2018թ-ին մարզերում ներդրումները պետք է կազմեն 400 միլիարդ դրամ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարևորեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նիստին տված հանձնարարականները:

Նա նախ նշեց, որ շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել, և զեկուցվել է 17 թ-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերելու են բազմաթիվ բնագավառների:

«Առաջին և հիմնական խնդիրը՝ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտները պետք է բարձր լինեն 10 հազար դրամից: 2017 թ-ին դա 8200 դրամ է կազմել, իսկ 2016 թվականին այն եղել է 7100 դրամ»,- ասաց նախարարը և նշեց, որ քննարկվել են մարզերում իրականացվող ներդրումները:

«2017 թ-ին մեր մարզերում ներդրումային ծրագրերի արդյունքում մեկ շնչին բաժին ընկող ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 300 դոլարով:

Սա շատ մեծ թիվ է, և մենք պետք է փորձենք այն պահպանել: Ֆիքսվել է, որ 2018 թ-ին մարզերում իրականացվող ներդրումները պետք է կազմեն շուրջ 400 միլիարդ դրամ: 3 ամսվա ցուցանիշներով՝ մեր համայնքները 1 միլիարդ 500 միլիոն դրամ ավելի են հավաքագրել՝ համեմատած 2017 թ-ի նույն ժամանակահատվածի հետ»,- ասաց նա:

Դավիթ Լոքյանն ասաց, որ մարզային այցելությունների ժամանակ ոչ միան մարզպետին են լսել, այլև ոլորտների ղեկավարներին, վարչության պետերին: «Մի շարք մարզերում արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական առումով չի բավարարում այն չափանիշներին, որ այսօր պահանջվում է, և մենք տեղում մարզպետին ենք ներկայացրել առաջարկություններ, որ փոփոխություններ լինեն առաջիկա ժամանակահատվածում՝ չխախտելով օրենքը, բայց գտնվեն այնպիսի լուծումներ, որ այնտեղ ունենանք մարդիկ, ովքեր այսօրվա իրականության համար կկարողանան ծանր բեռ տանել և մարզի խնդիրները լուծել»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ եթե փորձեն ՀՀ տասը մարզերի 2017 թվականի աշխատանքների ամփոփման մասին ընդհանուր պատկերացում տալ, ապա առաջին քառյակի մեջ մտնում են մարզեր, որոնք անցած տարվա ցուցանիշներով ամենաբարձրն են՝ Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի մարզերը:

«Սրանք ամենամեծ աճ ունեցող մարզերն են հավաքագրման տեսանկյունից և երկրորդ՝ ամենամեծ սեփական եկամուտների հավաքագրման տեսակետից պահպանության վճարների հավաքագրման տեսակետից ամենահիմնական ներդրումային փաթեթներ ունեցող մարզերն են, այսինքն՝ առավել մեծ ներդրումները մարզային մակարդակով, առանց խոշոր պետական ներդրումների, այս մարզերում են: Միջանկյալ տիրույթի մեջ տեղավորվում են մնացած վեց մարզերը, որոնք իրարից շատ քիչ են տարբերվում, որոնք որոշակի հարկատեսակների գծով համայնքներում թերացել են հավաքագրման պրոցեսում: Լուրջ տարբերություն կա նշված չորսի և մնացած մարզերի միջև»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դաշնակցական մարզպետներին, ապա Դավիթ Լոքյանն ասաց, որ ունեն հրաշալի մարզպետներ: «Նրանք 2017 թվականին աշխատել են վեց ամիս, և եթե փորձեք վեց ամսվա համեմատություն անցկացնել 2016 թվականի համեմատ, կտեսնեք, որ առաջնային դիրքերում են, բայց իրենք վեց ամիս են կարողացել աշխատել, և այդ վեց ամսում հավաքագրումը Արագածոտնի և Շիրակի մարզերում թռիչքային ավելացել է»,- ասաց նա:

Ամեն ինչ լինում է, մենք մի օր պաշտոն ստանում ենք, մի օր ազատվում ենք, ասաց նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ իրեն կփոխարինի Վահե Հակոբյանը:

«Առ այսօր, երևի, այդպիսի հարց, գոնե ինձ հետ կապված, չկա: Երեկ լսել եք մեր կուսակցության հայտարարությունը, որ կուսակցությունը չի քննարկում այդպիսի խնդիր, և այն նախարարները, ովքեր աշխատում են, շարունակելու են աշխատել: Երբ կունենանք նոր կառավարություն, կառավարության ղեկավարը կգտնի, որ ինձ հետ աշխատելու խնդիր կա` քննարկելու հարց է, բայց այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի: Ես սիրով կարդում եմ այդ ամբողջը, ժպտում եմ և դրանով ավարտում»,-ասաց նա:

Դավիթ Լոքյանն ասաց, որ վարչապետի ընտրության իրավունքն ամբողջապես վերապահված է Հանրապետական կուսակցությանը, որը մեծամասնություն է:

«Եթե գանք ձեր հարցի երկրորդ մասին, որ տեսնում եք, որ Սերժ Սարգսյանը այն թեկնածուն է…., այո, տեսնում եմ: Այսօրվա Հայաստանի բազմաթիվ խնդիրները թելադրում են փորձառու մարդու ներկայություն այդ պաշտոնում»,-ասաց նա:

Տպել Տպել