Արթուր Մկրտչյանի օրոք Ղարաբաղը քաղաքականություն թելադրողի դերում էր

«Այսօրվա միջոցառման ընթացքում քննարկելու ենք Արթուր Մկրտչյանի կյանքի և գործունեության հետ կապված երեք հիմնական բաղադրիչները՝ որպես մարդ-գիտնական, պետական-քաղաքական գործիչ և Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած առաջամարտիկ»,- ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման բացման խոսքում ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ:

Արթուր Մկրտչյանին նվիրված հուշ-ցերեկույթին ներկա էին ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներ, Արթուր Մկրտչյանի հարազատները, գաղափարական ընկերները, ԱՀ պատգամավորներ, լրագրողներ:
Լեռնիկ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի պետական մակարդակով կնշվի Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը:

Միջոցառմանը ներկա 1992թ. ԼՂՀ ԳԽ նախագահության անդամ Համլետ Գրիգորյանը խոսել է Արթուր Մկրտչյանի մասին՝ որպես պետական-քաղաքական գործչի և խիստ քննադատել ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքը ԼՂՀ իշխանությունների նկատմամբ:
1992թ. ՀՅԴ պատասխանատու մարմնի անդամ Վալերի Ղազարյանը նկարագրել է, թե ինչպես է ՀՅԴ մարմինը կայացրել Արթուր Մկրտչյանին ԼՂՀ ԳԽ նախագահ ընտրելու որոշումը և դրանից հետո ծավալված գործընթացները:

Արթուր Մկրտչյանի մահից հետո ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար դարձած Գեորգի Պետրոսյանն անդրադարձել է որպես պետական-քաղաքական գործչի և որպես մարդու Արթուր Մկրտչյանի ազնվությանն ու մաքրությանը և շեշտել է, որ նրա օրոք Ղարաբաղը ստանձնել է քաղաքականություն թելադրողի դերը: «Քաղաքականությունը գերագույն բարոյական քայլն է, որ պետք է արվի»,- Արթուրի խոսքը մեջբերել է Գեորգի Պետրոսյանը: Ըստ նրա՝ Արթուր Մկրտչյանը կարողացել է հանուն պետական համակարգի ստեղծման, համախմբել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժերին և անհատներին:

ԼՂՀ ԳԽ նախագահության անդամ Վալերի Ալեքսանյանը հիշել է Գերագույն խորհրդի առաջին նիստից մանրամասներ: «Արթուրը համահայկական նշանակության անձնավորություն էր, նա մեծ ներդրում է ունեցել Ղարաբաղում պետականություն ստեղծելու գործում: Այդքան երիտասարդ հասակում կարողացել է պետության գլուխ դառնալ, կայանալ, և եթե այսօր ունենք «ազգային հերոս» հասկացություն, ապա առաջինը Արթուր Մկրտչյանն է»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցողները հիմնականում անդրադարձան Արթուր Մկրտչյանի ազնվությանը, պետականամետ մտածողությանը, գիտելիքների անսպառ պաշարին և Արցախի մասին այն հեռանկարներին ու տեսլականին, որոնք տարբեր վայրերում ներկայացրել էր Արթուր Մկրտչյանը:

Հանդիպման ավարտին ելույթ ունեցած ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ Արթուր Մկրտչյանը Արցախյան շարժման լավագույն խորհրդանիշ կերպարներից մեկն է՝ որպես Արցախի պետության հիմնադիր:

aparaj.am

Տպել Տպել