Կառավարությունն հաստատեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը

Կառավարությունն այսօր հաստատեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը:

«Բոլորին է հայտնի, որ մեր երկրում ցածր էկոլոգիական մշակույթի հիմնական պատճառներից մեկը բավարար գիտելիքներ չունենալն է կամ աղավաղված գիտելիքներն են, որ հաճախ մեր շատ քաղաքացիներ կամ կազմակերպություններ փորձում են դրանցով առաջնորդվել», – կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ այս ռազմավարությունը համապարփակ մի փաստաթուղթ է, որն առնչվում է ինչպես կրթության ոլորտի բոլոր մակարդակներին, այնպես էլ պետական կառավարման համակարգում մասնագիտական վերապատրաստմանը:

«Նաև՝ հասարակական կազմակերպությունների ու լրագրողների համար առանձին դասընթացների լուսաբանման մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների համար շրջակա միջավայրի կանոնների և կարևորության վերաբերյալ հավելյալ դասընթացների կազմակերպմանը», – նշեց նախարարը:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ կարմիր գծի նման փորձում են այս գաղափարը տանել կրթության բոլոր մակարդակներում:

aysor.am

Տպել Տպել