Մեր առաջարկած յոթ կետերը պետք է դառնան հասարակական պահանջ

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Չկա հարց կամ իրավիճակ, որ ՀՅԴ-ն բոլորից շուտ չկողմնորոշվի. 100 տարվա կուսակցություն է, իսկ ի՞նչ էիք կարծում։ Հավանաբար, հնությունն է դերախաղացը, որ կողմնորոշված դաշնակցական պատգամավորները երբեք չեն «ջրիկանում», ասել է թե, ըստ ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի` կայացման խնդիր չունեն և ելույթ չեն ունենում զուտ ելույթ ունենալու համար։

ՀՅԴ օրենսդիրների ճշմարիտ խոսքի թանձրությունը մեկ անգամ չէ, որ զգացել ենք։
Այն վերջերս օբյեկտիվորեն գնահատեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «2013-ի բյուջեի շրջանակներում «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ներկայացրած առաջարկություններն ամենակոնստրուկտիվն են, որոնց հետ չենք կարող հաշվի չնստել»։

Իսկ ո՞վ, ե՞րբ, քաղաքական ո՞ր ուժը կստանձնի առաջինը «տնտղելու» և անվերապահորեն ընդունելու ՀՅԴ-ի այն յոթ կետերը, որ առաջարկվում են ՀՀ նախագահի թեկնածուների կոնտեքստում։ Կողմնորոշվելու ժամանակ, իհարկե, դեռ կա, մտածելը վնաս չէ առողջությանը, բայց… ձայն հանողը չկա։ Նայել-ուսումնասիրե՞լ են, թե՞ գցել-բռնել են, որ 2013-ի բյուջեի հաստափոր նախագիծը վերջին անգամ ընթերցելուց հետո ի՞նչ կարիք կա անտեղի տեղը գերհոգնածություն ձեռք բերելու։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Իրատես de facto»-ին:

-Պարոն Ռուստամյան, եթե վաղը պարզվի, որ Ձեր առաջարկած յոթ կետերն անվերապահորեն ընդունում են հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը կամ նրան ոչնչով չզիջող, հայտնի էպոսագետ Վարդան Սեդրակյանը (երրորդը` մտքումս պահած), Դուք ինչպե՞ս եք վարվելու. սատարելո՞ւ եք, թե՞ զբաղվելու եք Ձեր հայտարարությունը սրբագրելու անշնորհակալ աշխատանքով։

-Մենք առաջարկել ենք յոթ կետ, սակայն դա չի նշանակում, թե ինչ-որ մարդ ենք ման գալիս կամ կուսակցություն փնտրում, որ դրանք ընդունեն։ Մեր խնդիրն է, որ հիշյալ յոթ կետերը դառնան ընդդիմադիր զանգվածի միավորողը։ Այսինքն` ընդդիմադիր լայն զանգվածի վրա ազդող քաղաքական ուժերի մասին է խոսքը։ Իսկ ընդդիմադիր զանգվածի հետ կապված, թե ով ինչպիսի ազդեցություն ունի, դա արդեն կերևա հենց էդ քաղաքական ուժերի իրական վարկանիշով, նրանց անցած ճանապարհով, կենսագրությամբ, ունեցած հնարավորություններով։ Որպես կուսակցություն` նրանց կայացվածության աստիճանով։ Եվ էս դաշտում կարող են ազդել ազդեցիկ կուսակցությունների դիրքորոշումները։ Այլ կերպ ասած, խոսքը քաղաքական միավորների հնարավորինս լայն համախմբման մասին է, որ մեր առաջարկած յոթ կետերը դառնան հասարակական պահանջ։ Եթե չդառնան այդպիսին, նշանակում է` ինչ-որ մի մասի տեսակետ է դառնում` մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ինչը, ըստ էության, էն արդյունքը չի տա, ինչը մենք ենք սպասում։ Այսինքն` պետք է քաղաքական այնպիսի ուժերի համախմբում լինի, որոնք կկարողանան էապես ազդել հասարակական պահանջի ձևավորման վրա։

-Չեմ կարծում, որ այդ առումով մենք հիմա պատրաստ ենք իրատեսական զրույցի։

-Այս պահին, իրոք, չկա այդպիսի գնահատում, որովհետև մենք համարում ենք, որ հաջորդ քայլը դեռ չի կատարվել։ Բանակցել, խոսել ենք բոլորի հետ։ Ընդհանուր, նախնական տեսակետները պարզ են, բայց դա պետք է փոխվի համատեղ հայտարարությամբ։ Պահը հենց որ գա, կասվի, որ այո՛, սա օրակարգն է։ Որից հետո դրա հիման վրա կազմվելու է ճանապարհային քարտեզը, որով և առաջնորդվելու ենք։ Այ սա արդեն կլինի համատեղ ծրագիր։

-Ենթադրենք, ժամանակն ընթանում է Ձեր երազած սցենարով, և առաջարկվող յոթ կետերին տեր են կանգնում թե՛ կոալիցիոն ուժերը, թե՛ ընդդիմադիր դաշտի ազդեցիկ որևէ քաղաքական միավորում կամ իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն։ Դաշնակցությունը ո՞ր թեկնածուին է պաշտպանելու։

-Դե՜… գիտեք, դա էլ տարբերակ է, բայց քիչ հավանական։ Ավելի իրականն այն կլիներ, որ մեր առաջարկը վերաճի, դառնա հասարակական պահանջ, որի գնահատությունն արդեն կտա Գերագույն ժողովը։ Ժողովը կորոշի` բավարա՞ր է արդյոք այդ ձևաչափը, համաձայնության ի՞նչ ծավալով հասնել իրական, մրցակցային ընտրությունների, որպեսզի ընտրությունները դառնան իշխանափոխության միջոց։

-Եթե դատողություններս կառուցեմ Ձեր արտահայտած վերջին մտքի վրա, կնշանակի` իշխող կուսակցությունները «ջրած» ունեն Ձեր առաջարկած յոթ կետերը։

-Մենք մինչև հիմա հանդիպել ենք ՕԵԿ ներկայացուցչական խմբի հետ, որի անդամները մի քանի սկզբունքային հարցերի շուրջ անհամաձայնություն դրսևորեցին…

-Իսկ հանրապետակա՞նը. հրավիրել եք` չե՞ն եկել, թե՞ չեք էլ առաջարկել։

-Մենք միշտ էլ պատրաստ ենք երկխոսության։ Առաջարկել ենք։ Հանդիպումը չի կայացել։ Ենթադրում եմ, որ դեմ են։

Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ
«ԻՐԱՏԵՍ de facto»

Տպել Տպել