ՀՅԴ-ն իր օրակարգը համարում է հասարակությանը համախմբելու ելակետը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» խորագրով խորհրդաժողովը, որտեղ ներկայացվել է ՀՅԴ կողմից դեռեւս ամիսներ առաջ առաջարկված` 7 ծրագրային կետերից բաղկացած քաղաքական պլատֆորմը։

Խորհրդաժողովին մասնակցում էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Բացի այդ ներկա էին հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովին ներկա էին Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ), Արմեն Մարտիրոսյանը (Ժառանգություն), Րաֆֆի Հովհաննիսյանը (Ժառանգություն), Ռուբեն Հակոբյանը (Ժառանգություն), ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և այլք։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւ ընդգծել, որ ՀՅԴ–ի ներկայացրած օրակարգային յոթ կետերը կարող են միասնական ճակատի ձևավորման պլատֆորմ հանդիսանալ։ 

Նաև նշել է, որ այս խորհրդակցությունների արդյունքում է, որ իրենք վերջնականապես կհստակեցնեն նախագահական ընտրություններին իրենց մոտեցումները և ձևը:

«Կուլիսային պայմանավորովածությունների միջոցով չի կարելի արդյունքի հասնել։ Հստակ ճանապարհային քարտեզով ընտրությունների գնալու հրամայականի առջև ենք կանգնած»,- ասել է Արսեն Համբարձումյանը:

Ինչպես հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, այն կարգախոսը, որ այսօր հրավիրված խորհրդաժողովում հրապարակել է ՀՅԴ-ն` «Միասնական օրակարգով` դեպի նախագահական ընտրություններ», լիովին համահունչ է այն իրավիճակին, որ այսօր գոյություն ունի եւ այն պահանջին, որն այսօր ձեւավորվում է հասարակության մեջ:

Նրա խոսքերով` ընտրությունները սովորաբար ընդունակ են որոշակի փոփոխությունների ակնկալիք առաջացնել, բայց այս մեկն, այդ ակնկալիքների մեկնարկային նվազագույնի տեսակետից, աննախադեպ է:

«Պատճառը հստակ է` ընտրությունից ընտրություն մարդկանց վստահությունը դրանց նկատմամբ հասել է նվազագույն աստիճանի: Այս անբարենպաստ մթնոլորտը փոխելու եւ ընտրությունները օգտակար գործընթացի վերածելուն է ուղղված «Միասնական օրակարգով` դեպի նախագահական ընտրություններ» կարգախոսով հասարակությանը համախմբելու մեր նախաձեռնությունը: Այսպիսի իրական հնարավորություն մենք տեսնում ենք: Որ ներքաղաքական իրավիճակն ընձեռնում է: Բայց առանձին վերցրած որեւէ քաղաքական ուժ չի տիրապետում հասարակական այնպիսի վստահության, որ կարողանա ինքնուրույն հասնել հաջողության: Դա, կարծես, բոլորն էլ ընդունում են: Եվ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը ընդդիմադիր զանգվածի լիարժեք միավորումն է ընդհանուր նպատակի եւ գործողությունների շուրջ»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վատ ընթացքը փոխելու գործին է կոչված ՀՅԴ 7 կետանոց օրակարգը: Այն, ըստ Արմեն Ռուստամյանի, անհրաժեշտ եւ բավարար քայլերի ամբողջություն է, որի միջոցով հնարավոր է երկիրը դուրս բերել այս խորքային եւ բազմակողմանի ընդգրկում ունեցող ճգնաժամից, ապահովել նրա անվտանգ եւ արագընթաց զարգացումը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի համոզմամբ` հնարավորինս լայն համաձայնության հասնելու դժվարին, բայց իմաստալից ճանապարհը մեկն է` նախեւառաջ` հասնել այս միասնական օրակարգի ընդունման եւ դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման: Հետո միայն ձեռք բերել պայմանավորվածություն միասնական թեկնածուի վերաբերյալ:

«Հերթականությունը փոխելը փակուղի է: Որովհետեւ այսպես առնվազն կունենանք համաձայնեցված օրակարգ, որն ինքնին չափազանց դրական ազդակ է` ուղղված հասարակությանը, եւ կարող է միշտ հասարակության համախմբման համար լավ հիմք ծառայել: Այնուհետեւ` որեւէ մեկն անձամբ այնպիսի հեղինակություն չի վայելում, որ իր անձն ինքնին երաշխիք լինի ժողովրդին` այդքան անհրաժեշտ փոփոխությունների հասնելու»,- իր խոսքը հիմնավորել է Արմեն Ռուստամյանը` նշելով, որ այսպիսի հերթականությունը հնարավորությունն է տալիս ի սկզբանե հարցը դուրս բերել անձերի միջեւ համեմատություն կատարելու` խիստ սուբյեկտիվ եւ ապակառուցողական դաշտից:

«Առանց միասնական մոտեցումների, միասնական ընկալման, դժվար է ակնկալել լուրջ հաջողություն առաջիկա նախագահական ընտրություններում»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Բոլորս գիտենք եւ ամեն ընտրություններից հետո նորից մատնացույց ենք անում մեր հասարակության աղքատության բարձր աստիճանը, մենաշնորհային տնտեսության, սոցիալական, տնտեսական, մշակութային բազմաբնույթ իրավունքների զանգվածային ոտնահարումները: Եվ ակնկալել, որ այս վիճակում գտնվող քաղաքացին, չտեսնելով ապագա, պատրաստ է ընտրությունների գնալ եւ ընտրել իր նախընտրած ուժին, իր նախընտրած թեկնածուին, դժվար է, եթե չասենք անհնարին»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի ՀՅԴ-ի նպատակը ձեւը որակի վերածելու մեջ է:

ՀՅԴ համոզմամբ` միասնական օրակարգն է լայն միավորման հասնելու եւ հասարակությանը համախմբելու ելակետը:

Տպել Տպել