Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով դեսպանին` նախարար Լոքյանն ասել է, որ իր համար հաճելի է Ֆրանսիայի պետության ներկայացուցչի հետ հանդիպումը, քանի որ, բացի երկու ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերություններից, նաև արդյունավետ է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, որը միտված է մեր երկրների միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: «Մեր համայնքները ուղիղ շփման միջոցով կարողանում են միմյանց ճանաչել, ստանալ տեղեկատվություն, փորձ և օգտվել Ֆրանսիայի կուտակած մեծագույն արժեքներից: Տարածաշրջանային մակարդակում շատ լավ համագործակցություն ունեն մեր մարզերը՝ Գեղարքունիքը, Շիրակը, Լոռին, Տավուշը»,-ասել է նախարարը:

Դեսպան Լաքոտն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նկատել, որ Հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը հենց պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համագործակցությամբ: Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի տարածաշրջանները կարգուկանոն են մտցրել իրենց միջազգային համագործակցության աշխատացուցակում, և շրջաններից շատերը որոշում են կայացրել ակտիվ համագործակցել Հայաստանի հետ: «Բոլոր այդ տարածաշրջաններում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները մեծ հետաքրքրություն են տածում Հայաստանի հետ համագործակցության նկատմամբ և առաջնահերթ ոլորտներ են համարում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու վերականգնվող էլեկտրաէներգիայի ուղղությունները»,-ասել է դեսպանը:

Ի պատասխան` նախարար Լոքյանը նշել է, որ այդպիսի որոշումները պարտավորեցնող և շատ ոգևորիչ են: «Մենք պետք է կարողանանք փոխադարձ համագործակցության այնպիսի դաշտ ապահովել, որը միմյանց համակրելու մակարդակից կտեղափոխվի միմյանց փոխադարձաբար օգուտ բերելու դաշտի: Իրավամբ, ժամանակն է, որ մենք ակտիվացնենք տնտեսական արդյունավետ հարաբերությունները Ֆրանսիայի հետ և դա կարող է ընդգրկել տարբեր ոլորտներ:

Հանդիպման ժամանակ կարևորվել է ընթացիկ տարվա մարտի 3-7-ը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի ներկայացուցչական այցը Հայաստան, ինչպես նաև հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը: «Պարոն դեսպան, այս տարին մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեզ բախտ է վիճակվել Երևանում անցկացնել Ֆրանկոֆոն հերթական գագաթնաժողովը և մենք, միասին աշխատելով,պետք է այն դարձնենք ավելի արդյունավետ: Ես համոզված եմ, որ այդ ժամանակահատվածը Հայաստանի համար ապագային միտված շատ կարևոր սկիզբ է լինելու: Հայաստանի և Ֆրանսիայի երկրների նախագահների վերջին հանդիպումն էլ է խոստանում այդպիսի արդյունք և մնում է, որ մենք մեր մակարդակներում շատ ակտիվ աշխատենք»,-ասել է Դ. Լոքյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության նոր համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը, երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ Ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովը կարող է ոգևորող սկիզբ դառնալ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների նորանոր համագործակցության համար: Նախարար Լոքյանի հավաստմամբ, այդ հարցը իր ղեկավարած գերատեսչության առաջնային խնդիրներից է լինելու, ինչը միտված է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն ավելի գործնական դարձնելուն:

mtad.am

Տպել Տպել