Օրենսդիր մարմին

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Օրենսդիր մարմին

Առաջին խորհրդարան` Հայաստանի խորհուրդ: Ի սկզբանե խնդիր դրվեց հայոց պետականությունը կերտել եվրոպական երկրների քաղաքական և պետական կառուցվածքի օրինակով` իհարկե, հաշվի առնելով տեղական պայմանները և մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկությունները: Պետք է հիմնվեր պառլամենտական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն: ՀՀ-ն որդեգրեց պառլամենտական (խորհրդարանական) կառավարման համակարգը (մոդելը): Դա նշանակում էր, որ բարձրագույն իշխանությունը համարվում էր օրենսդիր մարմինը, իսկ բարձրագույն գործադիր մարմինը` կառավարությունը, որի նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության ամենաբարձր պաշտոնատար անձը: Վերջինս կառավարության հետ միասին ընտրվում էր խորհրդարանի կողմից, հաշվետու էր միայն նրա առաջ և անվերապահ ենթակա էր նրա որոշումներին: Այսինքն` նրան վստահություն կամ անվստահություն հայտնելու հարցը լսում էր խորհրդարանը:

Պետության կառուցվածքի հստակեցման առումով ծրագրվում էր Հայկական հարցի լուծումից` Միացյալ Հայաստանի ստեղծումից հետո հրավիրել Սահմանադիր ժողով, ընդունել Սահմանադրություն, ինչը, սակայն, ժամանակի սղության և հանգամանքների աննպաստ ընթացքի հետևանքով չկենսագործվեց:
Այդ նպատակադրումների իրագործման ճանապարհին՝ եվրոպական բնորդի վրա հիմնված կառավարման համակարգի ստեղծումից հետո, պետականաշինության երկրորդ կարևոր խնդիրը դարձավ ոչ միայն բարձրագույն օրենսդիր մարմնի, այլև հանրապետության բարձրագույն իշխանության ձևավորումը, որը պաշտոնապես կոչվեց Հայաստանի խորհուրդ:

Քանի որ անկախության հռչակումից հետո ժամանակը, քաղաքական հանգա¬մանք-ները և ֆինանսական միջոցները թույլ չէին տալիս միանգամից խորհրդարանի ընտրություններ անցկացնել, ուստի Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդների խառը նիստում որոշվեց Հայոց (կենտրոնական) Ազգային խորհրդի անդամների թվի (15), կուսակցական համամասնությամբ եռապատկելու (բացի 3 անկուսակցականներից), ինչպես նաև հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ հրավիրելու միջոցով կազմել Հայաստանի մեկպալատանի առաջին օրենսդիր մարմինը` Հայաստանի խորհուրդը (խորհրդարանը):

Ահա այս ճանապարհով խորհրդում պատգամավորական տեղեր զբաղեցրին ՀՅ Դաշնակցությունը` 18, Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)` 6, Սոցիալ-դեմոկրատները` 6 (5 մենշևիկ և 1 բոլշևիկ), Սոցիալիստ-հեղափոխականները (Էսէռները)` 6, անկուսակցականները` 2 (երրորդը` Տիգրան Բեկզատյանը, մեկնեց դիվանագիտական աշխատանքի), ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` 6 թուրք, 1 ռուս և 1 քուրդ (եզդի) համամասնությամբ բոլորը միասին` ընդամենը 46 պատգամավոր:

Գործնականում Հայաստանի խորհրդում ներկայացված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերն ու ազգությունները: Հայաստանում ազատ գործում էին շուրջ մեկ տասնյակի հասնող քաղաքական կուսակցություններ, այդ թվում` իրենց հայացքներով ու գործելակերպով առավել ծայրահեղական համարվող բոլշևիկները: Վերջիններից շատերը նույնիսկ պաշտոնավարում էին հանրապետության պետական զանազան նախարարություններում ու հիմնարկություններում` լուսավորության, պարենավորման, կապի և այլն:

Հանրապետության տարածքում և առհասարակ հայ իրականության մեջ գործող ամենախոշոր ու ամենաազդեցիկ քաղաքական ուժը ՀՅ Դաշնակցություն կուսակցութունն էր, որը և հիմնականում իր ուսերի վրա կրեց անկախ պետականության քաղաքական ամբողջ պատասխանատվությունը: Այդ շրջանում կովկասահայ հասարակական-քաղաքական կյանքում ՀՅ Դաշնակցությունից հետո երկրորդ քաղաքական ուժը 1917 թ. գարնանը Թիֆլիսում հիմնված և ազատական գաղափարներ դավանող Հայ Ժողովրդական կուսակցությունն էր (ՀԺԿ), որին հաճախ կոչում են նաև Հայ կադետներ անունով` ռուսական Սահմանադրական դեմոկրատների նմանությամբ: Այս կուսակցության կենտրոնը (Կենտկոմը) գտնվում էր Թիֆլիսում և առանձնապես մեծ խանդավառություն չէր ցուցաբերում հայրենիքում աշխատելու համար:

Հանրապետության պետական և հասարակական կյանքում համեստ դեր էին խաղում Էսէռները, Սոցիալ-դեմոկրատները` մենշևիկ և բոլշևիկ, Սպեցիֆիկները (Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը) և Ս. Դ. Հնչակը, ինչպես նաև Հայ Սահմանադրական ռամկավարները և ոչ ազդեցիկ մյուս կուսակցությունները: Հայ սահմանադրական ռամկավարները, Ս Դ Հնչակը, Սպեցիֆիկները, Արշակ Զուրաբյանի (Զուրաբով) գլխավորած Անկախ սոցիալիստները և այլն համարվում էին ար-տախորհրդարանական կուսակցություններ, պատգամավոր չունեին խորհրդարանում և իշխանություններին քննադատում էին խորհրդարանից դուրս:

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի խորհուրդը կամ խորհրդարանը աչքի է ընկել ուժեղ ընդդիմությամբ: Հայտնի է, որ յուրաքանչյուր խորհրդարանի շարժիչ ուժը նրանում առկա ընդդիմությունն է: Խորհրդարանում գործել են չորս կուսակցական խմբակցություններ՝ էլ չխոսելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասին: ՀՅԴ խմբակցությունը անդրանիկ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ունեցել: Այնտեղ ներկայացված են եղել հանրապետության քաղաքական դաշտի փաստորեն բոլոր երեք թևերը` աջ` ՀԺԿ, կենտրոն` ՀՅԴ և ձախ` Սոց.-դեմ. և Էսէռ խմբակցությունները: Վերջիններս դավանում էին ձախամետ, ծայրահեղական-հեղափոխական հայացքներ, որն էլ իր դրոշմն էր թողնում խորհրդարանի ընդունած շատ օրենքների ու որոշումների վրա: Խորհրդում հարաբերական մեծամասնություն կազմող ՀՅԴ խմբակցությունը ավելի հաճախակի գործակցել է աջակողմյան-ազատական հայացքներ դավանող ՀԺԿ խմբակցության հետ: Եվ պատահական չէ, որ 1918 թ. նոյեմբերի սկզբներին ՀՅԴ-ՀԺԿ կուսակ-ցությունները կազմեցին կոալիցիոն կառավարություն, որը շարունակեց գործել մինչև 1919 թ. հունիսի սկիզբը:

Հայաստանի խորհրդի նստաշրջանի պաշտոնական բացումը կատարվեց 1918 թ. օգոստոսի 1-ին` կեսօրին, Երևանի քաղաքային ակումբի շենքում: Այն բացեց Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահ, տարիքով ավագագույն, մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը: Հենց նա էլ հետո ընտրվեց խորհրդարանի նախագահ: Խորհրդարանի բացման օրը` ժամը 12-ին, ՙՄեր հայրենիք՚ օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանի շենքի գլխին բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը` Եռագույնը: Հուշագիր բժիշկ Հ. Մելիքյանի նկարագրությամբ ժողովուրդը խռնվել էր քաղաքային ակումբի շենքի առջևում գտնվող կենտրոնական այգում և մայթերին: Նա այդ օրը համարում է Երևանի տարեգրության ամենահիշարժան օրերից մեկը: Խորհրդարանի հանդիսավոր բացմանը ներկա էին Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի, Պարսկաստանի և Ուկրաինայի պատվիրակները:

Դահլիճում պատգամավորական խմբակցությունները տեղեր էին զբաղեցրել՝ ըստ իրենց քաղաքական դիրքորոշման. աջ կողմում` ՀԺԿ, կենտրոնում` ՀՅԴ, ձախ թևում` Սոց.-դեմ. և Էսէռ պատգամավորները: Անկուսակցական 2 պատգամավորները և ազգային փոքրամասնությունների 8 պատվիրակները տեղեր էին զբաղեցրել դահլիճի աջ կողմում: Դահլիճի օթյակներից մեկը հարմարեցված էր կառավարության անդամների համար: Առանձին տեղ էր պատրաստված նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի համար: Խորհրդի նիստերին ներկա էին լինում հասարակայնության ներկայացուցիչներ, որոնց համար դահլիճի հետևի մասում հատկացված էին տեղեր:

Առաջին օրը հաստատվեցին պատգամավորների մանդատները և խորհրդի աշխատակարգը` ռեգլամենտը, ընտրվեց նախագահություն: ՀՅԴ խմբակցության խոսնակ Սմբատ Խաչատրյանի առաջարկով Հայաստանի խորհրդի (խորհրդարանի) նախագահ է ընտրվում Ավետիք Սահակյանը (1865-1933): Խորհրդարանի փոխնախագահներ են ընտրվում Գրիգոր Տեր-Խաչատրյանը (ՀԺԿ), Դավիթ Զուբյանը (Էսէռ), իսկ ավագ քարտուղար՝ անկուսակցական Պետրոս Զաքարյանը:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո դրսում` հրապարակում, տեղի ունեցավ ՀՀ առաջին զորահանդեսը, որն ընդունեց Հայկական կորպուսի հրամանատար, զորավար Թ. Նազարբեկյանը: Ականատեսը պատմում է, որ երբ զորքը շարքեշարք անցնում էր իրենց առջևից, այդ պահին հուզմունքից հազարավոր հանդիսականների աչքերից հոսում էին արտասուքի կաթիլներ:

Հաջորդ երկու նիստերում լսվեց և ձայների մեծամասնությամբ հավանության արժանացավ Հ. Քաջազնունու կառավարության ծրագիրը:

Դարձյալ կուսակցական համամասնությունը պահպանելու սկզբունքով կազմվեցին խորհրդարանի 14 մշտական հանձնաժողովները, որոնց մեջ գերիշխում էին սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներով զբաղվող ոլորտները: Հայաստանի խորհրդի առաջին ամիսների գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ոչ միայն բարձրագույն օրենսդիր մարմին էր, այլև ուներ նաև գործադիր իշխանության գործառույթներ: Խորհուրդը հաճախ իր հանձնաժողովների` կարգադրիչ, պարենավորման, գաղթականության, բժշկասանիտարական, դպրոցական և այլն միջոցով փաստորեն տնօրինում էր կառավարչական բնույթի գործեր, ինչպիսիք էին` խոլերայի, բծավոր տիֆի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, ժողովրդի պարենավորման, գաղթականների խնամատարության, անօրինական զենքի բռնագրավման, կենսականորեն կարևոր ապրանքների պետական մենաշնորհի ապահովման ու բռնագրավումների իրականացման և նույնիսկ ժողովրդական կրթության գործերը: Խորհրդարանը հաճախ օրենքների անվան տակ հրապարակում էր վարչական հրահանգներ ու որոշումներ:

Խորհրդարանին կից գործում էր Պետական վերահսկողության մարմինը` շուրջ 100-ի հասնող աշխատակիցներով, որը օրենսդիր իշխանության կողմից գործադիր իշխանության ֆինանսատնտեսական գործունեության, պետբյուջեի (ելևմտի) կատարման և այլնի վրա վերահսկողության իրականացման, պաշտոնական զեղծումների, չարաշահումների ու կոռուպցիայի բացահայտման ու պայքարի կարևոր լծակներից մեկն էր: Ընդսմին, Պետական վերահսկիչը միանգամայն անկախ էր գործադիր իշխանությունից` կառավարությունից, և ենթակա ու պատասխանատու էր միայն խորհրդարանի առաջ: Պետական վերահսկիչը չէր կարող լինել կառավարող կուսակցության անդամ: Նա ընտրվում էր ընդդիմադիր կուսակցությունից կամ էլ անկուսակցական էր:

Առաջին Հանրապետության Պետական վերահսկիչ մարմնի նշանավոր դեմքերից էր ՀԺԿ անդամ, հասարակական և պետական ճանաչված գործիչ, իրավաբան ու ֆինանսիստ Մինաս Բեր-բերյանը (1871-1919): Սակայն, ցավոք, շատ հայ մեծերի պես նա ևս վախճանվեց համաճարակից: Համեմատական առումով կարելի է ասել, որ Առաջին Հանրա-պետության Պետական վերահսկիչ մարմինը հիշեցնում է մերօրյա Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը, իսկ փոխված նոր սահմանադրությամբ` Հաշվեքննիչ պալատը:

Համապատասխան օրենքներով սահմանվեցին պատգամավորների իրավասության շրջանակները: Այսպես, օրինակ, նիստերից անհարգելի բացակայության դեպքում պատգամավորի աշխատավարձը պահվում էր` բացակայած օրերի հաշվով: Սահմանված էր նաև, որ պատգամավորը չէր կարող վարել որևէ այլ պետական կամ վճարովի հասարակական պաշտոն: Այդ պաշտոնների տեսակն ու քանակը որոշում էր ինքը` խորհրդարանը (բացառություն էր արված համալսարանի դասախոսին և դիվանագիտական ներկայացուցիչ նշանակված պատգամավորին) և այլն: Նիստերը գումարվում էին շաբաթական երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ սովորաբար երեկոյան ժամերին, որոնք երբեմն ավարտվում էին կեսգիշերին, անհրաժեշտության դեպքում հրավիրվում էին արտահերթ նիստեր, քվեարկությունները անցնում էին ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությունները կատարվում էին քվեաշարերի միջոցով և այլն:

Հայաստանի առաջին գումարման ոչ ընտրովի խորհրդարանի գործունեության հիմնական առանցքը բնականաբար օրինաստեղծ աշխատանքն էր, երկրի բնա¬կանոն կենսագործունեության համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումը: Հայաստանի խորհուրդը մի կողմից փորձում էր ստեղծել իր սեփական, ազգային բովանդակությամբ օրենքները, իսկ մյուս կողմից` ժամանակի սղության և արհեստավարժության պակասի հետևանքով` ընդօրինակում ու հարմարեցնում էր դրսի օրենքները:
Անկախության հռչակումից հետո, չնայած հանրապետության տնտեսական և քաղաքական դժնդակ պայմաններին, այնուամենայնիվ, նորակազմ խորհրդարանն ու կառավարությունը առանձին ճիգեր գործադրեցին եվրոպական ժողովրդավարական երկրների օրինակով կազմակերպելու և քիչ թե շատ բնականոն հունի մեջ դնելու Հայաստանի պետական և հասարակական կյանքը:

Քանի որ ՀՀ` որպես պետական միավոր, անջատվել էր նախկին Ռուսական կայսրությունից, ուստի 1918 թ. դեկտեմբերի 6-ին հաստատված օրենքով նպատակահարմար գտան ՀՀ տարածքի վրա ժամանակավորապես պահպանել նախկինում գործող ռուսական օրենքները` որոշ փոփոխություններով ու լրացումներով:

Մի շարք օրենքներով քայլեր ձեռնարկվեցին դատական իշխանության ձևավորման ուղղությամբ: Հանրապետությունում օրինականության վերականգնման և կարգուկանոն հաստատելու նպատակով ներքին գործերի նախարար Արամի ներկայացմամբ ընդունվեց անօրինական զենքի բռնագրավման և պետականացման մասին օրենքը, որով կառավարությունը հետամուտ էր ամրապնդել երկրի ներքին կայունությունը, իսկ մյուս կողմից` բռնագրավված զենքով զինել նորաստեղծ հայկական բանակը:
Խորհրդարանի գործունեության կարևոր ոլորտներից էին պետական բյուջեն, կառավարության ֆինանսավարկային քաղաքականությունը: Հանրապետության իշխանությունները մեծ ձգտում ունեին ստեղծելու սեփական ֆինանսական համակարգ, հանգամանք, որն անկախ պետականության կարևոր երաշխիքներից է:

Սկզբում շրջանառության մեջ էր Անդրկովկասյան դրամը` բոները, որը երեք հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ ժամանակ առ ժամանակ լրացուցիչ թողարկվում էր: Արդեն 1919 թ. կեսերից շրջանառության մեջ են մտցվում արտասահմանում տպված հայկական չեկերը, որոնք համարժեք էին Անդրկովկասյան բոներին: Բայց քանի որ բոները և հայկական չեկերը պետության կողմից ոսկու ֆոնդով և համապատասխան ապրանքային զանգվածով ապահովված չէին, ուստի դրանք շարունակական էմիսիաների հետևանքով մեծ արագությամբ արժեզրկվում էին:
Պետբյուջեի եկամտի հիմնական աղբյուրը հարկերն ու տուրքերն էին, որոնք ևս սահմանվում էին խորհրդարանի կողմից: Ֆինանսական ոլորտը սովորաբար այն գլխավոր լծակն էր, որով խորհրդարանը ազդում էր կառավարության վրա:

Հայաստանի անկախության առաջին տարեդարձի օրը` 1919 թ. մայիսի 28-ին, կառավարությունը, մինչ այդ խորհրդարանի կողմից մեկ ամսով իրեն տրված հատուկ լիազորությունների հիման վրա, հայտարարեց Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակման և Հայաստանի խորհուրդը արևմտահայ 12 ներկայացուցիչներով համալրելու մասին:

Իսկապես, այդ օրը տեղի ունեցած հանդիսավոր նիստում՝ օտար դիվանագետների մասնակցությամբ, վարչապետի պաշտոնակատար Ալ. Խատիսյանը հայերենով և ֆրանսերենով հրապարակեց Միացյալ և Անկախ Հայաստանի մասին ակտը, ուր մասնավորապես ասվում էր. ՙՀայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն:

Այս հայտարարության գերնպատակը մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ կառավարություն գաղափարի` որպես պետական քաղաքականության, աստիճանական իրագործումն էր: Այլ խոսքով՝ խնդիր էր դրվում հասնել Հայաստանի երկու հատվածների միավորմանը և Միացյալ, Անկախ Հայաստանի ստեղծմանը:

Նախատեսվում էր բանակցելով արևմտահայ քաղաքական շրջանակների հետ՝ կազմել Միացյալ Հայաստանի կառավարություն և Միացյալ խորհրդարան: Սակայն այդ ակտին դեմ արտահայտվեցին ոչ միայն ձախակողմյան սոց.-դեմոկրատները և էսէռները, որոնք առհասարակ չէին ընդունում Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը, այլ նաև կոալիցիա կազմած ՀԺԿ կուսակցությունը: Վերջինս դեմ չէր Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարին, այլ դրա տակ հասկանում էր ոչ թե ՀՀ և Արևմտյան Հայաստանի միավորումը, այլ Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի 4 սանջակների միավորումով՝ ծովից ծով Հայաստանի ստեղծումը: ՀԺԿ-ն գաղափարաքաղաքական առումով համերաշխ էր Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության և նրա առաջնորդ Պողոս Նուբար փաշայի հետ:

Սակայն Միացյալ և Անկախ Հայաստանի մասին կառավարության հռչակագիրը խորհրդարանում և նրանից դուրս կուսակցությունների միջև առաջ բերեց սուր տարաձայնություններ: Մի շարք կուսակցություններ բողոք արտահայտեցին, իսկ ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից:

Դրանով քայքայվեց առաջին կոալիցիան: ՀՅ Դաշնակցությունը միայնակ ստանձնեց երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը: 1919 թ. հունիսի 5-ին լուծարվեց խորհրդարանը, դրա հետ միասին քայքայվեց նաև կոալիցիոն կառավարությունը, և կազմակերպվեցին խորհրդարանական նոր ընտրություններ:

* * *

Երկրորդ խորհրդարան (պառլամենտ): 1919 թ. գարնանը, երբ ՀՀ վիճակը նկատելիորեն կայունացել էր, սահմաններն ընդարձակվել էին, մի փոքր մեղմվել էր սովը, շինականն անցել էր խաղաղ աշխատանքի, օրակարգի հարց դարձավ նշանակովի խորհրդարանի արձակումը և համաժողովրդական ընտրությունների միջոցով նոր, ընտրովի խորհրդարանի ձևավորումը: Երեք օր տևողությամբ` հունիսի 21-23-ը, տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները տարբեր պատճառաբանություններով ու հիմնավորումներով բոյկոտեցին Հայ ժողովրդականները, Ս. ռամկավարները, Հայ սոցիալ-դեմոկրատ մենշևիկները, բոլշևիկները և այլք:

Համաձայն ընտրությունների մասին օրենքի` դրանք անցան համամասնական` կուսակցական սկզբունքով, ընդհանուր, հավասար, ուղղակի և գաղտնի քվեարկության միջոցով, որի արդյունքով բացարձակ հաղթանակ տարավ ՀՅԴ կուսակցությունը: Կանոնակարգով նախատեսված 80 պատգամավորական տեղերից 72-ը զբաղեցրեց ՀՅԴ կուսակցությունը, 4-ը` էսէռ, 2-ը` թուրք, մեկը` քուրդ` եզդի Յուսուֆ-բեկ Թեյմուրովը և մեկը` անկուսակցականի անվան տակ ծպտված բոլշևիկ, կարբեցի Արտաշես Մելքոնյանը:

Հարկ է փաստել, որ ՀՅԴ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում միանգամայն օրինաչափ էր: Ժողովրդի մեջ ՀՅԴ-ի կշռի ու հեղինակության մասին էին հավաստում նաև ՏԻՄ-երի` քաղաքային ու գավառային ինքնավարությունների ընտրություններում դարձյալ տարած ջախջախիչ հաղթանակները: Այսպես, օրինակ, 1918 թ. դեկտեմբերին կայացած Երևանի քաղաքային դումայի ընտրություններում 60 իրավասու տեղերից (չորս կուսակցությունների մասնակցությամբ) ՀՅԴ շահել էր 42 տեղ:

Երկրորդ գումարման ընտրովի խորհրդարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1919 թ. դարձյալ օգոստոսի 1-ին: Խորհրդարանի նախագահ ընտրվեց գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948): Փոխնախագահներ ընտրվեցին Լևոն Շանթը (1869-1951) և Սարգիս Արարատյանը: 1919 թ. սկզբներին Փարիզ մեկնած ՀՀ պատվիրակության նախագահ Ա. Ահարոնյանը ընտրվեց խորհրդարանի պատվավոր նախագահ, որպեսզի Փարիզի հաշտության կոնֆերան¬սում նրա գլխավորած հայկական պատվիրակությանը տրվեր քաղաքական ավելի մեծ կշիռ, թեև ամբողջ ընթացքում նա չի վարել խորհրդարանի և ոչ մի նիստ:

Միջանկյալ նշենք, որ խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովներում ընդգրկված են եղել ընդդիմության բոլոր 8 անդամները, ընդ որում, առանձին ներկայացուցիչներ` միաժամանակ նույնիսկ երկու տարբեր հանձնաժողովում:

Քաղաքական ընդդիմության տեսակետից, անշուշտ, Երկրորդ խորհրդարանը զիջում էր Առաջինին, որովհետև 8-հոգիանոց ընդդիմությունը չէր կարող դիմակայել 72 հոգիանոց ՀՅԴ խմբակցությանը: Սակայն դրա փոխարեն կառավարող կուսակցությունը լայն ընդդիմություն ուներ խորհրդարանից դուրս, որն իր դրոշմն էր թողնում օրենսդիր մարմնի աշխատանքների և ընդունած օրենքների վրա:

Հանրապետությունում ազատ և ակտիվորեն գործում էին բոլշևիկները, հայ ժողովրդականները և ռամկավարները, մենշևիկները, անկախ սոցիալիստները, սպեցիֆիկները և այլն: Բացի այդ՝ երկրորդ խորհրդարանի ընդդիմության պակասը լրացվում էր ՀՅԴ խմբակցության ներսում առկա տարբեր թևերով ու հոսանքներով: Պարզվում է, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ներսում գոյություն են ունեցել ազգային, ընկերվարական, պետաիրավական, հեղափոխական և այլ հակումներ ունեցող թևեր ու հոսանքներ, որոնք ժամանակ առ ժամանակ սուր քննադատության տակ էին առնում իրենց իսկ ձևավորած կառավարությանը և մի քանի անգամ նույնիսկ դրել են Խատիսյանի, իսկ հետագայում նաև Հ. Օհանջանյանի կաբինետի վստահության հարցը:

Ինչ վերաբերում է Երկրորդ գումարման խորհրդարանի օրենսդրական աշխատանքների արդյունավետությանը, ապա Առաջին խորհրդարանի համեմատ այն ավելի հասուն էր ու արհեստավարժ: Ընտրովի խորհրդարանը ընդունել է ավելի որակյալ իրավաօրենսդրական ակտեր ու փաստաթղթեր: Նա, օրինակ, հատուկ ուշադրություն է դարձրել քաղաքների, մասնավորապես մայրաքաղաք Երևանի հատակագծման, վերաշինության ու կառուցապատման հարցերին:
1919 թ. դեկտեմբերի 26-ին խորհրդարանի փոխնախագահ Լ. Շանթի վավերացմամբ հաստատվեց ՙՊետական լեզվի մասին՚ օրենքը: Համաձայն այդ օրենքի` հայերենը դառնում էր պարտադիր պետական և հասարակական բոլոր հաստատություններում:

1919 թ. սեպտեմբեր-դեկտեմբերին ընդունվեցին օրինագծեր ազգագրական-մարդաբանական թանգարան, պետական հանրային գրադարան, թատերական վարժարան, երաժշտական դպրոց (կոնսերվատորիա) հիմնելու մասին, որոնք դրվեցին հանրային կրթության և արվեստի նախարարության իրավասության տակ: 1920 թ. հունվարի 3-ին ընդունվեց օրենք եկեղեցին պետությունից անջատելու մասին: Ապրիլի 3-ին հաստատվեց մեկ այլ օրինագիծ` ծխական-եկեղեցական դպրոցները պետական աշխարհիկ դարձնելու մասին: Միաժամանակ հայտարարվում էր խղճի ազատություն: Թույլատրվում էր հիմնել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դպրոցներ: Օրենքում պահանջ էր դրված դպրոցը հեռու պահել քաղաքականությունից և այլն: Ուստի միանգամայն կեղծիք է խորհրդային պատմակուսակցական գրականության մեջ տարածում գտած քարոզչական այն վարկածը, թե իբր ՙդաշնակցական Հայաստանում՚ ոչինչ չի ստեղծվել, իսկ ինչ էլ որ ձեռք է բերվել, վերագրվել է բոլշևիկներին ու Խորհրդային Հայաստանին:

Հարկ է նշել, որ խորհրդարանում ընդունված օրենքներն ավելի շատ ունեցել են սոցիալական ուղղվածություն: Դրամի արագ արժեզրկման պայմաններում ժամանակ առ ժամանակ կատարվում էին ոչ միայն նվազագույն աշխատավարձի պարբերական բարձրացումներ, այլև կենսաթոշակների ու նպաստների շարունակական ինդեքսավորում: 1920 թ. ամռանը, թանկացումների դեմն առնելու նպատակով, ընդունվեց օրենք գների բարձրացման մասին: Օրենքով նախատեսվում էր մինչև 2 տարվա բանտարկություն կամ 1 մլն. ռուբլու տուգանք այն անձանց նկատմամբ, որոնք շահադիտական նպատակով առաջնահերթ անհրաժեշտության ապրանքները (պարեն, վառելանյութ, դեղորայք և այլն) կվաճառեն տնտեսապես չհիմնավորված չափազանց բարձր գներով:

ՀՀ խորհրդարանն ու կառավարությունը նյութական ու ֆինանսական մասնահանումներ էին անում նաև հանրապետության սահմաններից դուրս գտնվող հայ ազգաբնակչությանը: Այսպես, օրինակ, 1919 թ. դեկտեմբերին խորհրդարանի հաստատմամբ կառավարությունը Ախալքալաքի հայ ազգաբնակչության կարիքների համար հատկացրեց 10 մլն. ռուբլի, իսկ 1920 թ. փետրվարին հանրապետության օգնության ֆոնդից նույն գավառի հայ բնակչությանը բաց թողնվեց 30 հազար փութ հացահատիկի սերմացու:

Խորհրդարանը իրավասու էր հաստատելու միջպետական պայմանագրեր ու կոնվենցիաներ, լիազորել կառավարությանը ուրիշ պետությունների հետ բանակցություններ վարելու, պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու, դիվանագիտական միսիաներ (ներկայացուցչություններ) ու պատվիրակություններ հաստատելու և այլն:

Պատգամավորների գործունեությունը չի սահմանափակվել միայն խորհրդարանի շրջանակներում: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ խորհրդարանում պատգամավորները անհատապես կամ պատգամավորական հանձնախմբերով գործուղվել են տարբեր շրջաններ, տեղերում ծանոթացել ազգաբնակչության, գաղթականության, զորքի վիճակին ու կարիքներին և իրենց օգտակար առաջարկություններով ու դիտողություններով նպաստել կառավարության և տեղական իշխանությունների աշխատանքների բարելավմանը, հաճախ էլ տեղերում հարթել են բազում վեճեր և այլն:

1920 թ. հետմայիսյան ժամանակաշրջանում բոլշևիկների ապստամբությունը և թուրք-թաթարական ուժգնացող խռովությունները հնազանդեցնելու նպատակով Խորհրդարանն ուղարկվեց հարկադիր արձակուրդ, պատգամավորները մեկնեցին խժդժությունների թեժ կետեր: Արտակարգ իրավիճակի թելադրանքով ամբողջ գործադիր ու օրենսդիր իշխանությունը ստանձնեց ՀՅԴ Բյուրոն, որն էլ սկսեց խորհրդարանի անունից ընդունել օրենքներ և օրենսդրական ակտեր, որոնք, իհարկե, հետագայում պետք է հաստատվեին խորհրդարանում: Դրանով տեղի ունեցավ պետական կառավարման համակարգի կուսակցականացում, որը հարկադիր նահանջ էր ժողովրդավարական գործընթացներից:

Ամփոփելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու խորհրդարանի գործունեությունը` կարելի է արձանագրել, որ պետական այդ երկու կառույցներն իրենց կարճատև գոյության ընթացքում ընդունել են 1200-ից ավելի օրենքներ: Դրանց ճնշող մեծամասնությունը կառավարող կուսակցության` ՀՅԴ-ի ընկերվարական ոգուն համապատասխան ունեցել է սոցիալական ուղղվածություն, միտված է եղել չքավոր (կարիքավոր) խմբերի ու գաղթականության սոցիալական պաշտպանվածության, անվճար կրթության ու բուժսպասարկման, մարդկանց զբաղվածության ապահովման, զոհվածների ընտանիքներին օգնելու և համանման խնդիրների լուծմանը: Բավական է միայն այն փաստի հիշատակումը, որ կես միլիոնից ավելի կարիքավոր բնակիչ արևմտահայ գաղթականների ու որբերի հետ միասին պետությունից որպես նպաստ օրական ստանում էր կես ֆունտ հաց, որը ամսական պետգանձարանի վրա նստում էր ավելի քան 25 մլն. ռուբլի:

Հայաստանի կառավարության վարած քաղաքականության սոցիալական ուղղվածության մասին է վկայում նաև այն փաստը, որ երկրի թիվ մեկ պաշտոնատար անձի` վարչապետի աշխատավարձը (1919 թ. հունվարին` 1300 ռուբլի) Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձին (200 ռուբլի) գերազանցում էր ընդամենը 5,5 անգամ: Սա մի ցուցանիշ է, որը համեմատելի չէ մեր ժամանակների առավելագույն և նվազագույն աշխատավարձերի չափերի հետ, որոնց տարբերությունը հասնում է մի քանի տասնապատիկի:

Տպել Տպել