Պետք է զգոն լինենք

Թուրքիան և Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջևանը, և նման քայլի են դիմում՝ մեզ վախացնելու համար: Այսօր՝ «Անդրադարձ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ նրա՝ ճիշտ է, մենք վախենալու տեղ չունենք, չնայած այն հանգամանքին, որ չպետք է նաև շատ հանգիստ լինենք՝ ուղղակի պետք է այդ ուղղությամբ պատրաստվենք:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը Նախիջևանը ռազմականացնում է Թուրքիայի հետ համատեղ. եթե Արցախի դեպքում ցույց է տալիս, իբր թե Թուրքիայի մատը խառը չէ, սակայն Նախիջևանի մասով ուղղակի համատեղ են աշխատում: Մենք շատ ուշադիր պետք է լինենք Նախիջևանի ուղղությամբ, որովհետև մեկ կողմից ասում ենք, որ մենք ունենք այնպիսի զինամթերք կամ զինտեխնիկա, որ կարող ենք մինչև Բաքու հարվածներ հասցնել, բայց այնպես չէ, որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը: Ճիշտ է, մենք կարող ենք, օրինակ, Երևանից Բաքու հարվածներ հասցնել, իսկ Ադրբեջանը չի կարող Բաքվից Երևան հարվածել, բայց նա էլ Նախիջևանից կհարվածի»,-ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ եթե Արցախի հետ Ադրբեջանի շփման գծում ինչ-որ գործողություններ լինեն, հարցականի տակ կլինի՝ արդյոք Ռուսաստանը կմասնակցի ու կաջակցի: Սակայն, Մանոյանի խոսքով, երբ Նախիջևանի կողմից Ադրբեջանը սկսի ինչ-որ գործողություններ, սա կնշանակի, որ Ռուսաստանը պետք է մասնակցի դրան: «Սա, իսկապես, անկանխատեսելի հետևանք կունենա, որովհետև Նախիջևանը ոչ թե «վիճելի» տարածք է՝ Արցախի խնդրի պես, այլ այն կդիտարկվի որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ գործողություն: Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ որևէ գործողություն Նախիջևանի կողմից շատ ավելի վտանգավոր հետևանքներ կունենա: Սա, սակայն, չի նշանակում, որ Ադրբեջանը շահած դուրս կգա այդ ամենից, ուղղակի կարծում եմ՝ Նախիջևանը «ոտքի տակ» կգնա՝ կամ մենք կմտնենք այնտեղ, կամ Իրանը, Թուրքիան էլ փորձեր կանի»,-ասաց Մանոյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ Ադրբեջանի ղեկավարներն այդքան խելք ունեն, որ նման գործողության չեն դիմի, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք և չպատրաստվենք դրան:

«Պաշտոնական հաղորդագրություններում ոչ մի տեղ չկա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցի ժամանակ հայության հետ առնչվող որևէ հարցի մասին քննարկում է անցկացվել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ ռուս-թուրքական հարաբերությունները թեև առայժմ դեռ ռազմավարական բնույթի չեն, բայց այդպիսին դառնալու ուղղությամբ են շարժվում, և այդ փաստը մեզ պետք է մտահոգի:

Մանոյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների չեղարկումը այս հանդիպման հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ իրականում Ռուսաստանը պետք է գոհ լինի դրանց չեղարկումից, քանի որ այն ամերիկյան նախաձեռնություն էր, չնայած, ճիշտ է, Ռուսաստանը ինչ-որ պահի ներկա էր դրանցում: «Պետք է զգոն լինենք այս հարաբերությունների զարգացումներում՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են վերածվել ռազմավարականի, իսկ մենք որպես փաստ տեսել ենք, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կունենան ռազմավարական հարաբերություններ, այն թանկ կնստի մեզ վրա: Առայժմ անմիջական մտահոգությունների խնդիր չկա, բայց պետք է հետևենք զարգացումներին»,- ասաց նա:

Մանոյանը, անդրադառնալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հարաբերություններին, ասաց, որ չնայած վերահիշյալ պետություններն ունեն հակառակ շահեր, բայց այսօր այդ շահերն ինչ-որ իմաստով համընկնում են՝ խոսքը վերաբերում է Սիրիային, Արևմուտքի հետ հարաբերություններին: Նրա խոսքով՝ պետք է այնպես անենք, որ հանկարծ չստացվի, որ մենք լինենք այդ հարաբերությունների համար ինչ-որ բան վճարողի դերում:

«Պետք է մշտական խորհրդակցություններ անցկացնենք Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի կոնկրետ իմանանք այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում ռուս-թուրքական հարաբերություններում: Մենք հանգստությունը մեծ առումով բխում է հենց այն հանգամանքից, որ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերը տարբեր են՝ ՌԴ-ն կողմ է Ասադին, Թուրքիան նրան չի ընդունում, բայց փաստ է, որ այս ամենն արվում է Սիրիայի ժողովրդի հաշվին, և ինչ-որ տեղ համադրվում են նրանց շահերը: Կարծում եմ՝ Թուրքիային և Ռուսաստանին Սիրիայի հարցում միացնողն ավելի շուտ Սիրիայում քրդական ԶՈՒ ազդեցության մեծացումն է և Ամերիկայի հետ համագործակցությունը, որին երկուսն էլ դեմ են»,-ասաց Մանոյանը՝ հավելելով, որ բացի այդ, կարծես թե նրանց միացնում է նաև Սիրիայի՝ տարածքային ամբողջականացման պահպանման հարցը, չնայած այստեղ դժվար է վստահել Թուրքիային: Մանոյանի գնահատմամբ՝ Սիրիայի հետ կապված մնացած բոլոր հարցերում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն:

Մանոյանի խոսքով՝ մեզ համար մտահոգիչ է խնդիրը, որ եթե Թուրքիան ռազմական գործողություններ ծավալի Ղամիշլիի շրջանում, որն այսօր գտնվում է հենց Թուրքիայի վերահսկողության տակ, կվտանգվի տեղի հայությունը, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում: «Թուրքիայի, որն արդեն մտել է Սիրիա, Սիրիայից դուրս գալու հարցը բավական խնդրահարույց է»,-ասաց Մանոյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե ասել է, որ շուտով նոր՝ հայ-թուրքական բանակցություններ են սկսվելու, այլ շեշտել էր, որ երբ կսկսվեն այդ բանակցությունները, նախկին արձանագրությունները չեն լինի. պարզաբանեց Կիրո Մանոյանը:

Նա նշեց նաև, որ եթե Թուրքիան ակնկալում էր, թե տարածաշրջանում ինչ-որ փոփոխություններ պիտի տեղի ունենան, ապա նոր պայմաններում նոր բանակցություններ պետք է լինեն, ինչի մասին էլ Մյունխենում ասել էր ՀՀ նախագահը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի վերաբերմունքին հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման հետ կապված, ապա, Մանոյանի խոսքով, Սփյուռքը դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

«Սփյուռքում կային նաև ուժեր, ովքեր Հայաստանի իշխանությունների մոտեցմանը կողմնակից էին, ուղղակի հարցն այն է, թե այդ հարաբերություններն ինչ գնով պետք է սկսվեին: Այնպես է, որ Հայաստանում էլ, Սփյուռքում էլ կային հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ընդդիմացողներ: Մեր մտահոգությունն այն չէ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ կսկսվեն, ընդհակառակը, մենք էլ, Սփյուռքն էլ ասում ենք, որ պետք է այդ հարաբերությունները սկսվեն՝ որպես Թուրքիայի պարտականություն: Նորից եմ ասում՝ խնդիրն այն է, թե ինչ գնով են այդ հարաբերությունները լինելու, և մենք՝ Դաշնակցությունը, այդ գնին էինք դեմ, քանի որ գտնում էինք, որ ինչ-որ բան ենք վճարում, որի համար պետք չէ վճարենք»,-ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է լինեն հարևանների միջև բնականոն ընթացք, այլ ոչ թե Հայաստանն ինչ-որ բան պետք է վճարի: Մանոյանի հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում նշել էր, որ Թուրքիայի հույսը եղել է, որ մենք ծնկի պիտի գանք, բայց մենք ծնկի չենք եկել:

Տպել Տպել