ՀՅԴ առաջարկը ԱԺ հանձնաժողովներում խմբակցությունների ներկայացվածության վերաբերյալ

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախագծի նպատակն է, որպեսզի խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

«Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,-ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար: Իսկ խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում:

«Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ»,-ասաց նա:

Ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի մշտական հանձնաժողովների առավելագույն քանակը 12-ն է:

tert.am

Գլխավոր հարցը հետեւյալն է` խմբակցությունը տուժում է, որ ներկայացված չէ բոլոր հանձնաժողովներում


ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի նախագիծը`ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին: Խոսքը վերաբերում է հանձնաժողովներում`պատգամավորների ներկայացվածությանը:

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ խորհրդարանում կարող են ստեղծվել մինչեւ 12 հանձնաժողովներ: Հանձնաժողովների քանակը որոշվում է ԱԺ խորհրդի առաջին նիստում: Այժմ 9 հանձնաժողով կա խորհրդարանում: Կա նաեւ սահմանափակում` պատգամավորին արգելվում է մեկից ավելի հանձնաժողովներում ընդգրկված լինել, ինչպես նախկինում էր: ՀՅԴ-ն յոթ պատգամավոր ունի եւ գործող 9 հանձնաժողովներում, ըստ Արմեն Ռուստամյանի, խմբակցությունը չի կարողանում ներկայացված լինել բոլոր հանձնաժողովներում ու արդյունավետ աշխատել: Ինքն առաջարկում է`ՀՅԴ-ի համար տեղեր ավելացնել եւ հնարավորություն տալ ներկայացված լինել բոլոր հանձնաժողովներում: Այս առաջարկը մեկ անգամ դրել է շրջանառության մեջ, քննարկվել է շատ, հանվել, հիմա լրամշակված նորից է ներկայացվել:

Այդ ընթացքում ՀՅԴ-ն դիմել է նաեւ նախագահին կից սահմանադրական-խորհրդակցական մարմնին`ասել են մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների համամասնությամբ: «Այսինքն, դա վերաբերում է յուրաքանչյուր առանձին հանձնաժողովին: Որովհետեւ մեզ մինչեւ հիմա ասում էին, որ եթե փոքր խմբակցությամբ ներկա եք լինում բոլոր հանձնաժողովներում, այդ համամասնությունը խախտվում է: Իհարկե, դա աբսուրդ է, որովհետեւ այսօր 9 հանձնաժողովից ցանկացած 7-ում կարող ես ներկա գտնվես, որեւէ մեկը չի կարող ասել`հենց այս յոթում պետք է ներկա լինես: Եթե համամասնությամբ պետք է բաշխվեն հանձնաժողովում տեղերը, որեւէ խմբակցության համամասնությունը զրո լինել չի կարող:

Բացի այդ, խորհուրդը գտնում է, որ Սահմանադրությունը որեւէ արգելք չի նախատեսում պատգամավորներին`մեկից ավելի հանձնաժողովում ընդգրկվելու համար»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով`ապագայում էլ եթե պահպանելու ենք այս վիճակը, ապա առաջին նիստին պետք է հանձնաժողովների թիվը որոշենք նվազագույն խմբակցության թվով, որ բոլորը կարողանան մասնակցել խորհրդարանի աշխատանքին: «Գլխավոր հարցը հետեւյալն է` խմբակցությունը տուժում է, որ ներկայացված չէ բոլոր հանձնաժողովներում: Գիտության-կրթության հանձնաժողովում առաջարկություն ենք ներկայացնում, քննարկվում է ու չի անցնում հենց այդ մեկ ձայնի պատճառով. էդ հանձնաժողովում մենք ձայն չունենք: Խմբակցությանն ընտրության առաջ դնել`որ հանձնաժողովն է կարեւոր որը`ոչ, ի սկզբանե խնդիր ենք ստեղծում: Կարեւոր չէր`չստեղծեինք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

aravot.am

Տպել Տպել