Հարցը քաղաքական առումով և բոլոր մնացած գործընթացներով ավարտված է

Իրավաբանական վեճ է, պարապ ժամանակի զբաղմունք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթին, որի հարցով «Ելքը» հայտարարել էր, որ խմբակցության իրավաբանները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։

«Ելքն» առաջարկում էր երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ Նշենք սակայն, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ Մինչդեռ «Ծառուկյան» խմբակցությունը փետրվարի 25-ին հայտարարեց, թե կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ինչը ենթադրում է, որ «Ելքը» չի կարող հավաքել անհրաժեշտ ստորագրությունները և դիմել ՍԴ:

«Իրավաբաններից 2-ը եթե հակասահմանադրական են ճանաչել, 10-ն էլ լրիվ հակառակ պնդումն են ներկայացրել, այնպես որ կարող են անընդհատ վիճել այս հարցերի շուրջ, բայց ճիշտ կանեն գնան ակադեմիաներում այդ խնդիրները լուծեն, քանի որ հարցը քաղաքական առումով և բոլոր մնացած գործընթացներով ավարտված է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորը շեշտեց, որ ինքն իրավաբան չէ, բայց շատ պարզ տրամաբանություն է գործում ԱԺ–ի կողմից նախագահ ընտրելու կարգում, ինչը հստակ սահմանվում է նոր Սահմանադրությունում:

«Նոր լիազորություններով նախագահը ե՞րբ պետք է լինի, երբ նա ստանձնի իր պարտավորությունները գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը, իսկ գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին, ի՞նչ է մենք հենց նույնը օրը պետք է ընտրություն անենք, որ ամեն ինչ նորմալ լինի: Մինչև այդ նախագահը պետք է ընտրվի չէ՞, որ անցնի իր պաշտոնավարմանը, այդպես է եղել նաև նախկինում»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ մինչ նոր նախագահի պաշտոնի ստանձնումը ընտրություն է լինում, ընտրում են նոր նախագահին, սակայն քանի դեռ գործող նախագահն իր պաշտոնավարման ժամկետը չի ավարտել, գործող նախագահի լիազորությունները դեռ գործում են։

«Այստեղ էլ նույն տրամաբանությունն է գործում: Հիմա մենք պետք է պատրաստվենք ապրիլի 9-ին, որը պետք է լինի նոր նախագահի պաշտոնավարման և երդման արարողությունը, ո՞նց անենք բա, մինչ այդ չընտրե՞նք, ո՞նց պետք է կատարենք»,-ասաց նա և եզրափակեց, որ եղել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և դրանց կողմ քվեարկելով ժողովուրդը որոշել է, որ նախագահի ընտրությունը պետք է կազմակերպվի ԱԺ-ի կողմից: «Ի՞նչ է, Սահմանադրական դատարան դիմողները տեղյակ չե՞ն, որ Սահմանադրությունը փոխվել է»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:

Տպել Տպել