ՀՅԴ խնդիրը երկիրն օր առաջ այս օրակարգի վրա բերելն է

ՀՅԴ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ:

Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչև այժմ «Դաշնակցությունը» որոշում չի կայացրել, մինչդեռ 2007-ի ընտրություններին ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հստակ հայտնել էր:

Ըստ նրա` ի տարբերություն 2007թվականի, հիմա իրավիճակն այլ է, գնալով մեծացել է ժողովրդի անվստահությունը: «Աննախադեպ անվստահության մթնոլորտ է: Նման իրավիճակ երբեք չի եղել, երբ ժողովուրդն այսքան հիասթափված է եւ դեպրեսիայի մեջ է»,-նշել է Ռուստամյանը եւ ընդգծել, որ երեկ խորհրդաժողովի ժամանակ ձեւակերպել են, թե ինչ հարց են ուզում լուծել ընտրություններով:

Ինքնանպատակ առաջ ընկնելն ու թեկնածուի մասին հայտարարելը, ըստ նրա, իմաստ չունի, եթե լուծված չէ հիմնական խնդիրը, որ եթե չպետք է լուծվի, ապա հարց է առաջանում՝ իմաստ ունի՞ մասնակցել ընտրություններին:

Հարցին` եթե ԲՀԿ-ն ընդունի ՀՅԴ-ի բոլոր 7 կետերը եւ համաձայնի այս կետերի իրականացման ճանապարհային քարտեզին, ապա Ծառուկյանը կարո՞ղ է լինել ՀՅԴ-ի թեկնածուն, Ռուստամյանը պատասխանել է. «Ամբողջ խնդիրն հենց դա է, որ եթե այդ փուլերը անցնենք, կհամարենք, որ շատ մեծ հարց լուծեցինք: Պատկերացրեք, չորս-հինգ քաղաքական ուժ համաձայնում են, դրանից հետո որեւէ քաղաքական ուժ պարտավորված է շարունակել այս օրակարգով: Մենք չենք եկել` խաղեր խաղալու, սակարկելու, մենք եկել ենք համոզումով, որ այս օրակարգը այս երկրի համար ամենաճիշտ օրակարգն է»:

Այն դիտարկմանը, թե, մյուս կողմից էլ, ՀՅԴ-ն չի բացառում, որ եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանն էլ ընդունի ՀՅԴ 7 կետերը, ապա կարող են սատարել նաեւ նրան, Ռուստամյանն արձագանքել է, որ որեւէ անձի նկատմամբ թշնամանք չունեն. ՀՅԴ-ի առաջարկն անձնավորված չէ, ՀՅԴ-ի խնդիրը երկիրն օր առաջ այս օրակարգի վրա բերելն է:

Տպել Տպել