեց հետևյալ բաննաձևը. «Ի նկատի առնելով այն, որ Անդրկովկասյան սեյմի ինքնացրումից և Վրաստանի` անկախություն հայտարարելուց հետո լուծվելու է Անդրկովկասյան կառավարությունը, և հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին` ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց Ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայության կենտրոնում՝ ստանձնելով կառավարական ֆունկցիաներ` օժտած դիկտատորական իրավունքներով հայ կյանքի բոլոր երևույթների և գործերի նկատմամբ»: Այդ նշանակում է, որ ՀՅԴ-ն, որն մինչ այդ թե՛ իր ծրագրերով և թե՛ իր գործելակերպով արտահայտվում էր ռուսական համապետականության օգտին` բավարարվելով միայն Ռուսաստանի կազմում ինքնավարության պահանջով, այժմ Ռուսաստանում և Անդրկովկասում ծավալվող պատմաքաղաքական դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությամբ ինքնաբերաբար կանգնում է անկախ պետականության գաղափարի նյութականացման փաստի առաջ:

Այն բանից հետո, երբ մայիսի 27-ին մահմեդականների (ադրբեջանական) Ազգային խորհուրդը, հիմք ունենալով Անդրկովկաս ներխուժած իր ցեղակից Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու հովանավորությունը, հայտարարեց Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության (ԱԿՄՀ) անկախության մասին, որն, ի դեպ, հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ կոչեցին «Ադրբեջան»:

Հայոց Ազգային խորհրդին այլ բան չէր մնում, քան կողմնորոշվել դեպի Հայաստանի անկախությունը: «Ընտրություն անելու տեղ չէր մնացել, – մտորում էր Հ. Քաջազնունին ճակատագրական այդ օրերի մասին,– պատմությունը բերել կանգնեցրել էր մեզ մի որոշ գծի առջև. պետք է հանդգնություն ունենայինք անցնել վրայից, եթե չէինք ուզում խորտակվել: Պետք է տեր դառնայինք մեր հայրենիքին, ապա թե ոչ կկորցնեինք այն` գուցե անդառնալիորեն: Եթե տատանվեինք, եթե ուշացնեինք մեր հայտարարությունը, Հայաստանը կմնար resnullius (ոչ ոքի չպատկանող իր) ու իբրև այդպիսին բաժին կդառնար հարևաններին` թուրքերին, վրացիներին, ադրբեջանցիներին»:

Մայիսի 27-ի երեկոյան նիստում ստեղծված կացության մասին հանգամանալի զեկուցում տվեցին Բաթումից նոր վերադարձած հայ պատվիրակներ Հ. Քաջազնունին և Ալ. Խատիսյանը: Նրանք նույնպես ելքը տեսնում էին Հայաստանի անկախության հռչակման մեջ:

Անկախության խնդիրը քննարկվեց Ազգային խորհրդի մայիսի 28-ի նիստերում (առավոտյան և երեկոյան): Այդ օրը պետք է պատասխան տրվեր նաև Բաթումում մայիսի 26-ին թուրքերի կողմից Հայաստանին ներկայացրած վերջնագրին, քանի որ հաջորդ օրը լրանում էր դրա ժամկետը: Բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը` Բաթում գործուղել նոր պատվիրակություն` Ալ. Խատիսյան, Հ. Քաջազնունի, Մ.Պապաջանյան կազմով, տալով նրան անսահմանափակ լիազորություն` բանակցելու և Անկախ Հայաստանի անունից կնքելու հաշտություն: Սակայն անկախության պաշտոնական հայտարարության հարցը առայժմ հետաձգվեց, չնայած այդ օրը անկախության կողմնակիցները խորհրդում արդեն ունեին մեծամասնություն: Հաջորդ օրը` մայիսի 29-ին, գումարվեց ՀՅԴ Արևելյան և Արևմտյան բյուրոների, ՀՅԴ Թիֆլիսի ԿԿ-ի և Սեյմի ու Հայոց ազգային խորհրդի դաշնակցական ներկայացուցիչների միացյալ նիստը: Այստեղ մեկ անգամ ևս քննության առնվեց քաղաքական կացությունը և որոշվեց Հայաստանը հայտարարել անկախ հանրապետություն: Միաժամանակ որոշվեց կազմել կառավարություն` միջկուսակցական սկզբունքով, ինչպես նաև Ազգային խորհուրդն ու նորակազմ կառավարությունը տեղափոխել Երևան, որը պետք է դառնար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: Այդ նույն նիստում Հ. Քաջազնունին առաջադրվեց կառավարության նախագահի (վարչապետի) թեկնածու:

Միայն դրանից հետո` մայիսի 30-ին, Հայոց ազգային խորհուրդը կատարեց վճռական քայլը` որոշեց հայտարարություն անել Հայաստանի անկախության մասին: Հանձնարարվեց Ն. Աղբալյանին մշակել Հայաստանի անկախության պաշտոնական հայտարարագիրը (հռչակագիրը): Հռչակագրի տեքստն ընդունվեց Հայոց ազգային խորհրդի կողմից, իսկ մայիսի 31-ին այն լույս տեսավ մամուլում: Նրանում ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատ-
ճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»:

Եվ քանի որ մայիսի 28-ին (երեքշաբթի) Հայոց ազգային խորհուրդը վճիռ կայացրեց Բաթում ուղարկել նոր պատվիրակություն և Անկախ Հայաստանի անունից բանակցել ու հաշտություն կնքել Թուրքիայի հետ, այդ իսկ պատճառով «Մայիսի 28-ը» հայոց պատմության մեջ մտավ որպես Հայաստանի անկախության օր: Իսկ երկու օր անց` մայիսի 30-ին, ընդունված հայտարարագիրը եկավ պաշտոնական ձևակերպում տալու այդ ակտին: Հռչակագրում քաղաքական և հոգեբանական որոշակի գործոնների թելադրանքով թեև կոնկրետ չէր խոսվում անկախության մասին, սակայն դիվանագիտական մոտեցմամբ ձևակերպված այն միտքը, որ Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը, ինքնըստինքյան նշանակում էր Հայաստանի անկախության հռչակում:

Բացի այդ, հայտարարագրում հեռատեսորեն մատնանշվում է «հայկական գավառներ» հասկացությունը, որի տակ հասկացվում են Անդրկովկասի նահանգներում գտնվող հայաբնակ բոլոր գավառները, այդ թվում` Նախիջևանը, Զանգեզուրը, Ղարաբաղը, Գանձակի հայկական շրջանները, Լոռին, Ջավախքը, թուրքական զորքերի կողմից ռազմակալած Երևանի նահանգի մի շարք գավառները և Կարսի մարզը: «Հայկական գավառներ» անվան տակ տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ անգամ նկատի էին առնվում արևմտահայ գավառները:

Հարկ է նշել, որ մայիսի 28-ին, Թիֆլիսում, Արամյանցի տանը, Հայաստանի անկախության մասին վճիռը կայացվել է խորհրդի անդամների բուռն քննարկումների և խռովահույզ տրամադրությունների պայմաններում: Սակայն, ինչպես վկայում է Ալ. Խատիսյանը, Ազգային խորհուրդը ներկայացնող գրեթե բոլոր կուսակցությունների խմբակցությունները, ի վերջո, հանգեցին անկախության գա-
ղափարին և «անկախության բանաձևը ընդունվեց Ազգային խորհրդի բոլոր կուսակցությունների համաձայնությամբ»: Մայիսյան այդ ծանր օրերին Հայոց Ազգային խորհուրդը ներկայացնող քաղաքական ուժերը հանդես եկան գրեթե միասնական, ինչը պայմանավորված էր արտաքին վտանգով ու առաջին հերթին թուրքական մահաբեր ներխուժմամբ: Կնշանակի՝ 1918 թ. մայիսին՝ ճակատագրական այդ իրադարձությունների ժամանակ, Ազգային խորհուրդը ներկայացնող կուսակցությունները և անկուսակցական ներկայացուցիչները ցուցաբերել են ազգային համախմբման ու միասնության վառ օրինակ:

Իհարկե, Ազգային խորհրդի շատ անդամներ երկչոտ ու թերահավատ զգացումով էին համակված անկախության հանդեպ: Անկուսակցական և էսէռ անդամներից զատ` դաշնակցականներ Ա. Ահարոնյանը, Ռ. Տեր-Մինասյանը և Ա.Բաբալյանը ևս տարակուսում էին անկախության խնդրում: Այդ մտավախությունը պետք է բացատրել 1918 թ. գարնանը, թուրքական աղետալի արշավանքի պայմաններում, հայ ժողովրդի համար ստեղծված քաղաքական չափազանց բարդ վիճակով, որի ժամանակ, ըստ Ս. Վրացյանի. «անկախությունը կարող էր ավելի ևս ծանրացնել կացությունը»: Սկզբում անկախության փաստը չընդունող գործիչներից Ա. Բաբալյանն իր դիրքորոշումը հիմնավորում էր նրանով, որ «մնալով միանգամայն մենակ և շրջապատված թշնամիներով ու անբարյացակամ տարրերով, անկախության հայտարարությամբ մենք կարող էինք մեծապես վնասել մեր ժողովրդի ֆիզիկական անկայուն գոյությանը և նոր կոտորածների ու գրավումների տեղի տալ»: Անկախության հարցում առարկողները չունեին գործնական առաջարկ, բացի բողոք-դժգոհություններ արտահայտելուց: Հարկ է նշել, որ անկախության խնդրում չկար միասնություն նաև ՀՅԴ շարքերում:

Անկախության խնդրում կար նաև հոգեբանական արգելք, որն ամենից առաջ նշանակում էր կտրվել Ռուսաստանից:

Եվ, իրոք, Հայոց ազգային խորհուրդը տարակուսում էր այդ հարցում և դրա համար կային լուրջ հիմնապատճառներ: Դեռևս թարմ էր 1,5 մլն հայերի կորստի հիշողությունը, թշնամու զորքը գտնվում էր Երևանի մոտերքում, և թույլ ու անօգնական Հայաստանի անկախության հռչակումը, առանց քաղաքական ծանրակշիռ դիրքորոշումների ու երաշխիքների, կարող էր լուրջ սպառնալիքի տակ դնել արևելահայության գոյությունը: Հակառակ հայերի՝ անկախության հարցում ամենևին չտատանվեցին վրացիները և ադրբեջանցիները: Նրանք չերկմտեցին այն պարզ պատճառով, որ արդեն ունեին իրենց հովանավոր պետությունները՝ հանձինս Գերմանիայի և Թուրքիայի, իսկ Հայաստանը չուներ այդպիսին:

Հակառակ Հայոց ազգային խորհրդի անդամ կուսակցությունների՝ Ս. Դ. Հնչակյան կուսակցության անդրկովկասյան կենտրոնական վարչությունը բուռն կերպով բողոքեց Հայաստանի անկախության հայտարարության կապակցությամբ: Այդ որոշումը համարվեց ոչ օրինական, իսկ Ազգային խորհուրդը` որպես ինքնակոչ մարմին, որն «ուզուրպացիա է կատարում հայ ժողովրդի ազատ իրավունքների դեմ»:
Հայաստանի անկախության, թերևս, ամենաանհաշտ ընդդիմախոսը (հակառակորդը) հայ կոմունիստ-բոլշևիկներն էին: Նրանք չէին պատկերացնում Հայաստանի անջատումը և գոյությունը առանց Խորհրդային Ռուսաստանի: Համայնավարների պատկերացմամբ` այնպես, ինչպես որբը չի կարող ապրել առանց խնամակալի, նույնպես և հայ ժողովուրդը չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի:

Անկախության հարցում առավել ակտիվ էին հայ սոցիալ-դեմոկրատ մենշևիկներ Ա. Երզնկյանը, Ս. Փիրումյանը, ովքեր հետևում էին իրենց ավագ գործընկեր վրաց մենշևիկներին: Բայց տեղին է հիշեցնել, որ մի երկու տարի անց արդեն բոլշևիկի պատմուճան հագած այդ նույն Ա. Երզնկյանը «Մայիսի 28-ը» համարում էր «հայ աշխատավորության ստրկացման օր»:

Ակներև է, որ եթե Հայոց ազգային խորհուրդը տվյալ պահին իրեն չհայտարարեր հայկական գավառների գերագույն իշխանություն, ապա, ինչպես վերը նշվեց, հայապատկան գավառները պարզապես բաժին կդառնային հարևան թուրքերին, ադրբեջանցիներին և վրացիներին: Հարկ է նկատել, որ այդպես էին վճռել նաև Կովկասի այն ժամանակվա փաստական տերերը՝ Գերմանիան և Թուրքիան: Եվ այս առնչությամբ միանգամայն հիմնազուրկ է Ա. Երզնկյանի և հետագայում նրան ձայնակցած շատ հեղինակների արտահայտած այն միտքը, թե մայիսի 28-ին Հայաստանի անկախացումը կատարվել է Թուրքիայի բռնի թելադրանքով: Այնինչ, փաստերը և դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը հուշում են, որ եթե խնդիրը թողնվեր Թուրքիային, ապա նա ոչ միայն Հայաստանը չէր «անկախացնի», այլև հնարավորության դեպքում, պանթուրքական ծրագրի համատեքստում, Անդրկովկասում ևս հայ չէր թողնի ու արևելահայոց հարցը կլուծեր արևմտահայոց նման:

Այդ ժամանակ հարցականի տակ էր դրված ոչ միայն Հայաստանի քաղաքական միավորի ինքնուրույն գոյությունը, այլև բուն արևելահայության ֆիզիկական գոյությունը: Այս առումով հետաքրքրությունից զուրկ չէ և այն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հետագա ճակատագրի հարցում Թուրքիայի կառավարող շրջաններում գոյություն է ունեցել երկու հիմնական մոտեցում: Այդ մասին պատմում է Ալ.Խատիսյանն իր հուշերում:

Դրանցից մեկը` առավել ծայրահեղ թևը, որը գլխավորում էր ռազմական նախարար Էնվեր փաշան, գտնում էր, որ հայերին պետք է հիմնովին բնաջնջել նաև Կովկասի մեջ և մեկընդմիշտ ազատվել Հայկական հարցից: Մյուս հոսանքը, որը պաշտպանում էր մեծ վեզիր (վարչապետ) Թալեաթ փաշան, գտնում էր, որ անհնար է հայերին լիովին ոչնչացնել, ուստի ավելի լավ է հայերին ինչ-որ չափով գոհացում տրվի, որովհետև, եթե «նույնիսկ 100 000 հայեր մնան աշխարհի երեսին, մեզի հանգիստ պիտի չտան երբեք»: Նրա կարծիքով, հայկական մի փոքր պետության գոյությունը կարող էր պատնեշ, «բուֆեր» լինել Թուրքիայի և նրա դարավոր թշնամի Ռուսաստանի միջև, իսկ մյուս կողմից անկախ Հայաստանի գոյությունը միջազգային հանրության շրջանում կարող էր հայացք ձևավորել, որ դրանով լուծվել է Հայկական հարցն ու այլևս կարիք չկա դրսի միջամտության: Ընդ որում, այդ փոքրիկ Հայաստանը ստեղծվելու էր ոչ թե արևմտահայ հողի վրա, որը թուրքերն անվերապահորեն իրենցն էին համարում, այլ նախկին Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող արևելահայ մի հողակտորի վրա: Ի վերջո, այդ պայքարում ընդունվում է Թալեաթի տեսակետը:

Սակայն ստեղծված իրավիճակում անկախ Հայաստանի գոյությունը կարող էր և ժամանակավոր լինել, որովհետև դեպի Բաքու շտապող թուրքական զորքը մտադիր էր վերացնել հայկական պետությունը, չէր բացառվում նաև հայ ազգաբնակչությունը: Եվ պատահական չպետք է համարել Ստամբուլում լույս տեսնող իթթիհատական «Ենի գյուն» («Նոր օր») պաշտոնական թերթում զետեղված Անդրկովկասի այն քարտեզը, որում չկար Հայաստանը՝ իբրև ազգային-պետական միավոր: Նույն կերպ հայկական պետականության ստեղծման մտադրություն չուներ նաև Գերմանիան, որը, ինչպես հայտնի է, որոշակի պատասխանատվություն էր կրում հայ ժողովրդի ճակատագրի հարցում: Նա էլ խնդրի լու-
ծումը տեսնում էր հայկական տարածքները (գավառները) Վրաստանի և Ադրբեջանի միջև տարրալուծելու մեջ: Կնշանակի՝ Հայաստանի անկախության ակտը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում չուներ այլընտրանք:

Այդ օրերին հայ ժողովուրդն ունեցավ իր երկրորդ Ավարայրը: Մայիսվերջյան հաղթական շաբաթը, փաստորեն, ծնեց Հայաստանի անկախությունը: Կարելի է վստահ ասել, որ անկախությունը ձեռք բերվեց ոչ թե Թիֆլիսում՝ Հայոց ազգային խորհրդի հոգեմաշ նիստում, այլ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: «Մայիսի 28-ի» բանաձևը իրավական վավերացումը եղավ Հայաստանում մղվող մայիսյան հաղթական հերոսմարտերի: «Սարդարապատի, Ղարաքիլիսեի և Բաշ-Ապարանի ճակատամարտերուն մեջ,– գրում էր այդ մարտերի հերոսներից մեկը՝ Դրոն,– իր տարած անօրինակ հաղթանակներով՝ հայ ժողովուրդը տիրացավ ազատ և անկախ ապրելու անփոխարինելի բարիքին: Այդ ճակատամարտերն եղան պատճառ, որ տաճիկները հարկադրվեցին դաշինք կնքել հայերի հետ և ճանաչել Հայաստանի անկախությունը»:

1918 թ. մայիսի 28-ի պատմական որոշումից երկու շաբաթ անց՝ հունիսի 13-ին, նորընտիր վարչապետ Հ. Քաջազնունին «դաշնակիցներին» և ընդհանրապես ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարություն արեց՝ Հայաստանի անկախության մասին:

Այսպիսով, հարյուրամյակների ընդմիջումից հետո կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության հռչակումը, իրավամբ, շրջադարձ եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում: Դրանով կարելի է ասել, որ փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական դրվագներով հարուստ նոր պատմության ժամանակաշրջանն ու սկսվում նորագույն` հայկական պետականությունների պատմության դարաշրջանը:

Տպել Տպել