Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը երաշխիք է երկրի կայուն զարգացման համար

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ գործադիրն մարտի 22-ին հավանության է արժանացրել «Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»:

Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, ոչ միայն կարևոր նախապայման է մարդու և բնության ներդաշնակ գոյակցության, այլև երաշխիք երկրի կայուն զարգացման համար:

Ներկայում գործող օրենսդրական հենքի կատարելագործման խնդիրն արդիական է, քանի որ այն չի ապահովում բնապահպանության ոլորտի այնպիսի գործընթացների կարգավորումը, ինչպիսիք են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ու կայուն օգտագործմանն ուղղված համալիր պլանավորման, բնական ռեսուրսների միասնական մոնիթորինգի իրականացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հաշվառման ու կադաստրների վարման, միասնական տեղեկատվական համակարգերի կառավարման ու շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների բոլոր բաղադրիչները միմյանց հետ շաղկապված վիճակի գնահատման գործընթացները:

Ռազմավարական բնապահպանական գործողությունների ծրագիրը նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, այն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում:

Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսցող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ-ներ), ջրային ռեսուրսները, մթնոլորտը:

Ռազմավարությունը կստեղծի շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ, ինչպես նաև կապահովի անցումը կայուն զարգացման՝ ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար:

Մասնավորապես.

-կկատարելագործվի շրջակա միջավայրի պահպանության նորմատիվա-իրավական դաշտը, այդ թվում՝ կնախատեսվի էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցները,

-կձևավորվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ՝ ներառելով միջազգային ստանդարտները, համակարգը,

-կնպաստի խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև ավելի մատչելի կդարձնի շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության ապահովումը և միջազգային համագործակցության զարգացումը:

Շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները (մթնոլորտ, ջուր, հող, ընդերք, բուսական և կենդանական աշխարհ, ինչպես նաև դրանց առնչությամբ ձևավորվող միջավայրերը) որպես ամբողջականություն, կլինեն պետության ներսում կայացվող որոշումների (տնտեսական, քաղաքաշինական, սոցիալական, մշակութային և այլն) առանցքում։

Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրների լուծման և միջազգային հնարավորությունների արդյունավետ իրացման համար կարևորվում է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության, վերականգնման և ողջամիտ օգտագործման պետական կառավարման միասնական համակարգի ձևավորումը՝ բնապահպանության նախարարության հենքի վրա։

Բնապահպանական գործունեության իրավիճակի բարելավումը բնապահպանական քաղաքականության իրականացման միջոցով կստեղծի բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում նպատակների հասանելիություն ապահովող միջոցառումների ամբողջական համակարգի առկայություն:

mnp.am

Տպել Տպել