Եթե ընտրություններից հետո Ադրբեջանում դժգոհությունը խորանա, Ալիևը կփորձի ժողովրդի ուշադրությունը շեղել ռազմական գործողություններով

Փաստ է, որ Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին ամենից շատ Սերժ Սարգսյանն է տեղյակ, բայց, կարծում եմ, որ դա միակ չափանիշը չէ, որով պետք է որոշվի, թե ով կլինի վարչապետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով Արցախյան հակամարտության խնդրով պայմանավորված՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության անհրաժեշտության հարցին:

«Խնդիրն այն է, որ խորհրդարանում կա մեծամասնություն, որը «Հանրապետական» կուսացությունն է, և ինքն է առաջադրելու վարչապետի թեկնածու: Շատ հավանական է, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանը լինի: Այնպես չէ, որ եթե խորհրդարանում «Հանրապետական» կուսակցությունը մեծամասնություն չլիներ, էլի պետք է Սերժ Սարգսյանը լիներ, այդ վիճակը չէ: Այն, որ այսօր արցախյան բանակցային գործընթացի տեղեկատվությանը հիմնականում ինքն է տիրապետում, դա փաստ է, սակայն դա չի նշանակում, որ այդ հանգամանքն անպայման օգուտ կբերի»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը բացատրեց, այսինք՝ Սերժ Սարգսյանը՝ որպես կերպար, կարող էր ոչինչ էլ չիմանալ, բայց լավ բանակցող լիներ: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը բերեց Իլհամն Ալիևի օրինակը, երբ նա փոխարինեց Հեյդար Ալիևին, ըստ Կիրո Մանոյանի, իրականում կարողացավ փոխել բանակցությունների ամբողջ տրամաբանությունը: «Իլհամ Ալիևը լավ, թե վատ այդ տրամաբանությունը փոխեց, բայց դա չի նշանակում՝ ամբողջովին իրեն ի նպաստ է այդ փոփոխությունը, լավատեղյակ լինելը, պրոցեսի մեջ լինել չի նշանակում, որ դա դրական է: Ես մտածում էի, որ խորհրդարանական համակարգում արդեն կարելի է շեշտադրումները փոխել, թեկուզ նույն մարդու միջոցով: Նույն մարդը քաղաքական ուժի ներկայացուցիչ է, և այդ քաղաքական ուժը նոր համակարգում կարող է շեշտադրումները փոխել: Անձ փոխելը ո՛չ օգուտ է, ո՛չ վնաս է, նայած՝ ով է փոխում, ինչ է անում»:

Կիրո Մանոյանը նկատեց, որ այսպես, թե այնպես նոր Սահմանադրությամբ լիազորությունները փոխված են և եթե նախորդ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը նախագահի լիազորությունն էր, հիմա կառավարության լիազորությունն է:

Ըստ նրա` հիմնական խնդիրը ոչ թե հիմնավորումներն են, ըստ որոնց՝ պետք է առաջադրվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այլ կա մեծամասնություն, և իրենք են որոշում: «Հիմա հարյուր աղբյուրից կարող են վկայություն բերել, թե ինչու է այս մարդը կարևոր, և եթե չուզեին այդ մարդու թեկնածությունը՝ հարյուր վկայություն կբերեին, թե ինչու է լավ, որ փոխվի»,-ասաց նա:

Անդրադառնալով ապրիլին Ադրբեջանում սպասվող ընտրություններին՝ Կիրո Մանոյանը նշեց, որ դրանք իրականում «չընտրություններ են»: Նա չբացառեց, որ այդ գործընթացից հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, սակայն քաղաքական հաշվարկներից ելնելով, կարծում է, որ մինչ ընտրությունները չեն լինի, քանի որ պարզ չէ, թե այդպիսի գործողություններն ինչ շարունակություն կստանան:

«Հույս ունեմ, որ Ալիևն այդ քայլին չի գնա, այդքան խելք ունի, քանի որ ոչ մեկը չգիտի այդ քայլերի հետևանքը, անկանխատեսելի, անհակակշռելի է, բայց կարող է վերջում անել դա, եթե երկրում դժգոհությունը խորանա, իր ընտրությունից հետո ինքը կփորձի ժողովրդի ուշադրությունը շեղել»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը խոսելով բանակցային գործընթացի մասին, ասաց, որ բանակցություններում առաջընթացի պատճառ չի տեսնում, որովհետև Ադրբեջանի կեցվածքի փոփոխության հիմք չկա, և հակահայ հռետորաբանությունն էլ գնալով խորանում է:

«Հիմք չկա ասելու, որ Ադրբեջանը պատրաստ է իսկապես ընթացք տալ այն առաջարկին, որը 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից սեղանին է դրված՝ տարբեր շեշտադրումներով: Դա անելու որևէ ցանկություն չունի Ադրբեջանը, մյուս կողմից՝ Թուրքիան որևէ ցանկություն չունի որևէ դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա՝ առնվազն մինչև 2019 թվականի իրենց նախագահական ընտրությունները: Դրա համար, կարծում եմ, որ փոփոխություն պետք չէ ակնկալել»,-ասաց նա:

Կիրո Մանոյանի ձևակերպմամբ՝ այնպես չէ, որ բանակցությունները հևիհև գնում էին, հիմա հանկարծ կանգ առան: Հարցը շարունակում է մնալ այն, որ մինչև Ադրբեջանը չկիրառի փոխադարձ վստահությունն ավելացնելուն միտված գործողությունները, չեմ կարծում, որ հարցի կարգավորման մասին որևէ խոսք կլինի:

Տպել Տպել