Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող, բանակցությունները պատանդ պահել

Համանախագահների այցելությունը տարածաշրջան ցույց տվեց, որ ԼՂ հարցի շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Այս մասին այսօր, նոյեմբերի 28-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, համանախագահների այն եզրակացությունը, որ բանակցությունները կշարունակվեն ԱԳ նախարարների մակարդակով եւ դեռ նախագահների հանդիպում չի սպասվում, ցույց է տալիս, որ համանախագահողները փորձում են ինչ-որ ձեւով մեկնարկ տալ բանակցություններին` նվազեցնելու համար պատերազմի հավնականությունը. «Պատերազմի հավանականություն, ոչ միայն ԼՂ հակամարտությունից բխած, այլեւ ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունցող զարգացումները»,- ավելացրել է Կիրո Մանոյանը: Պատերազմի իրական վտանգ Հայաստանի համար այս պահին չկա: Ադրբեջանը միշտ էլ ռազմատենչ հայտարարություններ է անում, խախտում հրադադարի ռեժիմը, բայց միաժամանակ վստահ չէ սեփական ուժերի վրա: Պատերազմի հավանականությունը այնքան էլ մեծ չէ: Բայց պետք չէ բացառել պատերազմը։ Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին մնում է ակտիվացնել ճիգերը ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ, ինչը կարող է լինել, թե ամբողջական, թե մասնակի ճանաչման տեսքով:

Ըստ Մանոյանի՝ համանախագահներին ուղղված ԼՂ նախագահ Բակո Սահակյանի այն առաջարկը, որով ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, տեղին է, մի քիչ էլ ուշացած: «Եթե համանախագահները անկեղծ են, ապա ԼՂ-ին այդ հնարավորությունը պետք է տան Ադրբեջանին ցույց տալու համար, որ այդ բանակցությունները չի կարող պատանդ պահել իր տրամադրություններին»,- նշել է Կիրո Մանոյանը:

Ստեփանակերտի օդանավակայանի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքում, ըստ էության, փոփոխություն չկա: Այս այցի ընթացքում արած հայտարարությունը, հիմնականում, չի տարբերվում հուլիսյան այցից հետո արած հայտարարությունից. «Հուլիսին նրանք ասում էին, որ կողմերը համաձայնություն հայտնեցին, որ քաղաքացիական թռիչքները թիրախ չեն լինելու, և մինչ այս պահը գոյություն ունեցող թռիչքների ռեժիմը շարունակվելու է: Մինսկի խմբի համանախագահները կողմերին հորդորում էին հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Մանոյանը: Ըստ նրա, հուլիսի հայտարարության մեջ կողմերի համաձայնության մասին էր խոսվում, բայց եթե այժմ Ադրբեջանը փոխել է իր կեցվածքը, նրանք այս անգամ որևէ համաձայնության մասին խոսել չէին կարող: Այն որ համանախագահները դարձյալ խոսում են խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծելու մասին, վկայում է, որ նրանք կողմ չեն Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին:

«Թռիչքների ուշացումը ավելի շատ տեխնիկական հարց է և պայմանավորված չէ Ադրբեջանի կեցվածքով: Ադրբեջանի համար լավ կլինի, որ նա խնդիրներ չստեղծի»,- ասել է Կիրո Մանոյանը:

Ռուսական ԶԼՄ-ներով հնչեցին, որ պետք է մեծ պայմանագրի փաթեթ դնել հակամարտող կողմերի առջև. «Լրիվ անիմաստ է խոսել մեծ պայմանագրի մասին, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա։ Դա ինչի հիման վրա պետք է լինի: ԱՄՆ-ն փորձում է այլ երկրներում գտնվող ուժերը հետ կանչել: Ինչո՞ւ պետք է դա արվի մի տարածքում, որտեղ քսան տարի է ինչ պատերազմ չկա: Ես կարծում եմ, որ ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանություններն այլ բան են նկատի ունենում. որ ՌԴ-ն հաշվի է առնում Ադրբեջանի տեսակետները, սակայն իրական ոչինչ չկա, քանի որ ՌԴ-ն Ադրբեջանի տեսակետներն ավելի չի հաշվի առնում, քան Հայաստանի տեսակետները», ասել է Կիրո Մանոյանը և նկատել, որ Արցախում խաղաղապահ ուժերի առկայությունը կբարդացնի իրավիճակը:

Մանոյանի տեղեկացմամբ՝ Միջազգային համաժողովի շրջանակներում Բաքու էր հրավիրվել նաեւ ՀՅԴ Լիբանանի կառույցը, որի ներկայացուցիչները սակայն նպատակահարմար չգտնելով՝ մերժել են հրավերը:

Մանոյանը չցանկացավ անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի` Բաքվի ելույթի բովանդակությանը, փոխարենը անդրադարձավ Բաքվում կազմակերպվող համաժողովներին հայկական կողմի մասնակցության նպատակահարմարությանը. Եվրոնեստի խորհրդարանական ասամբլեայի ժողովին չմասնակցելը ճիշտ չէր լինի, բայց ասել, որ բոլոր ժողովներին մասնակցելը ճիշտ է, այդպես չէ:

«Ասիական կուսակցությունների միջազգային ժողովը ցույց տվեց, որ այն ամբողջությամբ Ադրբեջանի ազդեցության տակ է, նման ժողովներին մասնակցությունը ճիշտ չէ, որքան էլ փորձեն հակառակն ասել: Վերջին այցը Բաքու փաստեց, որ բոլոր այն միջազգային ժողովներին, որոնց մենք հրավիրվելու են մասնակցելու, չի նշանակում, որ պետք է դրական պատասխանենք: Այս դեպքում Ադրբերջանը ևս խայտառակ եղավ: Սա ինչ-որ տեղ Րաֆֆիի արած քայլերի արդյունքում էր. նա նամակ գրեց, հայտարարեց: Բայց վստահ չեմ, որ արժեր»,- մանրամասնել է իր տեսակետը Կիրո Մանոյանը՝ շարունակելով, որ բազմիցս տեսել ենք, որ ժողովներ են գումարվել, և ինչ տեսակետներ են հնչել, ուստի դրանց բոլորին հակադարձել փորձելը ճիշտ չէ:

«Սիրիայում հայ համայնքի գործունեությունը մոտ հազար տարվա պատմություն ունի: Հայ համայնքը, անկախ որևէ մեկի ցանկությունից, մնալու է Սիրիայում։ Որքան էլ ծանր է իրավիճակը, բայց հայ համայնքը թիրախ չի դարձել եւ չնայած կորուստների՝ շարունակում է մնալ Սիրիայում եւ պետք է աջակցել նրանց»,- ասել է Կիրո Մանոյանը: «Կարծում ենք, բավական հնարավորություններ են տրվել Սիրիայից այստեղ ժամանակավոր կամ մշտական հաստատվածներին եւ հետզհետե ինչ-որ բաներ փորձում են շտկել, որպեսզի բոլոր խնդիրները կարողանան հաղթահարեն: Ինչ վերաբերում է Սիրիայում մնացած համայնքի կարիքներին, ապա պիտի ասեմ, որ պետությունը այնտեղ հնարավորինս արել է, եւ բոլոր արածների մասին չէ, որ կարող է խոսել»:

Հիմնական պատճառը, որ հայկական համայնքը չի ուզում լքել Սիրիան, տարիների ընթացքում այնտեղ ստեղծած ունեցվածքն է, ձեւավորած միջավայրը: Ըստ Մանոյանի, Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Սիրիայում մնացողներին, Հայաստան տեղափոխվածների համար հնարավորություններ ստեղծի, իսկ նրանց, ովքեր մտադիր են այլ երկիր տեղափոխվել՝ ինչ-որ ձեւով խրախուսի, որ գան Հայաստան:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարի «տասը տոկոսի հատկացումը, կարծում եմ, մեծ աջակցություն կլինի առնվազն մեկ տարվա համար, սիրիահայերի առաջնային կարիքների լուծման համար, ու ամենեւին կարիք չկա ողջ գումարը հատկացնել սիրիահայությանը: Այլ խնդիրներ եւս կան», – ասել է Մանոյանը:

Տպել Տպել