ՀՅԴ-ն պաշտոնական հանդիպում կունենա Արմեն Սարգսյանի հետ

ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով։

«Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել», – նշեց նա։

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ, իսկ պաշտոնական հանդիպում կունենա մոտ ժամանակներս, որտեղ էլ կքննարկեն իրենց հուզող հարցերը։

Վարդանյանը նաև շեշտեց, որ Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ է նշմարվում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից։

Դիտարկմանը, թե եթե Արմեն Սարգսյանը չընդունի Հանրապետականի առաջարկը, արդյոք կա այլ թեկնածու, ում իրենք տեսնում են նախագահի պաշտոնում, Աղվան Վարդանյանը նշեց, որ մինչև Արմեն Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվելը, մամուլում տարբեր անուններ են շրջանառվել, որոնց շարքում կային մարդիկ, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին։

Հարցին, թե Արմեն Սարգսյանը երկար տարիներ չի ապրել Հայաստանում և արդյոք օրենքի խախտում չէ նրա՝ նախագահի թեկնածու առաջադրվելը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ դրանք արհեստական բարդություններ առաջացնող հարցեր են, քանի որ ցանկացած դեսպանատան տարածք, տվյալ երկրի տարածքն է համարվում։

Աղվան Վարդանյանն անդրադարձավ գնաճին: Նա նշեց, թե «Ելքի» հրավիրած՝ գնաճի դեմ պայքարին դուրս եկած քաղաքացիների թվից հասկանալի է, որ գնաճը սարսափելի չէ, ինչպես ներկայացվում է:

«Մենք ունենք գնաճի դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելքի» երթով, և տեսաք հասարակության մասնակցությունը, հասարակության աջակցության չափն ու ծավալները»,-ասաց նա:

ՀՅԴ քարտուղարը նշեց, թե իհարկե ինքն ուրախ կլիներ, որ օբյեկտիվ հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա շատ ավելի լայն աջակցություն գտներ: «Բայց չեմ կարծում՝ կանաչ ժիգուլին կամ անպտուղ կենդանի ջորին հրելը կրեատիվ մտածողության արդյունք է, ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ եթե պահանջում են հարկային դրույքաչափերի իջեցում, պետք է ասել՝ ինչպես են արտաքին պարտքը սպասարկելու, բարձրացնելու կենսաթոշակները, աշխատավարձերը:

«Կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին 10 տարիներին չենք ունեցել»,-ասաց նա և նշեց, թե բոլոր ցուցանիշներում աճ կա:

Նա համաձայն է վարչապետի հետ, որ բենզինին այլընտրանք կա՝ ինքը ևս բենզինով էր մեքենան վարում, անցել է գազի և շատ ավելի էժան է: «Նույն սեղմված գազը, իմ տեղեկություններով՝ 20 դրամով է բարձրացել: Տնտեսական փոփոխությունները, դրական ցուցանիշներն ակնհայտ են»,-ասաց նա:

Աղվանն Վարդանյանն տեղեկացրեց, որ անցած շաբաթ և կիրակի Դաշնակցության տարածաշրջանային հերթական համաժողովն է անցկացվել: Նրա խոսքով՝ այսպիսի համաժողովներ պարբերաբար լինում են, որին մասնակցում են ՀՅԴ տարածաշրջանային տարբեր կառույցների ղեկավարներ:

«Այս տարվա ընթացքում արդեն թվով երրորդ համաժողովն էր: Առաջինն անցկացրել էինք Արգենտինայում` ամերիկյան մայրացամաքի և Ավստրալիայի կառույցների համար, երկրորդն Աթենքում էր` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի կառույցների հետ, և երրորդը` այս իմ նշածը: Ներկայացվեց և քննարկվեց կուսակցության վերջին շրջանի գործունեությունը»,- հայտնեց Վարդանյանը:

Այնուհետև պատգամավորը նշեց մի փաստ, որը, նրա խոսքով, դուրս էր մնացել մամուլի ուշադրությունից: «ԱԺ վերջին նիստից կուզեի ձեր ուշադրությունը մեկ հատկանշական երևույթի վրա բևեռել, որը չէր նկատվել, և մամուլն էլ չէր անդրադարձել: Մենք այդ նիստի ընթացքում ևս ունեինք սահմանադրական օրենքի` երկրորդ ընթերցմամբ քվեարկություն` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն էր, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին ճիշտ անհրաժեշտ 63 ձայնով, այս անգամ այդ օրենքի երկրորդ ընթերցումը հավաքեց 84 ձայն: Սա դրական երևույթ է և անհրաժեշտ էր ֆիքսել»,- նշեց Վարդանյանը:

Տպել Տպել